«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՀԱՅՈՑ ՆՎԻՐԱԿԱՆ ՏՈՆԸ ՆՇԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐՈՎ

Հայոց գրերի գյուտի 1600¬ամյակին ընդառաջ երեքշաբթի օրը Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի դահլիճում գիտաժողով էին հրավիրել «Հայ դպրություն» հասարակական կազմակերպությունը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, «Հայագիտության կաճառը» եւ Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրենությունը։ Գիտաժողովը բացեց բանաստեղծ, «Հայ դպրություն» ՀԿ նախագահ Լեւոն Միրիջանյանը։ Կարեւորելով տոնի նշանակությունը հայոց նորանկախ պետության կերտման ժամանակաշրջանում, նա ընդգծեց, որ նույն խորագրի տակ անցած տարի տեղի ունեցած անդրանիկ գիտաժողովը մեծ արձագանք է գտել հատկապես սփյուռքում։ Արծարծվող հարցերն իրենց այժմեականությամբ հուզում են մեր ժողովրդին, քանզի դրանք առնչվում են մեր բազմադարյան հարուստ քաղաքակրթությանը։

Գիտաժողովում լսվեցին հետեւյալ զեկուցումները. «Հայոց լեզվի վերլուծությունը» (զեկուցողՙ ԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունի), «Հովսեփ էմին» (զեկ.ՙ պրոֆ. Ջանի Միրզաբեկյան), «Ընծայված հոգիՙ նվիրական, բայց աննվաճ» (զեկ.ՙ բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյան), «Հայոց խորհրդանիշների համակարգը» (զեկ.ՙ Նուրիս Բեժանյան)։

Ակադեմիկոս Հերունու ելույթը ներկաների համար անսպասելի նորություն էր, քանի որ վերջինիս համոզմամբ « հայոց գիրը, որ կոչում ենք մաշտոցյան, գոյություն է ունեցել նրանից մի քանի հազար տարի առաջ»։ Նրա կարծիքով, դրանով բնավ չի նսեմանում Մաշտոցի դերը, որովհետեւ, ըստ էության, 100 տարվա ընդմիջումից հետո նա վերագտավ հայոց գիրը։ Մաշտոցը արտասահման մեկնեց ոչ թե գյուտ անելու, այլ հայերեն գիրք փնտրելու, որն էլ ի վերջո գտավ Սամոսատում։ Ահա այս նվիրական գործի համար էլ նա հիրավի արժանի է սուրբ կոչվելու։ Այնուհետեւ նա խոսեց իր վերլուծությունն ապացուցող գլխավոր կռվաններիՙ լեզվի մեջ պարունակող ինֆորմացիայի եւ Քարահունջի աստղադիտարանի մասին։ «Եկեք վերջ դնենք իրար խաբելուն։ Խորենացին ու Կորյունը հարկադրված էին դա քրիստոնեական կրոնի լույսի ներքո ներկայացնելու, քանի որ կային արգելքներ։ Իսկ այսօրվա գիտնականներն անարգել պայմաններում չեն հանդգնում հակառակ մի բան ասել»։ Ավելացնենք, որ Հերունին այս թեմայով երկրորդ անգամ է հանդես գալիս գիտնականների առջեւ, առաջինը եղել է Գլաձորի համալսարանում։ Նրա խոսքով, դեռ որեւէ հերքում չի հնչել։

Հաջորդ բանախոսն անդրադարձավ Հովսեփ էմինի գործունեությանը, մասնավորապես հայ ազգային-ազատագրական պայքարում նրա ունեցած դերին, որն ըստ արժանվույն չի ուսումնասիրվել հայագիտության բնագավառում։

Արեւմտահայ տաղանդավոր բանաստեղծ Վահան Թեքեյանի ստեղծագործության բնորոշ առանձնահատկությանն անդրադարձավ Սուրեն Դանիելյանըՙ նրան համարելով արեւմտահայ պոեզիայի այն երգիչը, որի գլխավոր թեման մշակութային Հայաստանն է։ Թեքեյանն էր, որ փորձեց պատասխանել, թե ինչ ճանապարհով պիտի զարգանա արեւմտահայ բանաստեղծությունը։

Հայոց խորհրդանիշների համակարգին նվիրված բանախոսությունը բավականին ուշագրավ էր, քանզի մեզանում այդ համակարգը տակավին ուսումնասիրված չէ, որով էլ պայմանավորված է դրա նկատմամբ եղած նկատելի հետաքրքրությունը։ Բանախոսը ներկայացրեց հայոց պետական, բարոյակերպարային, պատմաաշխարհագրական խորհրդանիշները, նշելով դրանցում առկա աղավաղումները, որոնք, իր համոզմամբ, պետական լեզվաքաղաքականության բացակայության արդյունք են։

Այս տարվա օգոստոսի կեսին նույն խորագրի տակ կանցկացվի եւս մեկ գիտաժողով, որի ընթացքում կքննարկվի միասնական ուղղագրության անցնելու խնդիրը։ Կմասնակցեն նաեւ սփյուռքի հայագետներ, որոնք միջազգային բարդ իրադրության պատճառով չկարողացան մասնակցել այս գիտաժողովին։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4