Ապրիլի 16-ըՙ ոստիկանության օր
ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 12-ի որոշմամբ, արդեն երկրորդ տարին ապրիլի 16-ը նշվում է որպես ոստիկանության օր։ Օրվա առիթով երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հրապարակում զորահանդես էր։ Ներկա էին հանրապետության նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, մեր երկրում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Ռոբերտ Քոչարյանը, շնորհավորելով համակարգի աշխատակիցներին ասաց նաեւ, որ այսօր Հայաստանն առանձնանում է հանցավորության համեմատաբար ցածր մակարդակովՙ իրողությունը դիտարկելով որպես ոստիկանների աշխատանքի արդյունք։ Երկրի նախագահը նշում է, որ վերջին շրջանում համակարգում բարեփոխումների ակտիվ գործընթաց է սկսվել։ Անցյալ տարին ոստիկանության համար նշանավորվեց ոստիկանական ծառայության մասին օրենքի ընդունմամբ, որը կոչված է բարձրացնելու ոստիկանի պաշտպանվածությունը, հստակեցնում է ծառայողական առաջխաղացման եւ կոչումների շնորհման հարցերը։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, համակարգում բարեփոխումները դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելուՙ ապահովելով ոստիկանի բարդ եւ վտանգավոր ծառայության արդյունավետությունը, բարձրացնելով ծառայողների մասնագիտական որակավորումը։
Երկրի նախագահի խոսքով, վերջին շրջանում կրքերի արհեստական բորբոքումը եւս մեկ անգամ ապացուցեց հանրային կարգի պահպանության կարեւորությունը. «Արկածախնդրությանը պետությունը պետք է արձագանքի վճռականությամբ եւ կազմակերպվածությամբ»։
«Քաղաքացու վստահությունն ու հարգանքը պետության նկատմամբ մեծապես պայմանավորված է պետական այն օղակների աշխատանքով, որոնց հետ նա անմիջական շփում ունի, հետեւաբար ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է դիտարկվի հենց այս կտրվածքով։ Դուք գործում եք պետության անունից», նշեց Ռոբերտ Քոչարյանըՙ շեշտելով ոստիկանի հեղինակության եւ նրա նկատմամբ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։
Իր ելույթում ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն անդրադարձավ անցյալ տարի իրականացված բարեփոխումներինՙ կարեւորելով ընդունված օրենքը. «Ոստիկանությունը գործում է նոր կարգավիճակով, սակայն առաջադրված խնդիրները չեն փոխվել, այլ դարձել են ավելի հստակ»։
Հայկ Հարությունյանը եւս կարեւորեց ոստիկանների եւ բնակչության միջեւ սերտ կապի կարեւորությունը. «Մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահությամբ եւ հարգանքով վերաբերվի ոստիկանի աշխատանքինՙ նրան ընկալելով որպես իր շահերի պաշտպանի»։
Ըստ ոստիկանապետի, նախագահական ընտրություններին ոստիկանությունը հիմնականում կարողացավ ապահովել հասարակական կարգը։ Նա համոզմունք հայտնեց, որ իրենց պարտականությունները կիրականացնեն նաեւ խորհրդարանական ընտրություններին։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնազոհության համար պարգեւատրվեցին մեդալներով եւ շքանշաններով։ Կապանի ՆԳ բաժնի պետավտոտեսուչ, միլիցիայի լեյտենանտ Անդրանիկ Հովհաննիսյանը եւ Կապանի ՆԳ բաժնի ավագ քննիչ, միլիցիայի մայոր Մարտուն Գրիգորյանը պետական պարգեւի արժանացան հետմահու։
Ոստիկանության պետի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին անվանական զենքով, պատվոգրերով, խրախուսական պարգեւներով։
Մ. Հ.