Հունաստանի Լուտրակի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Մայրցամաքի ուժեղագույն ծանրորդների մրցավեճը մեկ շաբաթ կլինի մարզաձեւի սիրահարների ուշադրության կենտրոնում։ Հայ մարզասերները եւս անհամբերությամբ են սպասում Լուտրակիից ստացվող լուրերին, քանի որ մեդալների համար մրցավեճին մասնակցում են նաեւ մեր հանրապետության 4 պատվիրակներըՙ Արմեն Ղազարյանը (62 կգ), Գեւորգ Ալեքսանյանը (77 կգ), Տիգրան Քամալյանը (85 կգ) ու գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը։
Տղամարդկանց մրցաշարում առաջինը մրցավեճի բռնվեցին մինչեւ 56 կգ քաշային ծանրորդները։ Չեմպիոնի կոչման համար հիմնական պայքարն ընթացավ բելառուսցի Վիտալի Դերբենյովի եւ ռումին Անդրիան Ժիգաուի միջեւ։ Պոկում վարժությունում լավագույնը Դերբենյովն էր (127,5 կգ)։ Ժիգաուն հակառակորդից հետ մնաց 7,5 կգ-ով։ Թեեւ հրում վարժությունում ռումինացին 2,5 կգ-ով գերազանցեց Դերբենյովին, սակայն երկամարտի գումարովՙ 275 կգ (127,5+147,5) չեմպիոնի տիտղոսը նվաճեց բելառուս ծանրորդը։ Անդրիան Ժիգաուն 270 կգ (120+150) արդյունքով արժանացավ արծաթե մեդալի, իսկ բրոնզը բաժին հասավ Կիպրոսի ներկայացուցիչ Նայդեն Ռուսեւինՙ 250 կգ (110+140)։ Հարկ է նշել, որ Դերբենյովի արդյունքը զգալիորեն զիջում է թուրք Խալիլ Մութլուի համաշխարհային ռեկորդները երկամարտում (305 կգ) եւ առանձին վարժություններումՙ 138,5 կգ եւ 168 կգ։
Կանանց մրցաշարում մինչեւ 48 կգ մարզուհիների մրցավեճի ելքը վճռեց Սվետլանա Ուլյանովայի անձնական քաշը։ Ռուս մարզուհին 140 գրամով ավելի թեթեւ էր ուկրաինուհի Ալյոնա Զինովեւայից, ուստի նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը։ Երկուսն էլ երկամարտում ցույց տվեցին միեւնույն 175 կգ արդյունք։ Բրոնզե մեդալին արժանացավ իսպանուհի Խեմա Պերիսըՙ 167,5 կգ (75+92,5)։
Մինչեւ 53 կգ ծանրորդուհիների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց սեւծովյան ավազանի երկրների ներկայացուցիչներին։ Լավագույն արդյունքի հասավ թուրք Նուրջան Թայլանըՙ 210 կգ (95+115)։ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներն են Իզաբելա Դրագնյովան (Բուլղարիա)ՙ 205 կգ (92,5+112,5) եւ ռումինուհի Մարիոարա Մունտյանունՙ 187,5 կգ (85+102,5)։