«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐ

Թբիլիսիում լույս տեսնող վրացերեն «24 սաաթի» (24 ժամ) թերթում, ս. թ. փետրվարի 8-ի եւ 24-ի համարներում լույս են տեսել հաղորդումներ հին քաղաքի մի նշանավոր հասարակական շենքի մասին («Կովկասյան օֆիցերական միության» կառուցած), որը խորհրդային տարիներին օգտագործվում էր որպես հանրախանութ։ Շենքը պետության կողմից պահպանման ենթակա քաղաքի հուշարձանների ցուցակում է։ Հաղորդման մեջ հարց է հարուցված խնամք ու հոգատարություն կազմակերպելու մասին։ Հիրավի հարցադրումը տեղին է։

Սակայն հաղորդման մեջ սպրդել է մի անճշտությունՙ ճարտարապետ Ալեքսանդր Ստանիսլավովիչ Ռոգինսկուն է վերագրվել շենքի նախագծի հեղինակությունը։ Ուստի, հարկ եմ համարում առարկելՙ դիմելով հավաստի փաստաթղթերի օգնությանը։

«Կովկասյան օֆիցերական միության» կառուցած այս նշանավոր շենքի նախագծի համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներն ամփոփված են 1910 թ., մեկըՙ «Տիֆլիսսկի լիստոկում», նույն բովանդակությամբՙ «Մշակում»։

Ստորեւ ներկայացնում եմ դրա պատճենը։

Ինչպես վկայվում է, մասնակիցներն ու մրցանակի արժանացածներն ուրիշ ճարտարապետներ են, իսկ Ալեքսանդր Ռոգինսկին ամենեւին չի հիշատակված։

Ինչո՞ւ եմ այս հոդվածը վերնագրել «Հերթական վթար», որովհետեւ մինչ այժմ առիթ եմ ունեցել անդրադառնալու վրացական տեղեկատվական մամուլում հրապարակված երկու անճշտությունների։ Դրանցից մեկը վերաբերում է Հարություն, Հարությունյան, Արութինով, Արութինաշվիլի անունները վրացական համարելուն, մյուսըՙ պատմական Հայաստանի Տայք նահանգի հայկական եկեղեցիները նույնպես վրացական համարելուն։

Պատմությունը խեղաթյուրելը դատապարտելի է, չի կարելի հանդուրժել, ուստի անհրաժեշտ է հիշեցնել վրացի լրագրողներին ներքոգրյալ ճշմարտությունը։

Հայտնի է Անդրկովկասի առեւտրաարդյունաբերական եւ մշակութային երկու նշանավոր կենտրոններիՙ Թիֆլիսի եւ Բաքվի, առաջինումՙ խիստ պակասած, երկրորդումՙ վերացած հայկական ստվար համայնքների ու նշանավոր հայ գործարարների (Մանթաշյանցի, Արամյանցի, Փիրոեւի եւ այլոց) ծանրակշիռ ներդրումն այդ քաղաքների զարգացման ու կառուցապատման գործում։ Իրենց անմոռանալի ներդրումներն են կատարել Թիֆլիսում եւ Բաքվում գործող հայազգի մեծատաղանդ ճարտարապետները։ Հիրավի զարդեր են համարվում ճարտարապետության մեծ վարպետ Գաբրիել Տեր-Միքելովի նախագծերով Թիֆլիսի Ռուսթավելու պողոտայում կառուցված «Մաժեստիկ» (այժմՙ «Թբիլիսի») հյուրանոցը, Բաքվումՙ հասարակական հավաքույթների ամառային ակումբի (այժմՙ Ազֆիլհարմոնիայի) հոյակապ համալիրը։

Այս շարքը կարելի է լրացնել, անդրադառնալով հիշյալ երկու քաղաքներում գործած ու բարի հիշատակներ թողած Ղազար Սարգսյանին, Քրիստափոր Տեր-Սարգսյանին, Նիկոլայ Բաեւին, Դավիթ Զիսլյանին, Հովհաննես Քաջազնունուն եւ այլոց գործունեությանը։ Դրանք փաստագրված են տողերիս հեղինակի «Հայկական ճարտարապետության պատմություն» ուսումնական ձեռնարկում (Երեւան, 1992) տպագրված «Անդրկովկասի քաղաքների հայ համայնքների շինարարական գործունեությունը» բաժնում, առավել ընդարձակ ու հանգամանալիցՙ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Էդմոնդ Արմենի Տիգրանյանի «Հայ ճարտարապետների գործունեությունն Անդրկովկասում» (Երեւան, 2000 թ.) շահեկան աշխատությունում։

Այդ «թիմի» անդամներից հետագայում Հայաստան տեղափոխվեցին Նիկոլայ Բաեւը (Երեւան), իսկ 1926 թ. տեղի երկրաշարժից ավերված Ալեքսանդրապոլի (Գյումրի) վերականգնման նախագծերը կազմելու համարՙ Ղազար Սարգսյանը, Դավիթ Զիսլյանը, Հովհաննես Քաջազնունին եւ այլք։

Ստորեւ կանդրադառնամ Ղազար Սարգսյանիՙ Թիֆլիսում իրականացրած ստեղծագործություններից միայն երկուսինՙ դիմելով հավաստի փաստաթղթերի։ Հայաստանի պատմության թանգարանին է հանձնված նրա «Զեկուցագրեր» կոչված փաստաթուղթը, որում արձանագրված են իր նախագծերով կառուցված բազմաթիվ շենքեր։ Դրանց թվին են պատկանում Զուբալովի անվան ժողովրդական (այժմՙ Մարջանիշվիլու անվան թատրոնի) եւ նախկին «Կովկասյան սպայական ընկերության» տները։

Պատահմամբ այդ երկու շենքերը կառուցված են նախկին Կիրոչնայա (այժմՙ Մարջանիշվիլի) փողոցումՙ դեմ հանդիման։ Թեեւ ոճական առանձնահատկություններով տարբեր են, սակայն երկուսի հեղինակը բազմաքանքար նույն ճարտարապետ Ղազար Սարգսյանն է։ Սա է իրողությունը։

Ահա թե ինչու իմ հայրական խորհուրդն է վրացի լրագրողներին։ Ներկա ժամանակներում, երբ խախտված է Անդրկովկասի երկու քրիստոնյա ժողովուրդների ավանդական բարեկամությունը եւ կարիք ունի էապես բարելավման, այդ կարգի անհարկի ելույթներով մի՛ արգելակեք։

Ճակատագրի բերումով հին թիֆլիսեցիՙ

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4