«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿԸՆԴԱՐՁԱԿՎԻ

Այս տարվա մարտի 11-ին ԼՂՀ կառավարությունը 2000 թ. դեկտեմբերի 26-իՙ «Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» իր իսկ որոշման համաձայն որոշում է ընդունել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի սահմաններում ներառված Ասկերանի շրջանի վարչական տարածքից Լեռնավան համայնքի եւ Աջափնյակ ու Կրկժան տեղամասերի հողօգտագործման սահմաններում ընդգրկված 1304.0 հա հողերը ընդգրկել բնակավայրերի հողերի կատեգորիայի մեջ եւ ԼՂՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածներով հիմնավորվածՙ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար դրանք տրամադրել Ստեփանակերտի քաղաքային համայնքին։

Որոշմամբ հանձնարարվել էր ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարությանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը մեկամսյա ժամկետում ապահովել Ասկերանի շրջանի վարչակազմի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջեւ սույն որոշմամբ հատկացված հողատարածքների հանձնում-ընդունումը, ինչպես նաեւ այս երկու վարչական միավորների միջեւ ձեւավորվող նոր սահմանների ճշգրտումն ու նկարագրությունը։ Միեւնույն ժամանակ, շահագրգիռ կառույցներին հանձնարարվել էր այդ աշխատանքների ավարտից հետո համապատասխան փոփոխություններ կատարել հողային հաշվեկշիռներում։

Ի կատարումն կառավարության վերոհիշյալ որոշման, Ստեփանակերտի քաղաքապետ Հ. Ավանեսյանը վերջերս որոշում է ստորագրել վերոհիշյալ տեղամասերի հողօգտագործման սահմաններում ընգրկված 1304.0 հա հողերն ընդունել Ստեփանակերտի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում։ Այդ նպատակով ստեղծվել է ընդունման հանձնաժողով, որը ղեկավարում է փոխքաղաքապետ Հ. Ղազարյանը։

Մեր տվյալներով, այդ հողամասերը նախատեսված են անհատական բնակարանների կառուցման համար, որոնք կտրամադրվեն բացառապես բնակհերթում հաշվառման կանգնած քաղաքացիներին։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4