Խորհրդարանը զարմացած եւ զայրացած է Պետդումայի ընդունած որոշումից
«Խելամիտ մարդիկ հասկանում են, որ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի անվտանգությանը։ Շատ ցավալի է եւ անհեթեթ ՌԴ Պետդումայի ընդունած հայտարարությունը», «Ազգի» հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի միջխորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գեորգի Բարամիձեն։
Երեկ ՌԴ Պետդուման 350 կողմ ձայնով ընդունել է հայտարարություն, որում դատապարտվում է Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության ոլորտում վերջերս ընդունված համաձայնագիրը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թբիլիսի-Վաշինգտոն համաձայնագիրը «լրջորեն խախտում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, վտանգում Ռուսաստանի անվտանգությունը», Պետդուման «Վրաստանի ղեկավարության գործողությունները որակում է բացառապես ոչ բարեկամական, անգամ թշնամական քայլ ընդդեմ Ռուսաստանի»։
«Ռուսաստանը հաճախ հայտարարում է, որ շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականությամբ։ ԱՄՆ-ը մեզ օգնում է, այդ օգնությունն ուղղված է մեր երկրի անվտանգության ապահովմանը եւ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Հուսով ենք, որ Կրեմլը համաձայն չէ ՌԴ Պետդումայի հայտարարությանը», ասաց Գ. Բարամիձեն։
«Ռուսաստանի քայլերը բացարձակապես անհամապատասխան են։ Փոխանակ ողջունելու պաշտպանության ոլորտում Թբիլիսի-Վաշինգտոն համաձայնագիրը, Ռուսաստանը շարունակում է գերի մնալ հին մտածելակերպին, չափանիշներին, երբ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին որակում էր թշնամի», «Ազգի» հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Բատիաշվիլին։
Թբիլիսին շարունակում է պահանջել Մոսկվայից ռազմակայանները դուրս բերել Ախալքալաքից եւ Բաթումից։ Մյուս կողմից, Թբիլիսի-Վաշինգտոն համաձայնագիրը թույլ է տալիս ԱՄն-ին Վրաստանի տարածքում ունենալ ռազմակայաններ։ Այն, ինչ կարելի է ԱՄՆ-ին, չի՞ կարելի Ռուսաստանին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի