Ավագ հինգշաբթին Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի եւ մատնության օրն է։ Այս օրը հայ եկեղեցին հիշատակում է վերջին ընթրիքըՙ հաղորդության խորհրդի հաստատումը եւ ոտնլվան։
Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երեկոյան Հիսուսն իր 12 աշակերտների հետ սեղան նստեց։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ իր աշակերտներին տալով ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց գինով բաժակը, գոհություն հայտնեց եւ տալով իր աշակերտներին, ասաց. «Խմեցեք, այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համարՙ իրենց մեղքերի թողության համար»։
Վերջին ընթրիքից հետո Հիսուսը սրբիչ վերցրեց եւ կոնքի մեջ ջուր լցնելով, լվաց իր աշակերտների ոտքերը։ Ոտնլվան Հիսուսի սիրո արտահայտությունն է աշակերտների հանդեպ։
Մեր եկեղեցում ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը, որը նույնությամբ կրկնում է ավետարանական դրվագը։ Արարողությունն ունի երկու կենտրոնական գաղափարՙ խոնարհություն եւ սեր։ Ոտնլվայից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որն օգտագործում են հիվանդությունների ժամանակ կամ խառնում տանն ունեցած յուղին։
Ժողովրդի մեջ ավագ հինգշաբթին համարվում է առատ, մաքուր եւ արդար։ Տղամարդիկ բերք չտվող ծառերին սպառնում էինՙ իբր պատրաստվում են դրանք կտրել, մինչեւ որ մեկը ծառի փոխարեն խոստանում էր, թե բերք կտա։ Ծառ էին տնկումՙ համոզված, որ այդ օրը տնկած ծառերը բերքառատ են լինում։ Կանայք էլ Մեծ պասի ժամանակ հավաքած կաթնեղենը սկսում էին հարել խնոցիով։ Հավատում էին, որ այդ օրվա խերն այնքան շատ է, որ ամբողջ տարին կաթնառատ կդարձնի։ Խնոցին հարելիս դրա վրա մի գեր երեխայի էին նստեցնում, որ նրա քաշով կարագ լինի, տակն էլ խաչերկաթ էին գցում, որ սատանային վախեցնեն։
Մուշում նորոգում էին թթխմորը, հաց թխում եւ երեսին կանեփ շաղ տալիս։ Այս հացը շատ էին թխում հատկապես ննջեցյալ ունեցողները։ Երեկոյան եկեղեցուց գնում էին գերեզմանոց եւ հացերն այստեղ բաժանում։
Հինգշաբթի առավոտյան աղջիկները գնում էին դաշտերըՙ կանաչեղեն հավաքելու։ Այդ օրը բոլորը պետք է կանաչեղեն ուտեին (հում եւ տապակած)։ Հում կանաչեղենից կարեւորագույնը դաղձն էր։ Հավաքում էին նաեւ նրանց համար, ովքեր դաշտ չէին գնացել։ Շատերը տապակած կանաչեղենը տանում էին եկեղեցի եւ բաժանում որպես մատաղ։ Ոմանք կանաչին հենց եկեղեցու բակում էին եփում։
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով ձու էին ներկում։ Ներկում էին միայն կարմիր գույնով։ Հավատում էին, որ հինգշաբթի օրը ներկած ձուն անցկացնում է ատամնացավը։
Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էին ունենում շեղումներ հասարակական նորմերից. երեկոյան պատարագի ժամանակ տղաները հանգցնում էին մոմերը եւ մթության մեջ, կատակների ու ծիծաղի տարափի տակ համբուրում աղջիկներին, կանանց փեշերն իրար կարում եւ այլն։
Ա.Ա.