«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ «ՉԴԱՏԵՑ», ԱՅԼՙ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵՑ

Սահմանադրական դատարանը վերջապես որոշում կայացրեց Ստեփան Դեմիրճյանի դիմումի կապակցությամբ։ Գործի քննության արդյունքում հրապարակված 6 կետից բաղկացած որոշումն ըստ էության, համոզիչ չէր։ Կարելի է ասել նաեւ, որ 6 կետերում տրամաբանությունն ակնհայտորեն այնքան էր քողարկված իրավաբանական եւ զուտ լեզվական ստորադասական ու համադասական նախադասությունների «խուճուճ» կառուցվածքում, որ գրեթե չէր երեւում։

Սահմանադրական դատարանը հենց ընտրական վեճերում պարտավոր է ստանձնել վերջակետ դնելու եւ վերջնական եզրակացություն հայտնելու պատասխանատվությունը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ սահմանադրությունն ամրագրում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն։

Իսկ իրականում ստացվեց, որ Սահմանադրական դատարանն է՛լ ավելի անորոշ դարձրեց ստեղծված վիճակըՙ վերամբարձ եւ բարձրահունչ արտահայտություններով ձեւակերպելով իր որոշումը։ Որոշման 5-րդ կետով նշվեց, որ Ռոբերտ Քոչարյանիՙ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը մնում է անփոփոխ։ Միեւնույն ժամանակ ՍԴ-ն իր որոշման 6-րդ կետը շարադրեց սարսափելիորեն երկարաշունչ նախադասությամբՙ նոր ընտրվող ԱԺ-ին եւ նախագահին առաջարկելով «որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»։

Ի՞նչ ասել է վստահության հանրաքվե, եւ համաձայն օրենսդրական ո՞ր դրույթի կարելի է անցկացնել նման հանրաքվե։ Փաստացի վստահության նման հանրաքվե կազմակերպելն ինքնին կնշանակի անվստահության մթնոլորտի հրահրում, անորոշությունՙ ոչինչ չթողնելով հաստատված ու որոշված սահմաններում։ Եթե սա կարող է լինել Սահմանադրական դատարանի վերանայման ոչ ենթակա որոշման հետեւանքը, ապա, թերեւս, սահմանադրական փոփոխությունների փաթեթում պետք է որոշ ավելացումներ կատարվեն։

Իսկ եթե, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ «խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոցը» հենց վստահության հանրաքվեն է, ապա արդյոք կարիք կա՞ որեւէ ընտրական վեճի կապակցությամբ դիմել բարձր դատարան։ Առավել եւս, երբ վերջինս կոնկրետ որոշում չի կայացնում։

Ընտրական վեճերի դեպքում խիստ գործնական ու տեսանելի ճանապարհով միշտ էլ կարելի է անցկացնել հանրաքվեներ, թեկուզՙ վստահության։ Նման դեպքում գոնե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պետք է պատասխանի կոնկրետ հարցի, թե այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք այդ հանրաքվեին նախորդած ողջ ընտրական «պատմությունը»։

Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանն, ըստ էության, չկատարեց իր «առաքելությունը»ՙ անորոշության մեջ թողնելով նախագահական ընտրությունների ու դրանց արդյունքների վավերականության հաստատումը։ Դատարանն իր որոշ ձեւակերպումներով, փաստորեն, «հաճոյացավ» հասարակության որոշ ներկայացուցիչներիՙ ակնհայտորեն գնահատական տալով երեւույթների, որոնք դեռ փաստվելու կարիք ունեն։

Այսպես թե այնպես, մեզ մնում է սպասել, թե երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ցանկություն կունենա պարզաբանելու, մեկնաբանելու, բացատրելու (ինչպես կուզեք) դատարանի այդքան անըմբռնելի որոշումը։

Այլապես կստացվի, որ նախագահական ընտրությունների մասին վեճերը կշարունակվեն դեռ շատ երկար։

Բայց, չէ՞ որ արդեն հոգնել ենք, պարզապես հոգնել ենք։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4