«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԼՑՐԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

ՍԴ որոշումից խորհրդարանում գլուխ չեն հանում

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Սահմանադրական դատարանի վճիռըՙ կապված նախագահական ընտրությունների վավերականության հետ, ոչ թե հարցին վերջնական լուծում տվեց, այլ նոր հարցադրումներ առաջացրեց, ընդ որումՙ չբավարարելով ոչ դիմող, ոչ էլ պատասխանող կողմերի պահանջները։ Կարելի է ասելՙ Սահմանադրական դատարանը վճիռ կայացրեց ավելի շատ իր հեղինակությունը փրկելու համար, թեեւ այս պայմաններում հազիվ թե դա նրան հաջողվեց։

Բնականաբար այդ որոշումից պետք է դժգոհ մնային երկու կողմերն էլ, քանի որ, ըստ էության, կարելի է խոսել շահարկումների նոր թեմաների մասին, որոնք ամենայն հավանականությամբ իրենց ողջ հմայքով կդրսեւորվեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։ Փաստորեն ՍԴ-ն իր լղոզված որոշմամբ հակասեց իր իսկ այն նպատակին, համաձայն որի «ընտրական վեճն ունի նաեւ անվստահության եւ անհանդուրժողականության վրա խարսխված խորը հասարակական, քաղաքական ենթատեքստ», եւ առաջարկում է վերացնել հիրավի ուրույն, աննախադեպ եղանակով, միանգամից հարվածում է եւ նալին, եւ մեխին։ Այսպես, ՍԴ-ն արձանագրում է, որ ընտրությունների ժամանակ «տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդական զարգացումներին, ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին։

Մյուս կողմից, «ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա քվեարկության ոչ հավաստի արդյունքների ազդեցությունը գնահատելու համար նման տեղամասերում առավել ձայներ ստացած թեկնածուի ձայների չափով կրճատել ընտրությունների արդյունքում թեկնածուներին տրված ձայների ընդհանուր տարբերությունը», ոչ հավաստի համարել թվով 40 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, միաժամանակ անփոփոխ թողնել ՀՀ ԿԸՀ 2003 թ. մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին (ըստ որոշման նախագահ էր ընտրված համարվել Ռ. Քոչարյանը)։

Ավելին, որոշման 6-րդ կետով Սահմանադրական դատարանն առաջարկում է գալիք ԱԺ-ին մեկ տարվա ընթացքում փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» օրենքում եւ ըստ այդ փոփոխությունների «նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»։ Ընդ որում, այս հանրաքվեի անհրաժեշտությունը ՍԴ-ն պայմանավորում է սահմանադրության երկրորդՙ փոփոխության ոչ ենթակա հոդվածով, իսկ դրանում ուղղակիորեն նշվում էՙ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՍԴ-ն կասկածներ ունի, թե Ռ. Քոչարյանը ուզուրպացրել, յուրացրել է իշխանությունը. որեւէ մեկը հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ այդ դեպքում ուղղակի անհասկանալի է դառնում, թե ինչու ՍԴ-ն անփոփոխ թողեց Ռ. Քոչարյանիՙ ՀՀ նախագահ ընտրվելու ԿԸՀ որոշումը։

Երկու բեւեռները ներկայացնող քաղաքական ուժերը մինչեւ հիմա չեն կարողանում գլուխ հանել ՍԴ որոշումից։ Ռ. Քոչարյանին սատարած ուժերը շեշտը դնում են որոշման 5-րդ կետի վրա, որով ՍԴ-ն փաստորեն ճանաչում է Քոչարյանի վերընտրությունը, այսինքնՙ հաստատում է վերջինիս լեգիտիմությունը։ Սակայն ե՛ւ հանրապետականները, ե՛ւ դաշնակցականները քաղաքական ենթատեքստ են տեսնում ՍԴ առաջարկ ներկայացնելու, առավել եւս այն սահմանադրության երկրորդ հոդվածի տրամաբանությանը ենթարկելու մեջ։ Սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, համարում է, որ ՍԴ-ն ճիշտ մոտեցում է որդեգրել այն մասով, որ ընտրակեղծիքների, խախտումների հեղինակների բացահայտման եւ պատասխանատվության ենթարկելու խնդիր է դնում երկրի դատախազության առջեւ։ Քանի որ դա դաս կլինի նրանց, ովքեր անհարկի միջամտություններով կեղտոտում են մաքուր հաղթանակը։ Իսկ ՀՀԿ-ն, ի դեմ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, կարծում է, որ թեեւ ընտրախախտումներ եղել են երկուստեք, դրանք ընտրությունների վերջնական արդյունքների վրա չեն ազդել։

Այս հանգամանքն անուղղակիորեն հաստատել է նաեւ Սահմանադրական դատարանը, քանի որ ոչ հավաստի համարելով 40 ընտրատարածքներում առավել ձայներ հավաքած թեկնածուիՙ Ռ. Քոչարյանի ստացած ձայները, այնուհանդերձ, անփոփոխ է թողնում ԿԸՀ վերջնական որոշումը։ Հենց դա էլ հիմք է հանդիսանում ընդդիմության համար հայտարարելու, որ ՍԴ-ն սխալ որոշում կայացրեց, վավերացրեց զանգվածային ընտրակեղծիքները եւ դրանց ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նույնիսկ զարմացավ, թե ինչու են Ռ. Քոչարյանին սատարող ուժերը նման բացասական կարծիք հայտնել, երբ ՍԴ-ն հաստատեց իրենց թեկնածուի ընտրված լինելը։ Սակայն նրանք եւս ոչինչ չէին հասկացել ՍԴ որոշումից, առավել եւս հանրաքվե անցկացնելու առաջարկից։ Ի դեպ, այն ուղղված էր հենց ընդդիմությանը, որը փաստորեն ընտրությունների արդյունքները վիճարկողն է, հետեւաբար տրամաբանությունը հուշում է, որ «վստահության հանրաքվեն» պետք է, որ ձեռնտու լիներ հենց իրեն։ Սակայն Գրիգոր Հարությունյանը կոնկրետ չասացՙ իրենք հաջորդ խորհրդարանում ընդգրկվելուց հետո կօգտվե՞ն այդ առաջարկից։ Բոլոր դեպքերում խմբի ղեկավարը հավաստիացնում է, որ իրենք պայքարը շարունակելու են ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական հարթություններում, օգտվելու են ամեն մի հնարավորությունից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4