«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշմամբ անփոփոխ մնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Ռոբերտ Քոչարյանիՙ ՀՀ նախագահ ընտրվելու մասին, ՀՀ դատախազությունը մի շարք տեղամասերում կատարված խախտումներն իրականացնողներին եւ պատասխանատուներին պարզելու համար կկազմակերպի քննություն։ ՍԴ-ն առաջարկեց նաեւ նոր ձեւավորվելիք խորհրդարանին 1 տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե։

ՍԴ կայացրած որոշման վերաբերյալ մասնագետ իրավաբանի տեսակետն իմանալու համար դիմեցինք ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանին։

Պրն Գեւորգյանը ՍԴ-ի որոշումը լիազորությունների գերազանցում է համարումՙ մատնանշելով որոշ դրույթներ։ Ցանկացած դատարան պետք է գործի կոնկրետ հայցի շրջանակներում, նրա գործողությունները վճռի կայացմամբ վերջանում են։ ՍԴ-ն, մի կողմիցՙ գործող նախագահի լեգիտիմության եւ տեղի ունեցած ընտրությունների արդար լինելու մասին որոշում է կայացնում, մյուս կողմից, վճիռը կարդալուց հետո, նախատեսում այլ գործողություններՙ դիմելով դատախազությանը եւ ԱԺ-ին։

ՍԴ-ն դատախազությանն է դիմում որոշ փաստեր քննության առնելու։ Հետաքրքրական է, ինչպե՞ս է ՍԴ-ն արձագանքելու դատախազության տրամադրած նոր նյութերին, եթե վճիռն արդեն կայացված է։ Վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկով ՍԴ-ն կասկածի տակ է դնում իր իսկ որոշումը եւ «ընտրությունների ընթացքում խորացած հասարակության դիմակայությունը հաղթահարելու» փոխարեն նոր կրքեր է բորբոքում։ Որպես խորհրդարանական դառնալ հավակնող քաղաքական ուժի ներկայացուցիչ Մեխակ Գեւորգյանը հանրաքվեի անցկացումը ողջամիտ չի համարում։ Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն տեղի ունենա եւ Քոչարյանը վերընտրվի նախագահ, ե՞րբ են սկսվում նրա լիազորություններըՙ ընտրությունների՞ց, թե՞ հանրաքվեից հետո։

Ասածը հիմնավորելու համար Մեխակ Գեւորգյանը մեջբերում է սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի որոշ հոդվածներ։

ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածն ասում է, որ պետական մարմիններն իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ։

ՀՀ սահմանադրության 100-րդ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 5-րդ հոդվածները սահմանում են Սահմանադրական դատարանի լիազորությունները։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 67-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ-ն որոշումներ եւ եզրակացություններ է ընդունում միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։

ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածը խոսում է այն մասին, որ իր որոշումները եւ եզրակացությունները ՍԴ-ն պետք է հիմնավորի սահմանադրության եւ ՍԴ-ի մասին օրենքի կոնկրետ հոդվածներով։

Մեխակ Գեւորգյանը դժվարանում է ասելՙ ի՞նչն է ազդել ՍԴ որոշման վրաՙ հաշվի առնելով, որ այնտեղ լուրջ եւ փորձառու իրավաբաններ են աշխատում։ Նա նաեւ համոզված է, որ ՍԴ որոշումներն իրավականից քաղաքական դաշտ են տեղափոխվել. արդյունքում կայացվել են կիսատ եւ ոչ իրավական որոշումներ։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4