ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ԼՂՀ հարցերով զեկուցող Թերրի Դեւիսն այսօր երկօրյա այցով ժամանեց Հայաստան։
«Արմենիա» միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ եվրախորհրդարանականները խիստ հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի չափազանց բարդ հիմնախնդրով, քանզի Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկու տարի է, ինչ անդամակցում են Եվրոպայի խորհրդին։ «Իմ նպատակը չէ փոխարինել ԵԱՀԿ-ին եւ Մինսկի խմբի համանախագահներին, այլՙ փորձել անել այն, ինչ հնարավոր է։ Ես կցանկանայի օգտակար լինել խնդրի կարգավորման գործում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ստանձնեմ ԵԽ ԽՎ-ի համար հակամարտության վերաբերյալ զեկույց պատրաստելու պատասխանատու հանձնարարությունը», նշեց Թ.Դեւիսը։
Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ այս զեկույցը չի հրապարակվի, քանի որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի են ունենալու համապետական նշանակության ընտրություններ։ Այցի փուլում եւս ԵԽ ԽՎ ներկայացուցիչը մտադիր չէ անել որեւէ հայտարարություն, քանի որ առայժմ իր խնդիրն է համարում կողմերին ունկնդրելն ու համակողմանի եւ լիարժեք տեղեկատվություն ձեռք բերելը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվու՞մ է ինքն արդյոք տարածաշրջանային այցի շրջանակներում լինել նաեւ Արցախում, նա նշեց, որ թեեւ այս անգամ չի ծրագրել այց ԼՂ, սակայն, լիահույս է, որ ամռանըՙ մինչեւ զեկույցն ավարտելը, հնարավորություն կունենա այցելել Ղարաբաղ եւ հանդիպել ղեկավարության հետ։ «Իմ գործընկեր Հովհ. Հովհաննիսյանն ինձ նախապես տեղյակ էր պահել, որ ես կարող եմ գնալ Ղարաբաղ։ Բաքվում եւս ասացին, որ Ղարաբաղ գնալը լավ միտք է», -նշեց Թ.Դեւիսը։ Միաժամանակ նա նկատեց, որ Երեւան կատարած իր այցի ընթացքում հանդիպում է ունենալու ԼՂ ներկայացուցիչների հետ։
Անդրադառնալով ԼՂ-ի բանակցությունների լիարժեք մաս կազմելու խնդրին, ԵԽ ԽՎ ներկայացուցիչը նշեց, որ այս հարցի պատասխանն ինքը դեռեւս չունի եւ պատրաստվում է այն լրջորեն քննարկել։
Պատասխանելով հակամարտության լուծման ժամկետներին վերաբերող հարցինՙ Թ.Դեւիսն ընդգծեց, որ ինքը միշտ ասել է, որ շատ լավ կլինի, եթե խնդիրը կարգավորվի հնարավորինս շուտ։ «Կարծում եմՙ Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի ժողովուրդների շահերից է բխում, որ այս խնդիրը լուծվի, քանզի դա ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Հիմնախնդիրներն ավելի հեշտ չեն դառնում այն բանից, երբ դրանք անտեսվում են», եզրափակեց նա։