Չէ՛, Ղարաբաղը չէր կարող ծախել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ գործակցելու մեղադրանքով ամբաստանյալների դատաքննությունը։ Նիստն սկսվեց Էդգար Ֆիլկովի անսպասելի հայտարարությամբ։ Նա միջնորդություն ներկայացրեց դատաքննությանը լրագրողների մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ, այն պատճառաբանությամբ, թե դեռեւս հարցաքննության չներկայացած իրենց մյուս մեղսակիցըՙ Արամ Ենգոյանը, մամուլի հրապարակումների միջոցով տեղեկանում է իրենց ցուցմունքների մանրամասներին։ Դատավոր Գայանե Կարախանյանը ներկա ընթացքի համար աննպատակահարմար համարեց միջնորդությունը, քանի որ ցանկության դեպքում վկաները ցուցմունքների բովանդակության մասին կարող էին տեղեկանալ բաց նիստի որեւէ մասնակցից, մանավանդ որ առ այսօր գաղտնի կամ գերգաղտնի որեւէ տեղեկություն չի հնչել։ Իբրեւ լրացում նշենք, որ մինչ այս նիստն էլ ամբաստանյալ 2 եղբայրներըՙ Էդգարը եւ Ալեքսանդրն այս կամ այն կերպ զգացնել էին տվել իրենց անբավականությունը լրագրողների ներկայությունից, եւ Էդգարի հայտարարությունն անսպասելի չէր։
Այս նիստի ընթացքում, ի վերջո, ավարտվեց Էդգար Ֆիլկովի հարցաքննությունը։ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ աշխատակցելու ժամանակաընթացքի վերաբերյալ պարզաբանումները կրկին հաստատեցին մեղադրյալներիՙ հատկապես ռազմական ոլորտի անձանց հետ ծանոթություններ հաստատելու նախասիրությունը։ Էդգարի ծանոթների թվում են եղել Աշոտ անունով զինկոմը, որն այժմ աշխատում է Երեւանում, Քրիստափոր Վարդանյանը, որը Էդգարին խոստացել է, թե «ես քեզ շատ պետք կգամ», Եղեգնաձորի զինմասի ոմն «պրոպորշչիկ»։ Էդգարի եւ նրա մոր միջեւ հեռախոսային խոսակցության գաղտնալսման հրապարակումը բացահայտեց մի նրբագիծ եւս։ Հայաստանում բավական լայն լրտեսական ցանց հյուսած Նինա Շիլինայի գործողությունները փաստորեն ընթացել են բավական բաց սցենարով։ Նույնիսկ Էդգարի մայրը տեղյակ է եղել դրանց եւ հեռախոսով հայտնել է որդուն, որ Թբիլիսի այցելությունից նրա քույրըՙ Իվետան գոհ է վերադարձել։
Հետաքրքրական էին ամբաստանյալ Արթուր Օգանեզովի ցուցմունքները։ Նկատենք, որ ամբաստանյալներից միայն նա եւ իր կինն են հայ, եւ եթե մյուսները գործել են ի վերջո փող աշխատելու գայթակղությանը տրվելով, ապա Արթուր Օգանեզովը (գոնե ըստ առայժմ ներկայացվող փաստարկների), լրտեսական ցանցի շոշափուկներում հայտնվել է ճակատագրական անփութության պատճառով։ Նա ինքը զինվորական է եղել, եւ նրա կենսագրության դրվագները խոստումնալից հեռանկար կարող էին նախանշել։ 1986 թ. ավարտել է Բաքվի բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, ինքը լավ դիպուկահար է եւ Ուզբեկստանի ուսումնական զորամասերից մեկում դիպուկահարներ է պատրաստել Աֆղանստանի կռիվներին մասնակցելու համար։ Աշխատել է նաեւ Չիտայում, Հայաստան է եկել 1993 թ., իր հավաստմամբՙ հայրենիքը պաշտպանելու եւ բանակի ստեղծմանը մասնակցելու։ Իբրեւ գումարտակի շտաբի պետ մասնակցել է Օմարի լեռնանցքի գրավմանը։
Աշխատել է նաեւ զինված ուժերի թիկունքի ծառայության օպերատիվ շտաբում, Մեղրու զորամասում, 2002 թ. եղել է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ավագ սպա։ Ընտանիքով ապրել է Քանաքեռումՙ վարձու բնակարանում։ Հենց այստեղ, նույն հարթակի վրա, նույնպես վարձով ապրել են Նինա Շիլինան, Էդգար Ֆիլկովը եւ Արամ Ենգոյանը։ Ինքը քաջ գիտեր, որ իր աշխատանքը պետական գաղտնիքներ կրող ինֆորմացիա է բովանդակում։ Այնուամենայնիվ, տուն է բերել ճակատագրական այն տետրը, որում եղել են զինված ուժերի զորամասերի, դրանց հրամանատարների, դիրքավորումների վերաբերյալ գրառումները։ Նինա Շիլինային դրանք հաջողվել է ձեռք գցել նրա կնոջ միջոցով։ Օրերից մի օր կինը խոստովանել է, որ տետրում գրառված տեղեկությունները հասցրել է «ինչ-որ մեկին», որն աշխատում է Ադրբեջանի համար։ Ամուսնուն ոչ մի կերպ չի հաջողվել պարզել, թե հատկապես ո՞ւմ է տրվել ինֆորմացիան։ Կնոջ եւ ամուսնու վեճ-երկխոսությունից ուշագրավ է հետեւյալ մանրամասնը։ Երբ Արթուր Օգանեզովը հարցրել էՙ «Ղարաբաղի մասին է՞լ ես հայտնել», կինը պատասխանել է. «Չէ, Ղարաբաղը չեմ ծախել»։ Տիկինն արմատներով ղարաբաղցի է։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ