«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


Ի ՀԵՃՈՒԿՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՎՅԱԼ ՄԱՍԻ

Ինչպես արդեն հաղորդել ենք, Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշը դժգոհությամբ էր արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ներկայությանը Եվրամիության ընդլայնման գագաթաժողովին, որի ընթացքում այլ երկրների թվում պաշտոնապես եւ գործնականապես Եվրամիությանն անդամ դարձավ նաեւ Կիպրոսըՙ առանց իր տարածքի 40 տոկոսի, որը 1974-ից գրավել են Թուրքիայի զինված ուժերը։

Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը տեղեկացնում է, որ կղզու նորընտիր նախագահ Թասոս Պապադոպուլոսի անդամակցության պայմանագրի ստորագրությունը «պատմական արարողություն» է բնութագրվել։ Դրան մասնակցել են կղզու նախկին նախագահներ Գլաֆկոս Քլերիդեսն ու Ջորջ Վասիլիուն, որի պաշտոնավարության ժամանակ (1990) Կիպրոսը դիմել է այդ ժամանակվա Եվրահամայնքին անդամակցության խնդրանքով։

Կիպրոսում այդ արարողությունը ողջունել են ազգային պահակազորի արձակած 21 հրացանային զարկերով։ Մայրաքաղաքի եւ գլխավոր քաղաքների փողոցներն ու կառավարական շենքերը զարդարվել են Եվրամիության դրոշակներով։ Հարավային առափնյա Լիմասոլ քաղաքում 2300 տարի առաջ խորտակված «Կիրենյա լիբերտի» նավի կրկնօրինակը 1-ժամյա խորհրդանշական ճանապարհորդություն է կատարել Եվրամիության դրոշը պարզած եւ մեծ թվով անդամ երկրների դեսպանների ներկայությամբ։

Այսպիսով, միջազգային հանրության կողմից ճանաչված Կիպրոսի Հանրապետությունը եվրոպական մեծ ընտանիքի լիիրավ անդամ դարձավ 82 տարի բրիտանական գաղութային լծի տակ մնալուց եւ 42 տարի որպես անկախ պետություն գոյություն ունենալուց հետո։ Տուժող կողմը եղավ կղզու թուրքական հատվածը, որի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշն անհողդողդ մնաց եւ համագործակցության ոգի չցուցաբերեց։ Թուրքիան, մյուս կողմից, դիվանագիտական քայլով իր արտգործնախարարին էր ուղարկելՙ այն էլ այնպես դասավորելով, որ նա տեղ հասնի ստորագրումից հետո։ Իր մեկնումից առաջ թուրքական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ իր մեկնումը չպետք է ներկայացվի որպես այդ երկրի «ճանաչում»։ Հավանաբար այդ պատճառով էլ Թուրքիան Էրդողանին չէր ուղարկել մասնակցելու արարողությանըՙ վախենալով, որ նրա ներկայությունը կդիտվի որպես առանց թուրքական մասի Կիպրոսի Հանրապետության ճանաչում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4