«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան»-ի շուրջ «Դարի նախագծի» շինարարության համար փող չկա
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
«Բրիթիշ փեթրոլեումը» (ԲՓ) շահագրգռված է «Բաքու¬Թբիլիսի¬Ջեյհան»¬ի (ԲԹՋ) ձախողումով, եւ հենց նավթային հսկան է ֆինանսավորում մի քանի տասնյակ բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ակցիաներն ընդդեմ խողովակաշարի կառուցման։
Վրացական մամուլում հայտնվող նմանօրինակ պնդումները, որքան էլ վկայակոչվեն «վստահություն ներշնչող աղբյուրներ», թվում են անհավանական, քանի որ հենց ԲՓ¬ն է ԲԹՋ նավթատարի օպերատորը եւ 30 տոկոս բաժնեմասերի տերը։
Ակնհայտ է, որ ԲԹՋ¬ի շինարարության հետ կապված լուրջ ֆինանսական, քաղաքական եւ բնապահպանական չլուծված հարցեր կան, իսկ շինարարության հետաձգումը (անորոշ ժամանակով) իրաքյան պատերազմով պայմանավորելն ուղղակի առիթ է։
2003 թ. փետրվարի 13-ին Թբիլիսիում, նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ բանակցությունների ավարտին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի նավթի եւ գազի դեպարտամենտի տնօրեն Ռաշադ Կալդանը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) բիզնես խմբի ղեկավար Պիտեր Ռեյնբերը հայտարարեցին, որ ՎԶԵԲ¬ի տնօրենների խորհրդին կներկայացնեն իրենց հետեւությունները, որից հետո միայն կորոշվի ԲԹՋ նավթատարի հետագա ֆինանսավորումը։
1740 կմ երկարությամբ խողովակաշարի շինարարության արժեքը գնահատվել է 2,95 մլրդ ԱՄՆ դոլար, որից միայն 30 տոկոսն է պատրաստ ֆինանսավորել ԲՓ¬ն։ ՎԶԵԲ-ը 300 մլն դոլարի խոստում է տվել. բանկը գումարը տրամադրելու որոշում կայացնելու է մայիսի սկզբին։ Եթե ՎԶԵԲ-ը եւ ԲՓ¬ն միասին հատկացնում են 1 մլրդ դոլարը, ապա, միեւնույն է, անորոշ է մնում խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ եւս 2 մլրդ դոլարի ֆինանսավորման խնդիրը։
Վրաստանի կանաչների միության ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն դեռ հունվարին հայտարարեց, որ իր ձեռքի տակ է Համաշխարհային բանկի (ՀԲ) մի փաստաթուղթ, ըստ որի ՀԲ¬ն մեկ տարով հետաձգում է ԲԹՋ¬ի շինարարության համար խոստացած գումարը։
Վերջին օրերին խնդիրներ են ծագել Թուրքիայում, որի տարածքով պետք է անցնի 1740 կմ երկարությամբ խողովակաշարի 1060 կմ¬ը։ Պաշտոնական Անկարան մեղադրվում է ԲԹՋ¬ի աշխատանքների սկիզբը առնվազն երեք ամսով հետաձգելու մեջ, գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը։
Մինչ այդ խողովակաշարի աշխատանքները ձգձգելու մեջ մեղադրվում էր պաշտոնական Թբիլիսին։ ԲԹՋ¬ն Բորժոմի շրջանով անցկացնելուն կտրականապես ընդդիմանում էին (են) մի շարք ազդեցիկ քաղաքական կուսակցություններ, բնապահպանական հարցերով զբաղվող կազմակերպություններ, պատճառաբանելով, թե վտանգվում են հանքային աղբյուրները, այս շրջանի յուրահատուկ բնաշխարհը։
Ամենաուշը 2003 թ. ապրիլի առաջին տասնօրյակում նախատեսված էր յոթ կետերում միաժամանակ սկսել ԲԹՋ¬ի շինարարությունը։ Վրաստանի տարածքում շինարարությունն սկսվելու էր Ծալկայի շրջանի Ծինծղարո ավանում։
Իրաքում Ամերիկայի ագրեսիայի օրըՙ մարտի 19-ին, Վրաստանի միջազգային նավթային կորպորացիայի նախագահ Գեորգի Ճանտուրիան հայտարարեց, որ պատերազմի պատճառով ԲԹՋ¬ի շինարարությունն անորոշ ժամանակով հետաձգվում է։
Թե ինչպիսի՞ն է Իրաքում ամերիկյան ագրեսիայի ուղղակի կապը ԲԹՋ նավթատարի շինարարության հետաձգման հետ, ցույց կտա ժամանակը։ Ենթադրվում է, որ Իրաքի նավթային հսկայական պաշարներին տիրանալուց հետո ԱՄՆ¬ը եւ Մեծ Բրիտանիան որոշակիորեն կկորցնեն հետաքրքրությունը կասպյան էներգակիրների արդյունահանման եւ դրանք միջազգային շուկաներ առաքելու հանդեպ։ Հետեւաբար, երկրորդական պլան է մղվում ԲԹՋ նավթատարի շինարարությունը։
Արդեն մեկ ամիս վրացական պաշտոնական մամուլը չի անդրադառնում ԲԹՋ¬ին, վրացի պաշտոնատարները խուսափում են նավթատարի ապագայի մասին հայտարարություններից։