«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑՈՒՄ

«Հայհամակարգիչ կենտրոնն» առաջարկում է տեղեկատվական հեղափոխության ծրագիր

Հայաստանը դուրս է մնացել IBM ընկերության եւ The Economist հանդեսի 2002 թ. անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում նշված այն 60 երկրների ցանկից, որոնք ունեն էլեկտրոնային ծառայությունների հագեցվածության եւ ինտերնետի զարգացման առավել բարձր ցուցանիշներ։ Այդ ցանկում ընդգրկված են անգամ Ադրբեջանը եւ Ղազախստանը։

Նման վիճակի պատճառը «Հայհամակարգիչ կենտրոնի» տնօրեն Վահրամ Մխիթարյանը համարում է այն քաղաքականությունը, որն այս ոլորտում տարվել է մինչ այժմ։ Ըստ նրա, Հայաստանում կան բոլոր նախադրյալներն այս ոլորտի զարգացման եւ տեղեկատվական հասարակություն ստեղծելու համար։ Սակայն արհեստականորեն դա թույլ չի տրվել։

«Արմենտելին» տրված լիցենզիայում տվյալների փոխանակման ցանցերի ստեղծման կամ ինտերնետ ծառայությունների մատուցման մասին որեւէ սահմանում գոյություն չունի։ Հետեւաբար, Վահրամ Մխիթարյանի հավաստմամբ, դրանց ստեղծման եւ զարգացման համար սահմանափակում նույնպես չկա։ Այն արհեստական արգելքները, որ մինչեւ հիմա հարուցվել են այս ոլորտում, պետությունն ընթացիկ տարվա հունվարից ջանքեր է գործադրում վերացնելու համար։ «Հայհամակարգիչ կենտրոնի» տնօրենը հուսով է, որ արդեն «Լիցենզավորման մասին» օրենքում ընդունված փոփոխություններն այդ հնարավորություններն ընձեռում են, եւ անհրաժեշտ է միայն երկրի նախագահի ու կառավարության քաղաքական կամքը, այսպես կոչված տեղեկատվական հեղափոխության իրականացման համար։ Ի՞նչ է դա նշանակում եւ ի՞նչ ծրագրային առաջարկներ է ներկայացնում այս ուղղությամբ «Հայհամակարգիչ կենտրոնը»։

«Էլեկտրոնային Հայաստան-2003» կոչվող առաջարկությունների փաթեթն արդեն մշակվել եւ ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդինՙ հետագայում լրամշակվելու եւ Հայաստանի հեռահաղորդակցության զարգացման ծրագրերում ներառելու նպատակով։ Այստեղ մասնավորապես առաջարկվում է ստեղծել հեռահաղորդման ցանցՙ 1-10 ԳԲիթ/վրկ արագագործ ծառայություններով, որոնք կապահովեն հեռահաղորդակցության բոլոր ծառայությունների համասեռ բաշխումը Հայաստանի ամբողջ տարածքում։ Այդ ցանցը պետք է լինի այն հիմնաքարը, որի վրա կզարգանան մյուս էլեկտրոնային ծառայություններն ու ենթակառուցվածքները։ Մինչդեռ ներկայումս Հայաստանը նման ցանց չունի եւ, ըստ Վահրամ Մխիթարյանի, այդ առումով մենք ողորմելի վիճակում ենք։ Եթե 90-ական թթ.-ներին Հայաստանը մեկ շնչին ընկնող էլեկտրոնային ծառայությունների մակարդակով Ռուսաստանից եւ Ուկրաինայից առաջ էր, ապա այժմ «նույնիսկ տարածաշրջանում գոյություն չունենք»։

Այն, ինչ մատուցվում է «Արմենտելի» կողմից, նախատեսված է հեռախոսային ծառայությունների կազմակերպման համար։ Դա չի կարող տվյալների փոխանակման ցանց համարվել։ Ներկայումս, «Հայհամակարգիչ կենտրոնի» տնօրենի հավաստմամբ, նման ցանցի համար ոչ ոք աշխարհում պղնձալար չի օգտագործումՙ միայն օպտիկական լար։ Այդ պատճառով էլ այդ ցանցը չի կարող համակցվել մյուս երկրների ցանցերին։ «Արմենտելի» տեխնոլոգիաները հին են։ «Ժամանակին ասում էինք, որ եթե «Արմենտելը» չներդնի նոր տեխնոլոգիաներ, ապա Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական թափոնի երկրի, ինչն այսօր տեղի է ունենում», նշում է Վահրամ Մխիթարյանը եւ շարունակում, որ եթե այդ ցանցն այսօր տրամադրվում էլ է տվյալների փոխանակման համար, ապա բազմապատիկ թանկ է գներով եւ անիմաստ կազմակերպչական սխեմաներով։

Հաջորդ թերությունն այն է, որ «Արմենտելի» առաջարկած ցանցի բնույթը միայն երկու կետերը միմյանց միացնելն է։ Մինչդեռ ամբողջ աշխարհում մի կետից միանալով մյուս կետին հայտնվում ես ցանցում։ Միջազգային ցանցում (ինտերնետում) մենք կարող ենք լինել այս կամ այն երկրի ցանցի բաժանորդ միայն, բայց չենք կարող համակցվել թեկուզ Վրաստանի ցանցին, որովհետեւ դրա համարժեքը չունենք։ Բնական է, որ «Արմենտելին» այս ոլորտի զարգացումները չեն հետաքրքրում, եւ նրա խնդիրը միայն մենաշնորհի հնարավորությունն օգտագործելով շահույթ ստանալն է։ Անգամ կաբելային հեռուստատեսություն Հայաստանում չկա, ինչն անհասկանալի է արտերկրում։

Ներկայումս աշխարհում հեռահաղորդակցման բոլոր ծառայությունները տեղափոխվում են օպտիկական ցանց։ Հեռուստատեսությունը, ռադիոն, հեռախոսային կապը կատարվում են միջազգային ցանցով։ Նույնՙ ձայնի փոխանցման արժեքն այստեղ հարյուր անգամ էժան է, քան սովորական հեռախոսակապի դեպքում։ Սա է պատճառը, որ հեռախոսային ընկերություններն աշխարհում, իսկ «Արմենտելը» Հայաստանում կատաղի պայքար են մղում այս տեղեկատվական հեղափոխության դեմ։

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում օպտիկական ցանցի ստեղծման համար սկզբնական շրջանում, Վահրամ Մխիթարյանի կարծիքով, անհրաժեշտ կլինի ներդնել 50-100 մլն դոլար, ինչը միայն բաժանորդավճարների շնորհիվ, եթե դրանք կազմեն յուրաքանչյուր բաժանորդի համար 1-10 դոլար, հետ կգա 5-7 տարում։ Անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել 100 հազար կմ գծամետրով մալուխ, մինչդեռ «Արմենտելի» անցկացրած միակ օպտիկական մալուխի երկարությունը 1000 կմ է։ Համաձայն «Էլեկտրոնային Հայաստան-2003» ծրագրի, զուգահեռաբար պետք է գործեն օպտիկական, ռադիոռելեային գծերն ու արբանյակային կապը, որպեսզի դրանցից մեկն ու մեկի խափանումը մինչեւ վերականգնելը բաժանորդը չզգա։ Այսինքն, այլընտրանք պետք է լինի։ Արբանյակային կապի ստեղծման համար ծրագրով նախատեսվում է 5 արբանյակների տեղադրում Աշտարակում, Վանաձորում, Գորիսում, Մարտունիում եւ Շուշիում։

Հիմնականՙ «Ի՞նչ պետք է անեն իշխանությունները» հարցին «Հայհամակարգիչ կենտրոնի» տնօրենը պատասխանեց, որ նախ եւ առաջ քաղաքական կամք ցուցաբերեն, ապա իրականացնեն կազմակերպչական բնույթի քայլեր, որոնք առաջարկվել են իր կողմից։ Այն էՙ ստեղծել աշխատանքային խումբ, որը կլրամշակի այս փաստաթուղթը եւ կուղարկի բոլոր այն կառույցներին, որոնք մասնակցություն պետք է ունենան ծրագրին։ Նպատակըՙ որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր անելիքը։ Երկրորդ քայլը զարգացման պլանի ստեղծումն է եւ ներդրումային ռեսուրսների հստակեցումը։ Այս քայլերը նախատեսվում են ավարտել այս տարի, ապա սկսվելու է Հայաստանի օպտիկական համակարգիՙ Arm OS-ի, որից հետո դրա տեղային եւ առանձնացված ցանցերի ստեղծումը։ Վերջին քայլը համակարգում հեռահաղորդակցության ծառայությունների գործարկմանը ձեռնամուխ լինելն է, ինչն էլ փաստորեն կնշանակի տեղեկատվական հեղափոխություն նաեւ մեր երկրում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4