«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

2002 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, որը երեկ հաստատել էր կառավարությունը, ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Նա վերստին կրկնեց 12,9 տոկոս տնտեսական աճի, բյուջեի եկամուտների 2,7 տոկոսով գերակատարման եւ այլ ցուցանիշները։ Նշվեց նաեւ, որ երկրի առեւտրային բացասական հաշվեկշիռը 483 մլն դոլար է կազմել, պետբյուջեի դեֆիցիտըՙ 2,6 տոկոս, եկամուտներըՙ 228 մլրդ դրամ, ծախսերըՙ 264 մլրդ դրամ։ Ընդ որում, ծախսերը նախորդ տարվա համեմատ պակաս են եղել 0,1 տոկոսով։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ոչ թե ֆինանսավորումն է թերակատարվել, այլ որոշ ծրագրերի կատարումը։

Հաջորդ ելույթ ունեցողը տարածքային կառավարման փոխնախարար Կամո Արեյանն էր։ Նա տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է 17,9 մլն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 4, Տավուշի մարզի 6 եւ Սյունիքի մարզի 7 համայնքներին։ Այս համայնքների բնակիչներից շատերը հնարավորություն չունեն 1994 թ.-ից ի վեր մշակելու իրենց հողատարածությունները, քանի որ դրանք տուժել են մարտական գործողություններից կամ ականապատված են։ Դրա հետեւանքով այդ գյուղացիները չեն վճարում նաեւ հողի հարկը, եւ համայնքների բյուջեները վնասներ են կրում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի 5 մարզերի (նաեւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերը) 49 համայնքներում նույն պատճառով անօգտագործելի են 31 հազար հա հողատարածքներ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ երեկ նախատեսվել է օգնություն ցուցաբերել 1997 թ. հուլիսին Նոյեմբերյանի երկրաշարժից առավել տուժած ընտանիքներին։ Նոյեմբերյան, Բերդավան, Կողբ, Դովեղ բնակավայրերի 30 ընտանիքների, որոնց տներն ավերվել են, կհատկացվի գումարՙ յուրաքանչյուրին 1 տան միջին շուկայական արժեքի չափով։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4