Ապրիլի 16-ից Սյունիքի ողջ տարածքում, առանձնապես բարձրադիր տարածքներում առատ ձյուն էր տեղում (տեղումների քանակը 8¬13 սմ է)։ Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը, այս ձյունն արդեն իսկ 50¬60 տոկոսով վտանգեց մարզի պտղատու ծառերից ակնկալվող բերքը։ Նախորդ ցրտահարությունից, ձնհալից ու հեղեղներից մարզի աշնանացանի ցանքատարածություններին հասցվել էր 59 մլն դրամի վնաս, ցրտահարվել էին հովտային շրջանների պտղատու ծառերը։ Այս ձյունը «պակասը» կլրացնի առանձնապես Սիսիանի եւ Գորիսի գոգավորություններում, աշնանացանի ցանքատարածություններում կկուտակվի ձնհալը։ Բանջարաբոստանային մշակաբույսերը հավանաբար չեն տուժի. տարին ուշացած է։ Առայժմ խիստ որոշակի թվեր չենք կարող հրապարակել, քանի որ տեղումները շարունակվում են, բայց որ Սյունիքի գյուղատնտեսությունը շարունակաբար տուժում է, փաստ է։
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս