«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ

Ավագ ուրբաթը եկեղեցական տարվա ծանրագույն եւ սրբազնագույն օրն է, երբ կատարվում է Աստծո որդու արյունոտ ողջակեզը։ Եկեղեցին հիշատակում է Հիսուս Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Զատկական ընթրիքից հետո Գեթսեմանի այգում Հուդայի առաջնորդությամբ հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին։ Այս պահից սկսվում էին Հիսուսի չարչարանքները, որոնց հիշատակությունները եկեղեցին սրբագործել է պատշաճ արարողակարգով։ Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը կենտրոնացած է խաչելության պատմության վրա։

Ըստ եկեղեցական տոնացույցի, ուրբաթը Քրիստոսի խաչվելու օրն է, ուստի սգի օր էր։ Ժողովրդի մեջ ուրբաթն ավելի հայտնի է Հուդայի (Հուդի) ուրբաթ անունով։

Վաղ առավոտյան հայ դարբիններն անխոս գնում էին դարբնոց եւ երեք կամ յոթ անգամ մուրճով հարվածում զնդանին։ Վաղնջական ժամանակներից եկող այդ սովորույթը բացատրվում է իբր շղթայված Արտավազդի շղթաներն ամեն տարի ամրացնելու միտումով։ Դարբիններն ու ոսկերիչներն այդ օրը նաեւ մեծ քանակությամբ չարարգել նշաններ էին պատրաստում, որոնք հայտնի էին «ուրբաթաթուր» անունով։ Դրանք մեծ մասամբ երկաթե փոքրիկ օղեր, մատանիներ էին, որ մայրերը գնում էինՙ իրենց զավակներին չար աչքից զերծ պահելու համար եւ կարմիր, կանաչ թելերով կարում նրանց հագուստին կամ հագցնում մատին։ Շատ տեղերում ուրբաթաթուրներ պատրաստելու ընթացքը խիստ խորհրդավոր էր։ Օրինակ, Ջավախքում դարբիններն ապարանջաններ, մատանիներ էին պատրաստում գիշերը, «մի ոտի վրա կանգնած, բոլորովին լուռ, յոթ ամրոցի դռներից հավաքած երկաթից»։ Մյուս օրը եկեղեցու դռանը կանգնած անխոս վաճառում էին։ Տղամարդիկ թեկուզ մի քանի ակոս վար պիտի անեին։ Ըստ ժողովրդական պատկերացումների, կար եւ վար անելը մի նպատակ ուներՙ «ցավ պատճառել Քրիստոսին դավաճանած Հուդային»։ Նույն նպատակով Մուշում հոտաղները սուր փայտերով փորփրում էին գետինըՙ «Հուդայի աչքերը հանելու համար»։ Ձու էին ներկում, որպեսզի չար աչքը «տրաքի»։

Ուրբաթ օրը սննդի մեջ շատ էին օգտագործում կծու եւ թթու։ Օրինակ, մարաշցիները քացախով համեմված ոսպապուր էին ուտում։ Լոռիում եղինջ էին եփում, որպեսզի «դրա ծակող զորությունը ոչնչանա, որովհետեւ Քրիստոսին բանջարով են ծեծել»։ Մուշում կաղամբի թթու էին եփում, որ կոչվում էր «օձի թթու»։ Նաեւ տան անդամների թվով բաղարջ էին թխում, ոմանքՙ նաեւ ննջեցյալների անունով, եւ բաժանում հարեւաններին ու աղքատներին։

Որոշ վայրերում այս ուրբաթը մեռելոց էր համարվում, այցելում էին գերեզմաններ։ Այդպես էր հատկապես Վասպուրականում։ Այստեղ ընդունված չէր հեռու տեղերում մահացած իրենց բարեկամների թաղումներին անպայման ներկա լինելու սովորությունը։ Դրան փոխարինում էր «ուրբաթ» գնալու պարտավորությունը, որը տարածվում էր Սբ. Խաչի տոնից հետո մահացած մարդկանց հարազատների վրա։ Ինչ չէր կարելի անելՙ «Ծունր չդնել, որովհետեւ Քրիստոսը խաչին է, չխաչակնքել, որովհետեւ Քրիստոսը խաչված է, դրամ փոխ չտալ եւ չառնել, որովհետեւ Քրիստոսը դրամի համար է մատնված», «մուրճ չբարձրացնել, որովհետեւ մուրճով են բեւեռել տիրոջը, փայտ չտաշել, որովհետեւ Քրիստոսի խաչափայտը տաշել են»։

Ուրբաթ գիշերը եկեղեցում էին անցկացնում, սգո մթնոլորտում։ Սակայն այդ գիշերը վերջակետ էր դնում Մեծ պասի պարտադրած կենցաղային ու հոգեկան ինքնազսպման շղթային եւ ազդարարում էր ուրախությամբ եւ աշխատանքով կյանքի սկիզբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4