Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը։ Մինչ այդ նա արդեն հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության եւ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ ԼՂՀ ներկայացուցիչների հետ։ Որքան էլ լրագրողները փորձում էին հանդիպումներից կարծիքներ իմանալ, չստացվեց։
Ինչո՞վ կարող է նրա զեկույցը նպաստել հակամարտության լուծմանըՙ պրն Դեւիսը պատասխանեց. «Առնվազն զեկույցը կարող է բարձրացնել խնդրի տեսանելիությունը հասարակության համար», եւ ավելացրեց, որ զեկույցը կօգնի բոլորին նոր թափ, եռանդ հաղորդելու, նաեւ խնդրի նշանակությունը հրատապ պահելու թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանում։ Խնդիրը մնալով չլուծվածՙ արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը, ասաց նա։ Իսկ փախստականների վիճակը երկու երկրներում էլ լուրջ է, եւ դա մտահոգում էր հյուրին։ Նա այս այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղ չայցելելու փաստը բացատրեց նրանով, որ մինչեւ այժմ ԼՂ-ն միջազգային ճանաչում չի ստացել, եւ իր այցը կարող էր թյուր ընկալվել եւ կդժվարացներ զեկույցի կազմումը։
Այն հարցին, թե հնարավո՞ր է նոր պատերազմ, պրն Դեւիսը պատասխանեց, որ ինքը բացարձակապես դեմ է լուծման ուժային տարբերակին։ Նա նշեց, որ Եվրախորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ խոստում տվեցին խնդրի լուծման ճանապարհները գտնել խաղաղ միջոցներով։ «Եթե այդ խոստումները չլինեին, ապա Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհուրդ չէին ընդունվի», ասաց նա։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ