Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը հրատարակում է «CAP» պարբերաթերթը, որի անունը այդ միության անվան ռուսերեն հապավումից է։ Լրագրի այս տարվա մարտի 21-ի համարում, խմբագրականի տեղում տպագրվել է ընթերցողի մի նամակ-շնորհավորանքՙ ուղղված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը հետաքրքրական է թեկուզ Ռուսաստանի այս մասում հասատատված հայ մարդու տրամադրությունների ու ցանկությունների արտահայտման առումով։ Նամակի հեղինակ Մանվել Մկրտչյանը բնակվում է հիշյալ երկրամասի Կրասնոարմեյսկի շրջանի Օկտյաբրսկի ավանում եւ իր մասին գրում է, որ մի սովորական աշխատաջան մարդ է։ Նա պրն Քոչարյանին թերթի միջոցով նախ շնորհավորում է հանրապետության նախագահի ընտրություններում «օրինաչափ հաղթանակի առթիվ», նրան մաղթելով քաջառողջություն, անձնական երջանկություն եւ արգասավոր գործունեությունՙ ի շահ մեր ժողովրդի ու մայր հայրենիքի բարգավաճման։
«Հարգարժան պարոն նախագահ,- այնուհետեւ ասվում է նամակում,-չթվարկելով տարբեր ոլորտներում Ձեր ձեռք բերած հաջողությունները, մի բան համենայն դեպս ուզում եմ նշել։ Մենքՙ հատկապես Կուբանում ու ամբողջ Ռուսաստանում ապրող հայերս, զգում ենք Ձեր արտաքին քաղաքականության հետեւանքները։ Այդ թվում նաեւՙ հայերիս նկատմամբ այստեղի իշխանությունների պահվածքում։ Թեկուզ ոչ այնքան արագ, այնուամենայնիվ ազգամիջյան հարաբերությունների մթնոլորտը Կուբանում փոխվում է։ Այս մասին անցյալ տարվա վերջին Ձեզ հետ հանդիպման ժամանակ ասել է Կուբանի նահանգապետը։ Իսկ մենք դա կարող ենք հաստատել։ Տա Աստված, որ այսուհետեւ էլ այդպես լինի։ Որպեսզի մենք կարողանանք հանգիստ ապրել ու աշխատել Կուբանումՙ չկտրվելով մեր ազգային արմատներից»։
Նամակում խոսվում է այն մեծ ավանդի մասին, որ Ռուսաստանի հայերի միությունը ներդնում է «երկու մեծ ժողովուրդների» բարեկամության ամրապնդման գործում։ Կուբանի խորագավառում ապրող հայերին հասնում է տեղեկատվություն միության տարածաշրջանային բաժանմունքի լավ գործերի մասին։ Բավական է նշել այն օգնությունը, որ հայերը ցուցաբերել են հեղեղումներից տուժածներին։ Նամակագրի գնահատմամբՙ այն նշանակալից էր եւ բավական արդյունավետ։ «Հոգ չէ, որ իմ դիտած մի հեռուստահաղորդման ժամանակ, նվիրված հեղեղումների հետեւանքների հաղթահարման աշխատանքների արդյունքներին, շնորհակալություն հայտնեցին շատերին, բայց մոռացան ասել հայերի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին։ Դա նման առաջին դեպքը չէր։ Մենք դրան արդեն սովորել ենք։ Ինչպես ասում ենՙ Աստված իրենց հետ։ Հասկանալի է, որ իմ հայրենակիցները շնորհակալության համար չէ, որ օգնությունը փշուր-փշուր Կուբանով մեկ հավաքել են։ Դա արվել է սրտի թելադրանքով, այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք նույն երկնքի տակ։ Հաճելի է գիտակցել, որ Դուք անձամբ, Ռոբերտ Սեդրակի, Ռուսաստանի հայերի միությունն ու ողջախոհ ռուս մարդիկ կարողացան մեղմել Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում եւ մասնավորապես Կուբանում ազգամիջյան հարաբերություններում բորբոքված կրքերը»։
Մանվել Մկրտչյանը ՀՀ նախագահին հորդորում է այսուհետեւ էլ առաջնային խնդիրներից մեկը համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ նախանշված ծրագրի հետագա իրականացումն ու հաջող ավարտը։ Այդ թվումՙ Աբխազիայով ու Վրաստանով Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերաբացումը։ Դա էլ նամակի հեղինակի ամենագլխավոր ցանկությունն ու մաղթանքն է նախագահին։ Կարծիք հայտնելով, որ դա հիմա փրկարար նշանակություն կունենա մեր ժողովրդի համար, նամակագիրը հավատացնում է, որ միայն ինքը չէ այդպես մտածում։
«Նորից ու նորից հաջողություն Ձեզ ոչ դյուրին աշխատանքում,- ասված է նամակի վերջում։ ¬ Թող Աստված պահպանի Ձեզ հանուն մեր բազմաչարչար ժողովրդի։ Երբեմնի Մեծ Հայաստանի ժողովրդի»։
Գ. Մ.