Որոշման նման գրեթե համաստորադաս
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սահմանադրական դատարանը մարտի 16-ին որոշում կայացրեց Ստեփան Դեմիրճյանի դիմումի պահանջների կապակցությամբ։ Մինչեւ երեկ բազմաթիվ մեկնաբանություններ, կարծիքներ ու մոտեցումներ հրապարակվեցին ու հնչեցին ՍԴ որոշման առնչությամբ։ Վերջապես երեկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անիմաստ ձգձգելուց հետո հրավիրեց ասուլիս։
Ասուլիսի սկզբում Գագիկ Հարությունյանը բացատրել է, որ նկատի ունենալով ՍԴ որոշման կապակցությամբ եղած բավականին տարաբնույթ մեկնաբանությունները, նպատակահարմար է համարել ասուլիս հրավիրել որոշակի պարզաբանումներ տալու համար։ Առանձնացնելով եղած կարծիքները երկուՙ լրագրողների ու քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց մեկնաբանությունների խմբերում, Գագիկ Հարությունյանը նշել է, որ ՍԴ որոշումը պաշտոնապես ստորագրվել է միայն երեկ եւ հատկապես պաշտոնատար անձանց համար ցանկալի կլիներ, որ մեկնաբանությունները լինեին ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո։ ՍԴ նախագահը, իր իսկ խոսքերով, փորձել է մեկնաբանություններ տալ իրավական հարթության վրաՙ առանձնացնելով հարցերի մի քանի խմբեր։ Նախՙ ՍԴ նախագահը միանշանակ է համարել նախագահի ընտրության վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողնելու ՍԴ որոշման կետը։ Ըստ պրն Հարությունյանի, նշված կետը միանշանակ ենթադրում է, որ «ՍԴ-ն մերժել է դիմումատուի պահանջները»։ Այսինքնՙ դատարանը փաստել է, որ ընտրության արդյունքներով նախագահն ընտրվել է։
Համաձայն ՍԴ նախագահի, գործի քննությունն ունեցել է լուրջ առանձնահատկություններ։ Եվ քանի որ օրենսդրորեն կարգավորված չէ, թե ինչ չափանիշներով եւ ինչպես է ՍԴ-ն լուծում նման վեճերը, միանշանակորեն մեր Բարձր դատարանն իրավասություն չունի ընտրությունների արդյունքները հաստատելու։
Գործի առանձնահատկություններից է եղել նաեւ, ըստ Գ. Հարությունյանի, այն, որ հիմնականում բողոքարկվել է ոչ միայն ակտիվ ընտրական իրավունքի խախտման պրոբլեմը, այլեւՙ պասսիվ, այսինքնՙ ընտրվելու իրավունքի։ Գործի եւս մեկ առանձնահատկությունն է այն հանգամանքը, որ փաստաթղթերը ներկայացվել են ոչ թե քանակական հիմնավորումներով որոշակի եզրակացություն կատարելու առումով, այլ շեշտադրում է արվել խախտումների որակական գնահատման վրա, ինչը, ըստ ՍԴ նախագահի, բարդագույն խնդիր է։
Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ, հարցի ե՛ւ քանակական, ե՛ւ որակական կողմերը պետք է գնահատվեին եւ որոշվեր, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Այս գործի եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ Ընտրական օրենսգրքի տարբեր հոդվածներ կողմերը մեկնաբանել են տարբեր մոտեցումներով։
Անդրադառնալով խախտումներին եւ դրանց մասին վերաբերմունք հայտնելու անհրաժեշտությանը, Գ. Հարությունյանը երեկվա ասուլիսում օրինակ է բերել միեւնույն տեղամասի, նույն կնիքով եւ ստորագրություններով տարբեր ամփոփիչ արձանագրությունների առկայությունը։ Այս եւ նման պարագաներում է, որ դատարանը որոշել է որոշ ընտրատեղամասերի արդյունքները համարել ոչ հավաստիՙ միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ քանակական խախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ՍԴ-ն գնահատել է նաեւ, որ որակական դրսեւորումները նույնպես չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Այս ամենով հանդերձ, ըստ Գագիկ Հարությունյանի, ՍԴ-ն պարզապես ամրագրել է, որ ընտրությունների ընդհանուր արդյունքները որեւէ փոփոխություն չեն կրում նշված տեղամասերի արդյունքները ոչ հավաստի համարելուց հետո։ Ինչ վերաբերում է խախտումների հնարավոր կրկնությանը, կեղծ ստորագրություններին, ապա ՍԴ-ն նյութերը տրամադրել է դատախազությանը։
Գագիկ Հարությունյանն իր ասուլիսում անդրադարձել է նաեւ այսպես կոչված հասարակական դիմակայությանը եւ պարզաբանել, որ վստահության հանրաքվե անցկացնելու դատարանի առաջարկությունն իրավական հետեւանք չի առաջացնում, բայց ցանկալի է, որ ուշադրության արժանանա։ Ըստ պրն Հարությունյանի, վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկից չպետք է եզրակացնել, որ ՍԴ-ն նախագահի նկատմամբ անվստահության հարց է բարձրացնում։ «Սահմանադրական դատարանը պարզապես մի ճանապարհ է շեշտելՙ հասարակության դիմակայության խորացման պարագաներում խնդիրն իրավական դաշտում լուծելու համար։ Այստեղ չկա քաղաքականություն», նշել է Գագիկ Հարությունյանը։
Ասուլիսի ավարտին Գ. Հարությունյանը կրկին հավաստել է, որ դատարանի կարծիքը միարժեք է երկրի նախագահի ընտրված լինելու կապակցությամբ։
Հ. Գ. Հետաքրքրական է, որ Սահմանադրական դատարանի նախագահի ասուլիսի մասին լրատվամիջոցները պարտավոր էին տեղեկանալ մեկ-երկու օրաթերթից կամ մեկ հեռուստաընկերության երեկոյան եթերից։ Թե ինչու է նման կերպ կազմակերպվել լրատվամիջոցներին «այսքան սպասված» մեկնաբանությունները լսելու հնարավորություն տվող ասուլիսը, ոչ ցանկանում ենք մեկնաբանել եւ ոչ որեւէ մոտեցում ցույց տալՙ հետեւելով Գագիկ Հարությունյանի այն խորհրդին, թե մինչեւ որեւէ կարծիք հայտնելը կարելի է դիմել դատարան, զրուցել, պարզաբանել։ Միայն ավելացնենք, որ այս դեպքում ոչ թե զրույցի կարիք կա, այլ ընդամենը ճիշտ մոտեցման։