Գառնիում երեկ ձեւավորվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնական կառույցը։ 30 նորագիրներ համալրեցին ավանդական կուսակցության շարքերը։ ՀՌԱԿ «Գառնի» ակումբը կղեկավարի Գառնիկ Բաբայանը։
Ակումբի ստեղծման առիթով Գառնի էր մեկնել կուսակցության փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը։ Մինչ երդմնառության արարողությանն անցնելը գառնեցիների եւ Մեխակ Գեւորգյանի միջեւ զրույց տեղի ունեցավՙ ներկա քաղաքական դաշտի, դրանում կուսակցության դերի, երկրի եւ մասնավորապես Գառնիի տնտեսական առաջընթացի հեռանկարների մասին։
ՀՌԱԿ փոխատենապետը փաստում է, որ այժմ ավանդական կուսակցությունն ունի բոլոր հնարավորություններըՙ երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու, ասվածն ապացուցելով կոնկրետ աշխատանքով։ Ռամկավարների եւ Ռուսաստանի հայերի միության համագործակցության շրջանակներում մայիսի կեսին գործարարների մի մեծ խումբ կժամանի Հայաստանՙ ծանոթանալու առկա ներդրումային հնարավորություններին, եւ ուրվագծվող ծրագրերն արդեն գործնական կդառնան։
Այսօր, երբ գյուղացու սոցիալական վիճակը ծանր է, շատ քաղաքական ուժեր գնում են դյուրինՙ ընտրակաշառք բաժանելու ճանապարհով։ Մեխակ Գեւորգյանի խոսքով, ՀՌԱԿ-ն այս հեշտ, բայց ոչ հեռանկարային ուղին անընդունելի է համարում. «Սելիտրա, թունաքիմիկատներ կամ գյուղատնտեսության մեջ անհրաժեշտ ապրանքները կաշառքի տեսքով բաժանելու փոխարեն ավելի լավ է գնալ դրանց արտադրությունը կազմակերպելուՙ գումար ներդնելու եւ աշխատատեղ ստեղծելու ճանապարհով»։
Ըստ ՀՌԱԿ փոխատենապետի, յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունը հաշվի առնելով, իրականացվելիք ծրագրերը տարբեր կլինեն։ Անելիքներն ավելի կոնկրետ պատկերացնելու համար կուսակցությունն ակնկալում է նաեւ գյուղապետի եւ բնակչության աջակցությունը։ Մեխակ Գեւորգյանն առաջարկեց գառնեցիներինՙ իրենց բնակավայրի առանձնահատկությունը հաշվի առնելով ներկայացնել իրատեսական բիզնես ծրագրեր։
Գառնեցիները պատրաստ են արձագանքել ընձեռված այս հնարավորությանը։ Բնական է, շուրջ 8 հազար բնակիչ ունեցող համայնքում ընդամենը 300 աշխատատեղ կա։ Գյուղապետ Աշոտ Վարդանյանի խոսքով, բնամթերքների իրացման հնարավորության ստեղծումը Գառնիի համար մեծ օգնություն կլինի։
Բնականաբար, Գառնիում նման ծրագրերի իրականացումը բնակավայրերին շոշափելի առաջընթաց կապահովիՙ անդրադառնալով գրեթե յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական վիճակին։ Մեխակ Գեւորգյանի խոսքով, կուսակցությունը, որն իր խոսքի տերն է, անցած մեկդարյա ուղիով ապացուցում է նվիրվածությունը հայրենիքին եւ ժողովրդին։ Նախանշված ծրագրերն իրականացնելու նաեւ այլ պատճառ ունի. ՀՌԱԿ-ը մեկ ընտրության համար ստեղծված քաղաքական ուժ չէ, ուստի ժողովրդի վստահությունը կարեւորում է։
ՀՌԱԿ փոխատենապետը նշեց, որ ժողովրդին օգտակար լինելու համար վճռորոշ այս ժամանակահատվածում անհրաժեշտ է հենց ժողովրդի աջակցությունը։ Այս առումով կարեւոր են խորհրդարանական ընտրությունները, եւ կուսակցությունն ակնկալում է ժողովրդի քվեն։ Ներքաղաքական դաշտում ավելի ծանրակշիռ դեր զբաղեցնելու պարագայում ծրագրերն ավելի իրագործելի կլինեն։
Ավանդական կուսակցության նկատմամբ վստահությունն էր պայմանավորել նորագիրներիՙ ռամկավար դառնալու որոշումը։ Մանկավարժ Լիդա Ուլիխանյանն իր որոշումը հիմնավորելով նշում էր, որ ՀՌԱԿ-ը ներկայիս քաղաքական դաշտում ճիշտ գործելակերպ է ընտրել։ Նա գնահատում է ոչ թե օրվա, այլ հեռանկարային ծրագրեր իրականացնելու կուսակցության քաղաքականությունը։
Մ. Հ.