«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2003-04-17 | #74, 2003-04-18 | #75, 2003-04-19


ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐ

«Վերջին տարիներին արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները վկայում են հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը», ապրիլի 15-ին կայացած կառավարության նիստում, անդրադառնալով «ԼՂՀ 2003 թ. պետական բյուջեի կատարման մասին» օրենքի նախագծի քննարկումներին, իր ելույթում նշեց հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Վարչապետը մասնավորապես նշեց, որ ՀՆԱ-ի աճի դինամիկան 1999 թ. նկատմամբ կազմել էՙ 2000 թ. 6.3 տոկոս, 2001 թ. 13.7 տոկոս, 2002 թ. 26.1 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ կազմել ենՙ 1999 թ. 89.4, 2000թ. 118.9, 2002 թ. 121.6 եւ 2003թ. 136.2 տոկոս։ Գյուղատնտեսության համախառն արտադրամասերի աճի տեմպերը կազմել են 2001 թ. 109.5, 2002 թ. 115.0 տոկոս։ Բավականին բարձր են նաեւ արտադրանքի արտահանման աճի ցուցանիշները։ Աճի դինամիկան 2001 թ. կազմել է 2.6, 2002 թ. 2.7 անգամ։

Տնտեսական դաշտի ազատականացման շնորհիվ հատկապես բարձր ցուցանիշներ են արձանագրվել մասնավոր հատվածում։ Այսպես, արդյունաբերության աճի դինամիկան մասնավոր հատվածում 2002 թ. նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 2 անգամ։ Եթե փոքր եւ միջին ձեռնարկությունները 1999 թ. թողարկել են արդյունաբերական արտադրանքի 19 տոկոսը, ապա 2002 թ.ՙ 62.4 տոկոսը։

Վարչապետը նշեց, որ տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանվում են նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Միանշանակ կարելի է փաստել, որ հարկային բարեփոխումները լիովին արդարացված են եւ այսօր ապահովում են սեփական եկամուտների կտրուկ աճ։ Այսպես, 2002 թ. առաջին եռամսյակում սեփական եկամուտների աճի դինամիկան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 144.5 տոկոս։ Այդ թվումՙ շահութահարկի մասովՙ 2.2 անգամ, եկամտահարկինըՙ 1.8 անգամ, որոնք վկայում են տնտեսության իրական աճի մասին։

2002 թ. առաջին եռամսյակում արդյունաբերության աճը (նախորդ տարվա հետ համեմատած) կազմել է 137 տոկոս։ Ըստ որում, ոչ պետական հատվածումՙ 2.15 անգամ։ Մասնավոր հատվածում աշխատողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է ավելի քան 60 տոկոսով։ Արտադրանքի արտահանումը հանրապետությունում ավելացել է 3.1 անգամ։

Բնականաբար տնտեսական աճի կայուն տեմպերը բերել են բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը։ Բավական է շեշտել, որ երկրում միջին աշխատավարձը վերջին 3.5 տարվա ընթացքում կրկնապատկվել էՙ 16170 դրամից հասցվելով 32500 դրամի։ Նույն ժամանակաշրջանում կենսաթոշակի միջին ամսական չափը 3810 դրամից հասել է 7604 դրամի։

Եթե հանրապետության բանկերում բնակչությունից ներգրավված ավանդատուների քանակը 1999 թ. հասնում էր 2665-ի, ապա 2002-ին ավանդատուների թիվը հասել է 16918-ի (աճըՙ 6.3 անգամ)։ 2002 թ. բանկային համակարգում ժամկետային ավանդները 4.2 անգամ ավելի էին, քան նախորդ տարում, ինչը խոսում է բնակչության առավել մեծ խավի սոցիալական վիճակի բարելավման եւ ազատ միջոցների առկայության մասին։ 1999 թ. հանրապետությունում ծնվել է 1645, իսկ 2002 թ.ՙ 2190 երեխա։

Անուշավան Դանիելյանը միաժամանակ նկատեց, որ պատերազմի հետեւանքով ԼՂՀ տնտեսության անկումը այնքան խորն էր, որ աճի ներկա բարձր տեմպերի պահպանման պայմաններում իսկ կպահանջվի եւս 3-4 տարի, որպեսզի ժողովրդի ճնշող մասը զգա տնտեսական վերելքի արդյունքները։ Վարչապետը դժգոհություն հայտնեց կոմունալ տնտեսությունում եւ մի քանի այլ ոլորտներում բարեփոխումների դանդաղ ընթացքի տեմպերից։ «Տնտեսության ազատականացմանը այլընտրանք չկա ու պետք է հետեւողականորեն շարունակենք իրականացնել կառուցվածքային եւ տնտեսական բարեփոխումների ծրագիրը», նշեց վարչապետը։

Դ. Կ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4