«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2003-04-17 | #74, 2003-04-18 | #75, 2003-04-19


ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ, ՄԵՆՔ ԷԼ ԶԳՈՒՇԱՆԱՆՔ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ոչ սովորական կամ բժշկական տերմինաբանությամբ ասածՙ սուր ռեսպիրատոր համախտանիշով թոքաբորբի (SARS) հարուցած վտանգը գիտնականները համեմատում են բակտերիոլոգիական զենքի հետ։ Աշխարհի շատ երկրներում մասնագետներն անհայտ վիրուսի դեմ պաշտպանական պատվաստանյութ ստեղծելու տենդագին որոնումների մեջ են։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այս տարվա փետրվարի 23-ից ապրիլի 17-ն արձանագրվել է ոչ տիպիկ թոքաբորբով հիվանդացության 3389 դեպք, որից 165-ն ավարտվել է մահով։ Հիվանդության վիրուսն իր ավերիչ արշավը շարունակում է աշխարհի 20¬21 երկրներում։ Հիվանդության ծավալները մեծ են Չինաստանում, Հոնկոնգում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Վիետնամում։ Արտասովոր թոքաբորբով հիվանդացել են նաեւ Մեծ Բրիտանիայում, Կանադայում։ Ընդ որում ասում են, որ Չինաստանում պաշտոնապես ներկայացված ցուցանիշները շատ ավելի նվազ են, քան կան իրականում։ Առ այսօր հիվանդության որեւէ դեպք չի արձանագրվել Ռուսաստանում եւ մեր երկրում նույնպես։ Սակայն Ռուսաստանի առողջապահության ոլորտի մասնագետները համոզված են, որ վաղ թե ուշ իրենց մոտ էլ հիվանդության դեպքեր կհայտնաբերվեն։

Եվ դա միանգամայն հավանական էՙ նկատի առնելով հիվանդության տարածման աշխարհագրությունն ու Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական կապերը։ Իբրեւ նախազգուշական միջոցառում այստեղ դադարեցվել է անցանկալի երթուղիներ ընդգրկող տուրիստական խմբերի գործունեությունը։ Եվ քանի որ Ռուսաստանը մեր մերձավոր հարեւաններից է, եւ նրա հետ կապերն առավել սերտ են ու տարաբնույթ, առողջապահական մեր կառույցները եւս կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ օպերատիվ խումբ, որի կազմում են փոխնախարարներ, գլխավոր պետական սանիտարական բժիշկը, առողջապահական եւ սանծառայությունների ղեկավարներ։ Առայժմ նամակ-հանձնարարականներ են հղվել տրանսպորտի եւ կապի նախարարության (ավիացիա, երկաթուղի) սահմանապահ կառույցներին, ընդհանրապես բոլոր այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են խնդրին։ Մանրակրկիտ շարադրվել են մեթոդական անհրաժեշտ հրահանգներ, թե որ դեպքում, որ ոլորտում համապատասխան ինչ պիտի ձեռնարկել։ Մի քանի օր առաջ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի մոտ օպերատիվ խմբի անդամների ու նախարարությունների ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն է անցկացվել։ Վերլուծվել է իրավիճակը, հստակեցվել անելիքները։ Այն երկրների հետ, ուր հիվանդության բռնկումներ են արձանագրվել, Հայաստանը ո՛չ օդով, ո՛չ ջրով ու երկաթուղով ուղղակի կապ չունի, մեր ճանապարհները հիմնականում անցնում են Մոսկվայով։ Թերեւս միայն տարանցիկ երթուղով Հայաստան այցելողներին պիտի նկատի առնել։ Ինչպես տեղեկացրեց պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակային բաժնի պետ Լաուրա Գասպարովան, ծառայությունը մշտական ինտերնետային կապի մեջ է Ռուսաստանի պետական սանիտարական բժշկի հետ։

Արտասովոր թոքաբորբի շատ ախտանշաններՙ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավեր, դժվար շնչառություն, հատկանշական են նաեւ այլ հիվանդությունների համար։ Մեր առողջապահներն առանձնակի ուշադրություն կդարձնեն այն հիվանդներին, ովքեր զբոսաշրջային, գործարար կամ այլ բնույթի ուղեւորություններ են արել վտանգավոր ցանկում ներառված երկրներ կամ այդ երկրներից ժամանել են Հայաստան։ Ինչ էլ լինի, գոնե առայժմ հիվանդությանՙ մեր երկիր թափանցելը քիչ հավանական է, բայց, համենայն դեպս, մենք էլ զգուշանանք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4