Ավագ շաբաթ օրվա խորհուրդը Հիսուսի թաղումն է եւ դժոխքի ավերումը։ Թաղման ծեսը կատարվում է ավագ ուրբաթ երեկոյան։ Ավագ շաբաթ օրըՙ երեկոյան կատարվում է ճրագալույցի պատարագ։ Ճրագալույց նշանակում է ճրագ վառել։ Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ եւ վառում։ Հետագայում ճրագալույց անվանեցին երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է Ծննդյան եւ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան։ Զատկի Սբ. Հարության տոնի ճրագալույցի պատարագի ընթացքում, երբ արվում է Քրիստոսի հարության ավետիսը, ավարտվում է Մեծ պահքը։ Հիսուսի կյանքի վերջին շաբաթն Աստծո անսահման սիրո եւ խորագույն խորհուրդների շաբաթն է։ Պարփակելով Հիսուսի կյանքի կարեւորագույն շրջանըՙ Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է ավագ շաբաթ։
«Զատկի շաբաթ, կարմիր հավկիթ, կարմիր արեւ, կանաչ են սար ու ձորեր»
Պատարագի հետ վառվում էին օջախները, սկսում էին բուն Զատկին նախապատրաստվել։ Կարգի էին բերում տոնական հագուստը, հարդարում բնակարանը, արեւին էին տալիս անկողինը, ճերմակեցնում բնակարանի պատերը։ Ձու էին ներկում, խմորեղեն թխում։ Հատուկ պատրաստություն էին տեսնում նշանված տղաների ու աղջիկների ընտանիքներում, որտեղ ներկվող ու զարդարվող ձվերի թիվը մի քանի հարյուրի էր հասնում, թխվող կլոր գաթաների ու բաղարջների թիվըՙ տասնյակների։ Նախշած, գունավոր թելերով եւ ուլունքներով զարդարած ձվերը աղջիկների ձեռքի շնորհքի արտահայտությունն էին։ Դրանք հաջորդ օրը պետք է զարդարեին փեսացուի տան զատկական սեղանը։