Իսկ մնացյալ բոլոր խնդիրներում, ըստ Ա. Բաղդասարյանի, անհրաժեշտ են նոր օրենքներ
«Օրինաց երկիր» կուսակցության երեկվաՙ հինգերորդ համագումարը հրավիրվել էր որպես շնորհանդես քաղաքական ուժի խորհրդարանական նախընտրական ծրագրի։
Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, անդրադառնալով երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներին, քննադատեց եղած վիճակը. «Գյուղացուն մնում է միայն անասունների շնչած օդի դիմաց հարկ վճարելը, ո՞ւմ է պետք դպրոցը, երբ երեխան դասագիրք չունի, ինչո՞ւ են բարձրագույն կրթությամբ երիտասարդները հայտնվում բենզալցակայաններում ապակի մաքրողի դերում, ո՞վ ո՞ւմ համար է աշխատում այս երկրում, ի վերջո բոլորը չպիտի աշխատեն մի խումբ չինովնիկների մեքենաների եւ դղյակների կուտակման համար, այդ չինովնիկները Հայաստանում «փողի կուսակցություն» են հիմնել» եւ այլն, եւ նույն ոգով։
Քննադատությունից հետո պրն Բաղդասարյանը գրեթե բոլոր ոլորտների համար մատնանշում էր օրենսդրական դաշտի անկատարությունը։
Գործող խորհրդարանում մանդատներ ունեցող կուսակցությունը գտնում է, որ ի թիվս սոցիալական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային ոլորտներում անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, կարիք ունենք նոր ընտրական օրենսգրքի, կուսակցությունների նոր օրենքի։
Ըստ Ա. Բաղդասարյանի, հրատապ է նաեւ 10 տարվա կտրվածքով ծրագրերի մշակումըՙ ազգային հիմնախնդիրների շուրջ եւ ԱԺ գործունեության ռազմավարության մշակումը։ «Մեր խորհրդարանի ռազմավարությունը որոշակիացված չէ, այդ պատճառով էլ անհամար անհեթեթ օրենքներ են ընդունվում»։
Մի խոսքով, «Հայաստանը պիտի դառնա տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը», նախագահի լոզունգին հանգեց պրն Բաղդասարյանը։ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդի համոզմամբ, բոլոր այս խնդիրները կարող են լուծվել ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում։
«Մեր կուսակցությունը գտնում է, որ խնդիրը պիտի լուծվի, ըստ ամենայնի, փոխզիջումային տարբերակի միջոցով։ Բայց ոչ թե չակերտավոր, այլ իրական փոխզիջումների միջոցով, բանակցությունների ընթացքում», հայտարարեց Արթուր Բաղդասարյանը։
Բայց ամենակարեւորը, քաղաքական գործչի կարծիքով, զոհի եւ թույլի բարդույթից մեր ժողովրդի ազատվելու խնդիրն է։ Այս խոսքերն արտասանելիս, պրն Բաղդասարյանը թերեւս Մայակովսկու հայտնի բանաստեղծությամբ ոգեշնչված, գլխի վերեւում պահել էրՙ հավանաբար իր անձնագիրը։ «Այս անձնագիրը ՀՀ սեփականությունն է եւ պարտավոր է տեր կանգնել իր քաղաքացիներին։ Եվ մենք հպարտությամբ պիտի կրենք այս անձնագիրը»։ -
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ