«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Համամասնական կարգով պատգամավորության թեկնածուները մնացին 1095-ը

Երեկ բուռն թափով մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, միաժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես գրանցեց համամասնական կարգով պատգամավորության թեկնածուներին, կուսակցություններն ու դաշինքները։ Միանգամից մի քանի կուսակցություններ երեկ կազմակերպեցին նախընտրական շրջանի իրենց համագումարները, խորհրդակցական հանդիպումները, մամլո ասուլիսներն ու այլ միջոցառումները, տարբեր հեռուստաընկերություններով հանդես եկան քարոզչական տեսահոլովակներով։ Որպես սկիզբ իսկապես տպավորիչ էր, որպես շարունակության խոստումՙ մարտական եւ որոշ չափով ջղային, թեեւ գրեթե բոլորը խոստանում էին, որ ընտրարշավն իրենց կողմից անցկացվելու է պարկեշտ եւ հարգալից մրցակցության մթնոլորտում։ Ողջունելի է, եթե ճիշտ է։ Սակայն որոշ դեպքերում կարիք չկար չափազանցնելու, թե ամեն ինչ անելու են ընտրություններն արդար ու թափանցիկ անցկացնելու համար։ Շատ կրկնելուց այդ բառերը դդումի համ են տալիս։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ապրիլի 15-ից մինչեւ 20-ի ժ. 18-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է գրանցեին Ազգային ժողովի համամասնական (կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների) եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուներին։

Ապրիլի 20-ին ԿԸՀ-ն իր նիստում համամասնական ընտրակարգով առաջադրված 23 կուսակցություններից ու դրանց դաշինքներից գրանցեց 21-ին։

«Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքն ապրիլի 18-ին ԿԸՀ էր ներկայացրել ինքնաբացարկ։ Ուստի հանձնաժողովը մնացած 21-ից չի գրանցել միայն «Բագրեւանդ» կազմակերպությանը, որի ներկայացրած վավեր ստորագրությունները կազմել են 29747, ինչը բավարար չէ, եւ պահանջվող 30 հազարից պակասում է 253 ստորագրություն։

Այսպիսով, 75 պատգամավորական մանդատի համար համամասնական ընտրակարգով 1162 թեկնածուներից մնացին 1095-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցումից հետո այդ թվից պակասեց եւս 11 թեկնածուՙ մնալով 1084-ը։ ԿԸՀ կողմից գրանցում չստացան «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի 5 թեկնածուՙ Աշխարաբեկ Քալանթարը, Զարինե Մխեյանը, Եղիա Շամշյանը, Արտավազդ Յաղշիբեկյանը, Տանյա Խաչատրյանը, որոնք ներկայացված լինելով դաշինքի ցուցակումՙ առաջադրված չէին եղել դաշինքը կազմող կուսակցությունների ցուցակներում։

«Ազգային միաբանություն» կուսակցության ցուցակի թեկնածուներից ԿԸՀ-ն չի գրանցել նաեւ Աղասի Արշակյանին։ Վերջինս չի գրանցվել նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար, այն պատճառաբանությամբ, որ պրն Արշակյանի ներկայացրած հայտարարագրի մեջ նշված է եղել, թե սեփականություն չունի, մինչդեռ, կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն, ունի բնակարան։ Նման պատճառաբանությամբ չգրանցվեց նաեւ ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը։

Ինքնաբացարկով համամասնական ցուցակներից դուրս են եկել «Հզոր հայրենիքից» Կառլոս Պետրոսյանը, ՀՀՇ-իցՙ Գեւորգ Գեւորգյանը, «Հանրապետական» կուսակցությունիցՙ Ալվարո Անտոնյանը եւ Գայանե Սուքիասյանը, ՀՅԴ-իցՙ Մարատ Մարտիրոսյանը։

Մեծամասնական ընտրակարգով 56 ընտրատարածքներում առաջադրված պատգամավորության թեկնածուներից գրանցվել է մոտ 400-ը։

Եթե հաշվի առնենք ոչ միայն պատգամավորական մանդատների սահմանափակությունը, այլեւ Հայաստանի Հանրապետության փոքրամասշտաբությունն ու բնակչության թիվը, ապա առնվազն տարօրինակ պետք է համարել 137 կամ 120 թեկնածուով խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների մոտեցումն այս հարցին։

Ապրիլի 21-ից էլ արդեն սկսված է նախընտրական քարոզչությունը։ Իհարկե, նախագահական ընտրություններից չտարբերվելու համար որոշ քաղաքական ուժեր նախընտրեցին քարոզչությունն ավելի շուտ սկսելՙ ելնելով հավանաբար այն «անհրաժեշտությունից», որ գուցե չհասցնեն ժողովրդին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթները։ Եվ սա, երեւի, ոչ այն պատճառով, որ այդ հիմնադրույթները դժվարամարս են, այլ որովհետեւ ծրագիրն է «մանրամասն»։ Հատկապես այն քաղաքական միավորումների առումով, որոնք «ցանվել ու հնձվել են» միայն խորհրդարանական ընտրություններում ինչ-որ տեղեր փախցնելու նպատակով։

Քանի որ ընտրապայքարի մասնակիցներն ԱԺ ընտրությունների ժամանակ էլ շատ են, ապա կարելի է վստահ լինել, որ նախընտրական քարոզչության ընթացքում մեզ ոչ պակաս շոուներ են սպասում։ Իսկ եթե նկատի ունենանք մեր քաղաքական դաշտի որոշ սուբյեկտների, մեղմ ասած, չկողմնորոշվածությունը, ավելի ճիշտՙ պատեհ առիթի դեպքում ում հետ եւ ինչպես ասես միավորվելն ու հասարակությանն ամեն անգամ «նորացված», «արդիականացված» սկզբունքներով ներկայանալը, ապա հնարավոր է պատկերացնել այն շիլափլավը, որ լցվելու է սովորական ընտրողի գլխին։

Ցավոք, այս իրականությունից եւ անդեմ քաղաքական ուժերից խուսափելու կարողություն առայժմ չունենք, քանի որ դրանք իրենց բնավ էլ այդպիսին չեն պատկերացնում։

Հուսանք, գոնե ընտրության արդյունքում իսկապես կընտրվեն սեփական սկզբունքներ, պատմություն ու վաստակ ունեցող կուսակցություններն ու դաշինքները, ժողովրդի նկատմամբ պարտավորության զգացում ունեցող անձինք։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4