«Ազգի» հյուրն է Լեւոն Քեբաբջյանը
Լեւոն Քեբաբջյանը հայտնի անուն է ֆրանսահայ գաղութում։ Գործարար այս մարդը, որ Ռամկավար Ազատական կուսակցության եռանդուն գործիչներից է, ազգային գործունեություն է ծավալել Եվրոպայի ամենախոշոր երկրում։ 2001 թվականի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հայ ժողովրդի համար պատմական որոշում կայացրեցՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչել որպես մարդկության դեմ գործված մեծագույն ոճիր եւ Ֆրանսիայի տարածքում դատական պատասխանատվության կենթարկվի ամեն ոք, ով կժխտի կամ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ուղղակի հիշեցնենք, որ այսպիսի որոշում աշխարհի ուրիշ ոչ մի երկիր, այդ թվում նաեւՙ Հայաստանը, օրենսդիր բարձրագույն մակարդակով դեռ չի ընդունել։
Լեւոն Քեբաբջյանը եղել է այն գործուն հայերից մեկը, ովքեր երեք տարի հսկայական աշխատանք տարան օրենքի այս նախագիծը Ֆրանսիայի Ազգային ժողով մտցնելու եւ հաստատելու համար։
«1998-ից սկսած Եղեռնի մասին օրենք ունենալու համար մեծ ջանքեր թափեցինք,¬ վերհիշում է Լեւոն Քեբաբջյանը։ ¬ Բազմաթիվ հանդիպումներ ունեցանք սենատորների հետ, զրուցեցինք Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական շրջանակներում ամենահայտնի մարդկանց հետ»։ Շատ դժվար ու ծանր խոսակցություններ էին դրանք, որովհետեւ շատ ֆրանսիացիներ պարզապես պատկերացում չունեին կամ աշխատում էին ցույց տալ, թե ինչ ահավոր ողբերգություն է կատարվել Հայաստանում 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին։ Բազմահազար փաստաթղթեր կազմվեցին, ականատեսների, այդ թվում նաեւ ազգությամբ ֆրանսիացիների, բազմաթիվ հավաստի վկայություններ ներկայացվեցին, որպեսզի մեզ համար ճակատագրական դարձած իրադարձությունները ճշմարտացի ներկայացվեն։
Եվ եթե այսօր մենք կարող ենք փաստել Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած պատմական որոշման գոյությունը, պարտավոր ենք գնահատել Հայ դատի նվիրյալներից մեկիՙ Լեւոն Քեբաբջյանի գործադրած ջանքերը։
Պարոն Քեբաբջյանի գործունեությունը պատահական չէ։ Ծնվելով եւ մեծանալով Հայ դատի պահանջատիրությանը նվիրված ռամկավարներիՙ Եղեռնից մազապուրծ մի ընտանիքում, որը 1920-ական թվականներին գաղթի դաժան ճանապարհ էր անցել եւ Ֆրանսիայում ապրելու ճիգ էր գործադրել, հասարակական, ազգային գործունեության այլ տարբերակ հնարավոր չէր պատկերացնել։
1990¬1996 թվականներին Լեւոն Քեբաբջյանը ղեկավարել է ՌԱԿ Ֆրանսիայի կազմակերպությունը, իսկ 1992-ից մինչեւ օրս ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ է։ Նա լավ է հիշում իր մանկության տարիները, երբ հորՙ ՌԱԿ նվիրյալ Խաչատուր Քեբաբջյանի օջախում հաճախակի հյուր էին լինում Ռամկավար կուսակցության ղեկավարները, որոնց թվում նաեւՙ Արշակ Չոպանյանը։
Լեւոն Քեբաբջյանը լինելով նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության գործուն ներկայացուցիչներից մեկը, ի շարս բարեգործական, բարեսիրական բազում գործերի, ակտիվորեն մասնակցեց «Ապրիլ 24» կոմիտեի շրջանակներում։
Սակայն ազգային լայն գործունեություն ծավալած Լեւոն Քեբաբջյանը գործուն մասնակցություն է ունեցել նաեւ Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ Եվ պատահական չէ, որ 2003 թ. հունվարին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի հրամանով նա պարգեւատրվում է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւովՙ «Պատվո լեգեոնի» շքանշանով։ Լեւոն Քեբաբջյանին ուղղված նամակում Ժակ Շիրակը նշում է, որ Ֆրանսիայի իշխանությունները եւ անձամբ ինքը շատ ուրախ են «Պատվո լեգեոնի» շքանշանով պարգեւատրելու մի մարդու, ով «շատ բան է արել Ֆրանսիայի զարգացման եւ ծաղկման համար»։ Հունվարին Լեւոն Քեբաբջյանին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անունից Ֆրանսիայի կառավարության անդամ, հայազգի նախարար Պատրիկ Դեւեջյանը հանձնելով շքանշանը, երախտագիտություն հայտնեց Հայ դատի նվիրյալինՙ Եղեռնից մազապուրծ հայերին ապաստանած երկրում մարդասիրական մեծ գործունեություն ծավալելու համար («Ազգն» արդեն գրել է այս մասին)։
Բարեգործություններ, հասարակական-քաղաքական, տնտեսական գործունեություն, թերթի հրատարակում... Սոսկ սրանով չի սահմանափակվում 70-ամյա Լեւոն Քեբաբջյանի գործունեությունը։
1998-ից սկսած կնոջՙ Նադյայի առաջարկությամբ Լեւոն Քեբաբջյանը սկսում է բարեգործական, տնտեսական գործունեություն ծավալել Արցախի այն բնակավայրերում, որոնք տուժել էին արցախյան պատերազմի ժամանակ։ Նյութական զգալի օգնություն տրվեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղը գրեթե ավերված էր։ Եվ Քեբաբջյան ամուսինները որոշեցին ֆինանսական ներդրումներ անել մանկապարտեզի, դպրոցի շենքերի վերականգնման համար։ 65 երեխայի համար մանկապարտեզ բացվեց, նորոգումներ կատարվեցին։ Այս հիմնական ծրագրի իրականացման համար ծախսվեց 140 հազար դոլար գումար։
Լեւոն Քեբաբջյանի աշխատանքը, իհարկե, արժանի է բարձր գնահատականի։ Լինելով սթափ ազգային գործիչ, նա համոզված է, որ Արցախի բնակավայրերի վերականգնման, աշխատատեղերի ստեղծման համար սփյուռքահայ գաղութները պետք է առաջնորդվեն մեկ միասնական ծրագրով։ Ամեն մի սփյուռքահայ գաղութ կարող է վերցնել մեկ բնակավայրի հովանավորությունը եւ տնտեսական լուրջ գործունեություն ծավալել, որն, ի վերջո, ազգային գործունեություն է։ Քեբաբջյան ընտանիքի իրականացրած «Կով եւ հորթ» ծրագիրը (արցախյան գյուղերում բնակություն հաստատած հայ ընտանիքներին անվճար կով է տրվում, որպեսզի զբաղվեն անասնապահությամբ եւ հորթ ստանան) ենթադրում է ազգային արդյունավետ գործունեություն. երկիրը կարելի է պահել, հզորացնել միայն երկրում ապրելով։ Անվերջ շարունակվող օգնությունները եւ բարեգործությունները մի օր կսպառվեն։
Ո՞րն է Լեւոն Քեբաբջյանի հերթական այցի նպատակը Հայաստան։ «Իհարկե, Արցախում սկսած մեր նախաձեռնությունների զարգացումը»։
Որպես Ռամկավար Ազատական կուսակցության գործուն անդամներից մեկըՙ Լեւոն Քեբաբջյանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչների ներկայությանը։
«Թեեւ միշտ էլ ռամկավարները եղել են Հայաստանի պետության աջակիցները (անկախ քաղաքական եւ իշխանական ձեւերից), սակայն շատ ավելի մեծ ներդրումներ կարելի է ակնկալել այն դեպքում, եթե Հայաստանի օրենսդիր մարմնում եւ իշխանությունների կազմում լինեն ռամկավարները, ասում է Լեւոն Քեբաբջյանը։ Սա հստակ երեւում է Հայաստանի երրորդ հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման օրինակով, երբ սփյուռքում գործող ռամկավարները սկսեցին ներդրումներ անել Հայաստանում։ Դրանք շատ ավելի լայն ծավալներ կընդունեն, եթե Հայաստանում հեղինակություն վայելող ՀՌԱԿ-ը կարողանա բավականաչափ ձայներ հավաքել ԱԺ մտնելու համար»...
...Թուրքիայից մազապուրծ ընտանիքում ծնված Լեւոն Քեբաբջյանը որքան էլ շատ գործ է արել իր բնակավայր Ֆրանսիայի համար, ամեն դեպքում մեծ սիրով գործ է անում եւ ավելին կանի Հայաստանի համար։ Փարիզի նրա տունը Հայաստանում է իմաստավորվում։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ