«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՀԱՄԱԼՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԿՈՒ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Վանաձորի կառույցը համալրվեց նոր անդամներով։ Այս առիթով Լոռու մարզ էին մեկնել ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Մեսրոպ Հարությունյանն ու Կարեն Կակոյանը։ 40 նորագիրները, որ հիմնականում քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ էին, անդամագրվեցին «Նոր օր» եւ «Վարդգես Պետրոսյան» ակումբներին։

Շնորհավորելով նորագիրներին ավանդական կուսակցությանն անդամագրվելու առիթով, Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ անցած ճանապարհն ու ներկայիս գործելակերպը թույլ են տալիս, որ ՀՌԱԿ-ը խորհրդարանական ընտրությունների գնա պարզ ճակատով։ Նրա խոսքով, ռամկավարները, Ռուսաստանի հայերի միության հետ միավորվելով, երկրի սոցիալ-տնտեսական հեռանկարային զարգացման ծրագրի իրականացում են սկսել։ «Այսօր շատ քաղաքական ուժեր գնում են ընտրակաշառք բաժանելու ճանապարհովՙ ընտրելով ժողովրդի քվեն ստանալու այս տարբերակը։ ՀՌԱԿ-ը մեկօրյա բարեկեցության փոխարեն առաջարկում է մարդկանց օգնել արտադրություն կազմակերպելու, աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով», նշեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամը։

ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամները եւ Լոռու շրջանակի ատենապետ Ֆերդինանդ Հարոյանը կարեւորեցին նախընտրական շրջանում յուրաքանչյուր կուսակցականի պատասխանատվությունը։ Նորագիրները պատրաստակամություն հայտնեցին աջակցել ինչպես ՀՌԱԿ-ին, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ֆերդինանդ Հարոյանին խորհրդարանական դառնալու գործում։ Քննարկվեցին նաեւ քարոզարշավի ծավալմանը, նախընտրական շտաբների գործունեությանն առնչվող հարցեր։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4