«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ՍԿՍԵՑԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ապավինենք մեր մտքին ու բազկին» կարգախոսով երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության եռամսյակային նիստը, որտեղ ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը, որով նախանշվեց քարոզարշավը։ Նիստի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ ԱԺ պատգամավոր, կուսակցության նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը։

Իր խոսքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ կուսակցության անցած ուղուն, ձեռք բերած հաջողություններինՙ շեշտելով, որ իրենք վճռականությամբ են տրամադրված առաջիկա ընտրություններում հաղթելու համար։ «Մեր խնդիրը կուսակցական չէՙ միտված է պետականության ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը»։ Կուսակցության անդամներին նա կոչ արեց ամենօրյա եռանդուն աշխատանքի միջոցով հասնելու մեծ նվաճումներիՙ համագործակցելով Ազգային ժողովի, գործադիր իշխանությունների եւ տեղական կառավարման մարմինների հետ։ Նա վստահություն հայտնեց, որ ընտրելով Գարեգին Նժդեհի խոսքերն իբրեւ կարգախոս, կուսակցությունը գործուն մասնակցություն կունենա մեր երկրի պետականության ամրապնդման գործում։

Սերժ Սարգսյանն այն միտքը հայտնեց, որ այս տարին վճռորոշ նշանակություն կունենա մեր ժողովրդի համար, քանի որ կորոշվեն առաջիկա 5 տարիներին տեղի ունենալիք փոփոխություններն ու զարգացումները։ Մասնակցելով նախագահական ընտրություններին, հանրապետականները մեծ պատասխանատվություն են կրում պետականաշինության գործումՙ իրենց աչքի առաջ ունենալով արդեն ձեռք բերած հաջողություններն ու բացթողումներըՙ սկսած գործը մինչեւ վերջ հասցնելու վճռականությամբ։ Պրն Սարգսյանը շեշտեց, որ վերջին տարիներին աշխատելով Անդրանիկ Մարգարյանի հետ, զգացել է կառավարության մեծ ուշադրությունն ու հոգատարությունը զինված ուժերի նկատմամբ։ Նա ավելի քան համոզված է, որ պետական անվտանգությունն ու երկրի հզորացումը կմնան կուսակցության գլխավոր գերխնդիրները, որոնք էլ կլինեն հիմնական երաշխիքներըՙ շահելու ընտրողների համակրանքը։ Հաղթանակի հասնելու համար պահանջվում է համառ աշխատանք, եւ նա կոչ արեց զերծ մնալ ասեկոսեներից, սադրանքներից։

Տիգրան Թորոսյանը մասնավորապես խոսեց նախընտրական ծրագրի հիմնադրույթների մասին, միաժամանակ նշելով, որ դեռեւս կան բազում անելիքներՙ ամբողջացնելու համար այն ծրագրերը, որ երազել են տարիների ընթացքում։ Կուսակցությունն ունի ուժ, փորձառություն, զոհված ընկերների հիշատակ, կատարած աշխատանք ու ծրագրեր, որոնք էլ վճռականություն են հաղորդում ժողովրդի քվեն նվաճելու համար։

Գալուստ Սահակյանն իր ելույթում հայտնեց, որ կուսակցությունը չունի հակառակորդներ, այլՙ մրցակիցներ, եւ ի տարբերություն նրանց, իրենց կատարած աշխատանքը շարունակական ընթացքի մեջ է։ Ինչ վերաբերում է կոռուպցիային եւ ժողովրդի այսօրվա վիճակին, ապա այդ մասին իրենք են առաջինը խոսել եւ այսօր առկա դրական տեղաշարժերն այդ են վկայում։ Խոսելով քարոզչական աշխատանքի մասին, նա նշեց, որ իրենց գործն արդար է եւ պատրաստակամ են համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի հետ։

Նիստը եզրափակեց Անդրանիկ Մարգարյանը, ասելով. «Մենք մրցակցում ենք, թշնամիներ չունենք, մրցակցում ենք մեր գաղափարներով, ծրագրերով։ Արժանապատվությամբ տանենք մրցապայքարը, լինենք մեծահոգի եւ թույլ չտանք օրինախախտման դեպքեր»։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4