Գեղանկարիչ Վալմարի ծննդյան 55-ամյակի առիթով
Ստեպ-ստեպ նահանջող գարունն ասես մոռացության է ուզում տալ արեւային տրամադրությունները։ Քաղաքի անձրեւային մթնոլորտը ծվարել է գեղանկարիչ Վալմարի արվեստանոցի անկյուններում։ Այստեղ ամեն ինչ խաղաղ, նիրհող վիճակում է։ Իրերըՙ չորացած բույսեր, նռներ, կավի, պղնձյա հնաոճ կահ-կարասի, կարպետներ, ժամանակի մոռացության մեջ ապրում են իրենց անշարժ իրականությունը։ Պատերին Վալմարի վերջին շրջանի աշխատանքներն են, զգացմունքների, ներշնչանքների արտահայտություններ, տարիների աշխատանքի վկայություններ։
Վալմարի հարազատ աշխարհն ամփոփված է այս տարածքումՙ արտաքնապես, իհարկե։ Թեեւ շատ է լինում աշխարհի տարբեր երկրներում, բայց խոստովանում է, որ իր համար ամենահաճելի տեղն արվեստանոցն է։ Որովհետեւ սա իր աշխատանքային կենսագրությունն է, այստեղ իր ապրումներն են, սերերը, ժխտումները, թուլությունները։ Իր ներաշխարհի արձագանքներն այստեղ են ծնվում։ Ինքը սիրում է իր աշխարհը, իր նկարները, եւ այդ սերն անթաքույց չէ. «Գործեր կան, որ ոչ ցուցադրում եմ, ոչ վաճառում, եթե դրանք իմ կողքին չլինեն, ինձ վատ կզգամ, իմ ուժը դրանց մեջ է»։ Դրանք իր մտերիմներն են եւ կապվածությունը շատերի հետ, նկարիչը խոստովանում է. դրանց կարոտում է ու երբեմն էլ այցելում։ Ինքը շատ իմպուլսիվ է, զգայուն, այդպիսին էլ նկարներն են, վեհերոտՙ տխրությամբ, անպաշտպանՙ լռությամբ։
Սեր, երաժշտություն, հավատ, սրանք են այն իրողությունները, որոնց շուրջ մտորում է արվեստագետն ու իր խոհերը գույնի ու գծի արտահայտությամբ հաղորդում աշխարհին։ «Հոգում եթե լույս չլինի, ստեղծագործություն չի ծնվի», ասում է նկարիչը։ Թեեւ իր գունային աշխարհը պասսիվ է, սակայն ստեղծագործությունների ներքին բովանդակությունը լույսի մեջ է հաստատված։
Խառնվածքով ու նկարագրով ներաշխարհային ապրում-տրամադրությունների տրվող արվեստագետն աշխարհին չի պարտադրվում, ոչ էլՙ հակառակը, չի փորձում փոխել որեւէ բան, աշխատում է ինչ-որ բան տալ իրենիցՙ իր ձեռագիրը փորձելով չհարմարեցնել անցողիկությանը։ Նկարիչն ապրում է ժամանակի ամեն զարկը, արձագանքում դրանց, թեեւ շատ առումներով զգայականությունն է թելադրում պահը, իրականության մեջ եղանակ ստեղծում, որով եւ պայմանավորված են նրա աշխատանքների քնարականությունն ու երաժշտականությունը։ Ապրված վիճակների անկեղծությունն իր համար չափանիշ է, սակայն պակաս չի կարեւորվում կատարումի պրոֆեսիոնալիզմը։ Ակտիվ գունային նահանջի մեջ հաճախ է գծապատկերների ետնամասում նկատելի առկայծող հույսըՙ ձեւի, պատկերի, երանգային որեւէ արտահայտությամբ։ Պայքարը երբեք մեխանիկական դրսեւորում չի ունենում, այն նուրբ գունազգացողությամբ վերապրել է տալիս սիրո եւ հավատի մշտագոյությունը։
Իր ժամանակը զգայուն ապրող արվեստագետը 30-ամյա ստեղծագործումների ճանապարհին քայլ առ քայլ հասել է ինքն իրեն մերձենալու եւ հասկանալու գաղտնիքին։ Իրեն ստեղծագործության մղում է հավատն իր նկատմամբ, շարժառիթներն իր ներաշխարհային վիճակներն են։ Ինչպես յուրաքանչյուր նկարիչ, Վալմարն էլ արվեստում ունի իր խնդիրները։ Իր խոսքերովՙ դա մարդու ներաշխարհն արթուն պահելն է զգացմունքի միջոցով։ «Ես նկարում եմ սեր, երաժշտություն, մարդու հոգեկան վիճակներ, ստեղծում եմ իմ պոեզիան, երաժշտությունը, փորձում եմ թափանցել կյանքի չերեւացող կողմը...»։
Առհասարակ աշխարհը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, որ անհատականության պարագայում ավելի ընդգծված է դառնում, իսկ ճշմարիտ արվեստագետի համար բնականոն երեւույթ է։ Վալմար նկարչի համար որեւէ անհատական տեսակետ չափանիշ չի նկատվում։ Ըստ նրա, արվեստի ուժը, ճշմարտությունը նրա ոգեղենության մեջ է, որն էլ ժամանակի փորձության հիմնաքարն է։
Արվեստագետի վերաստեղծած աշխարհը ժամանակի մեջ է եւ նրանից դուրս, որ գծապատկերի նրբագեղության մեջ, ռոմանտիկ շնչով հանդերձ, կրում է իրականության դրոշմը։ Ներամփոփ, խոհուն պատկերային միջավայրըՙ լուսաստվերների ներդաշնակությամբ գրեթե ամենուր հուշի ու տրտմության տարատեսակ ցանց է հյուսում։ Նրա կտավներում կանայք նուրբ ենՙ ընդգծված հեզությամբ, երբեմն թվում են անհաղորդ, վերացական, ամփոփված իրենց մեջ, որոնց բնորոշ է մեղմությունը։ Իր վերջին, դեռեւս անավարտ «Գեղուհիներ» շարքում կերպարներն աչքի են ընկնում փխրունությամբ, նրանք այնքան էլ հեզ չեն, ավելի պատրանքային, աննյութեղեն են։ Այս շարքի գործերը բաց, թափանցիկ գունագծային մտածողության արդյունք են։ Նկարչի համար կնոջ առեղծվածային, խորհրդավոր էությունն անբացատրելի է, եւ հմայքը հենց այս անորոշություն-անմեկնելիությունն է։ Վալմարի գեղանկարչության հիմքում ընկած գեղեցիկի, բարու եւ ճշմարտության որոնումը, նրբագծերի ու մեղմ գույների համակցումները բացահայտումն են նկարչի այսօրվա պատկերացում-ընկալումների։ Վալմարի արվեստին բնորոշ է թեմատիկ ամբողջականությունը, ցիկլային մտածողությունը, որի վկայությունը նրա «Արհավիրք», «Երաժշտություն», «Պայքար», «Իրավիճակ», «Հավատ», «Ձիեր» եւ այլ շարքերն են։ Կյանքի ազդակներն իրենց հետքն են թողել յուրաքանչյուր վրձնահարվածի վրա, գունային լուծումներն ապրումների կուտակումներ են։ Թանձր, գորշ, մռայլության հասնող գունային նախկին խտությունն այս վերջին շրջանի գործերում «նոսրացված» է, դրանք ավելի անիրական-երազային են, թեթեւ։ Թափանցիկ կերպարների ուրվագծերում արվեստագետիՙ կյանքի նկատմամբ ունեցած սերն ու կարոտն է, որ լուսային կոմպոզիցիաների ու երանգների նրբագեղության շնորհիվ առավել տեսանելի են։
Վալմարը երեւակայությամբ եւ երաժշտականությամբ օժտված նկարիչ է։ Նրա ստեղծագործությունների մասին խոսելիս գրեթե բոլորն ընդգծում են այս հանգամանքը։ «...Առանց չափազանցության կարող ենք ասել, որ գեղանկարիչ Վալմարը համարվում է հայկական ժամանակակից նկարչության ստեղծագործող երեւելի դեմքերից մեկը, որն իր բեղուն վրձնով նոր ուժ եւ որակ է տալիս հայկական գեղանկարչությանը։ Նրա աշխատանքները նոր խոսք, պոեզիա եւ երաժշտություն են հայկական ժամանակակից գեղանկարչության մեջ»։
Դոկտ., պրոֆ. Արշակ Փոլադյան
«Հպարտ ենք, որ առիթն ունեցանք ցուցադրելու Վալմարի գործերը Նյու Յորքում։ Նկարներ էինՙ փոխանցված խորին զգացմունքայնությամբ, միջնադարյան նկարչության ոճով, որոնց մեջ թե՛ տառապանք կա, թե՛ հույս։
Որքա՜ն մանրակրկիտ աշխատանք կա նրա գործերում։
Նրա կոմպոզիցիաներն ու գունային լուծումները բացառիկ են։
Վալմարը ջերմությամբ եւ կարեկցանքով լեցուն արվեստագետ է»։
Ալբերտո Բրաունշտեյն (Նյու Յորքի «Քյու» պատկերասրահի տնօրեն)
«Վալմարի յուղանկարներում ներդաշնակությունը, էքստազը եւ բնությունը մեկ ամբողջության տպավորություն են թողնում, իսկ էքստազը բացարձակ զերծ է հեշտասիրությունից։ Երաժշտությանը նվիրված շարքը, ինչպես նաեւ Աստվածաշնչի թեմայով կատարված աշխատանքները տոգորված են միջնադարյան արվեստին հատուկ թախծոտ քնարական տրամադրությամբ»։
Ռաջսեւ Պուդուվալ (արվեստաբան)
Այս արձագանքները պատահական չեն կարող լինել, սրանք արդյունք են 55-ամյա նկարչի տարիների համառ ու հետեւողական աշխատասիրության ու նվիրումի, մասնագիտական ու ներաշխարհային հասունության, որի շնորհիվ Վալմարի ստեղծագործություններն արժեւորվել եւ դրանց մի մասը պահպանվում է տարբեր երկրների մշակութային կենտրոններում ու մասնավոր հավաքածուներումՙ Հայաստանի պետական պատկերասրահ, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան, ՀՀ մշակույթի նախարարություն, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, Ալեք Մանուկյան թանգարան (ԱՄՆ), «Ստամպ» սրահ (Իտալիա), «Բասմաճյան» թանգարան (Ֆրանսիա), եւ այլն։
30 տարվա ընթացքում ունեցած 117 խմբակայինՙ միութենական եւ հանրապետական, շուրջ 36 անհատական ցուցահանդեսներըՙ Երեւանում, Մոսկվայում, Տալինում, Փարիզում, Կանադայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Նյու Յորք, Տորոնտո, Դետրոյթ, Սան Ֆրանցիսկո), ուղեկցվել են հաջողություններով, նպաստել նկարչի ճանաչմանը թե Հայաստանում, թե արտերկրում։
Այս հաջողությունների համար նկարիչը պարտ է նախ եւ առաջ աշխատասիրությանն ու ներքին մեծ հավատին դեպի կյանքը եւ իր արվեստը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ