Հունաստանի Լուտրակի քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրորդները, որոնք վիճարկում էին Եվրոպայի առաջնության պարգեւները։ Գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականի գլխավոր հույսըՙ Աշոտ Դանիելյանն արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը։ Ոսկե մեդալների համար պայքարում Աշոտի գլխավոր հակառակորդներն էին ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւը եւ բուլղարացի Դամյան Դամյանովը։ Պոկում վարժությունում լավագույն արդյունք (207,5 կգ) ցույց տվեց ռուս ծանրորդը։ Աշոտը նրանից հետ մնաց 2,5 կգ-ովՙ արժանանալով փոքր արծաթե մեդալի։ Իսկ ահա հրում վարժությունում Դանիելյանը 242,5 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Արծաթը բաժին հասավ Չիգիշեւին, բրոնզե մեդալը նվաճեց Դամյանովը (240 կգ)։ Արդյունքում, երկամարտում Չիգիշեւն ու Դանիելյանը ցույց տվեցին միեւնույն արդյունքը (447,5 կգ)։ Չեմպիոնի տիտղոսի բախտը վճռեց ծանրորդների անձնական քաշը։ Աշոտը 50 կգ-ով (անձնական քաշն է 163 կգ) ծանր էր մրցակցից, ուստի բավարարվեց արծաթե մեդալով։ Ամեն դեպքում Դանիելյանն արժանի է դրվատանքի։ Բրոնզե մեդալը նվաճեց Դամյանովըՙ 442,5 կգ (202,5+240)։ Մրցահարթակ դուրս եկած մեր մյուս երկու ծանրորդներից ավելի հաջող հանդես եկավ Գեւորգ Ալեքսանյանը։ Մինչեւ 77 կգ քաշայինների մրցավեճում նա 340 կգ (152,5+187,5) արդյունքով 5-րդն էր, ընդ որում միայն անձնական քաշով զիջեց 4-րդ տեղը զբաղեցրած ռումինացի Դոգարիուին։ Այս քաշում չեմպիոն դարձավ բուլղարացի Գեորգի Մարկովըՙ 367,5 կգ (165+202,5)։ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներն են թուրք Արաբաչիօղլին (365 կգ) եւ լեհ Կոզլովսկին (350 կգ)։
Մինչեւ 85 կգ քաշայինների մրցավեճում Տիգրան Քամալյանը լավագույն տասնյակ չմտավ։ Ուժեղագույնը կրկին բուլղարացի ծանրորդն էրՙ Զլատան Վանեւըՙ 382,5 կգ (167,5+215)։ 2-րդ տեղը գրավեց Յուրի Միշկովեցը (Ռուսաստան)ՙ 380 կգ (167,5+212,5), բրոնզե մրցանակակիրը ռուսաստանցի Յուրի Լիզունովն էրՙ 370 կգ (167,5+202,5)։ Բուլղարացի Միլեն Դոբրեւի հաղթանակով ավարտվեց մինչեւ 94 կգ քաշայինների մրցավեճը։ Նրա արդյունքն է 405 կգ (182,5+222,5)։ Ռուսաստանցի Սերգեյ Ժուկովը 397,5 կգ (180+217,5) արդյունքով 2-րդն էր, իսկ լեհ Թադեուշ Դրժազգան նույնպիսի ցուցանիշով արժանացավ բրոնզե մեդալի։ Մինչեւ 105 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում հաջողությունն ուղեկցեց ուկրաինացի Իգոր Ռազորյոնովինՙ 425 կգ (192,5+232,5)։ Արծաթե մրցանակակիրը բուլղարացի Ալան Ցագաեւն էՙ 420 կգ (185+235), 3-րդ տեղում ռուսաստանցի Վլադիմիր Սմորչկովն էՙ 415 կգ (195+220)։
Կանանց մրցապայքարն ավարտվեց գերծանր քաշայինների (75 կգ-ից ավելի) ելույթներով։ Ինչպես եւ նախորդ երկու քաշերում, չեմպիոնուհու կոչմանն արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչըՙ Ալբինա Խոմիչը, որը երկամարտում ցույց տվեց 285 կգ (130+155) արդյունք։ Նա գերազանցեց իրենից 17 կգ-ով ծանր լեհ մարզուհի Ագաթա Վրուբելինՙ 277,5 կգ (125+152,5)։ Բրոնզե մեդալը նվաճեց թուրք Աչիկգոզըՙ 270 կգ (115+155)։