«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


«ՄԻԿԱՆ» ՈՒ «ԿՈՏԱՅՔԸ» ԶԱՐԳԱՑՐԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի ՀՀ առաջնության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցավեճն էր։ Չնայած խաղը հարուստ էր գոլային պահերով, սակայն այդպես էլ դարպասները մնացին անառիկ։ Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ չկարողացան օգտագործել ստեղծված նպաստավոր պահերը։ Թեեւ «Փյունիկը» խաղային եւ տարածքային առավելություն ուներ, ավելի շատ էր գրոհում, սակայն «Բանանցը» գոլային ավելի շատ պահեր ստեղծեց եւ ավելի մոտ էր հաղթանակին։ Դաշտի տերերն արդեն 2-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը։ Միայն Արամ Հակոբյանը 3 անգամ կորցրեց գոլ խփելու հիանալի հնարավորությունը։ Այդ օրը կարծես մարզական բախտը երես էր թեքել նրանից։ Մեկ անգամ էլ Վահե Դավթյանը չօգտագործեց նպաստավոր պահը։ Իրենց հերթին հարմար դիրքերից աններելիորեն վրիպեցին փյունիկցիներ Վարդան Մինասյանը, Լեւոն Փաչաջյանը, իսկ Մամադու Դիավարայի գլխի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական ձողին։

Ընդհանրապես ռումին մարզիչ Ստոյկիցայի գլխավորությամբ զգալիորեն փոխվել է «Փյունիկի» խաղաոճը։ Որպես կանոն եզրերով զարգացող գրոհներն ավարտվում էին դեպի տուգանային հրապարակ բարձրից կատարվող փոխանցումներով, որտեղ օդային մենամարտի էին բռնվում Դիավարան եւ Իսա Տրաորեն։ Գրոհների ժամանակ էլ եզրային պաշտպաններ Վախթանգ Հակոբյանը, Արթուր Մկրտչյանը հաճախակի միանում էին հարձակումներինՙ թիկունքում թողնելով միայն Բիլիբիոյին ու Ալու Տրաորեին, ինչը մրցակցի սրընթաց հակագրոհների ժամանակ կարող է վտանգավոր պահերի հանգեցնել։ Ինչեւէ, «Փյունիկը» հանդիպեց «Բանանցի» համառ դիմադրությանը եւ առաջին միավորները կորցրեց։ Հիշեցնենք, որ այս թիմերը մրցակիցներ են գավաթի կիսաեզրափակիչում եւ նրանց առաջիկա մրցավեճը եւս մեծ հետաքրքրությամբ է սպասվում։

Հաջող մեկնարկած «Միկան» ու «Կոտայքը» զարգացրին հաջողությունըՙ ստանձնելով առաջատարի դիրքը։ Հատկապես ուրախալի է կազմը զգալիորեն համալրած «Կոտայքի» հաջող մեկնարկը։ Եթե անցյալ տարի թիմում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ էին խաղում, ապա այժմ «Կոտայքում» մի շարք փորձառու խաղացողներ են հանդես գալիս։ «Լեռնագործի» հետ խաղում էլ աչքի ընկավ թիմի փորձառու նորեկներից մեկըՙ Արթուր Քոչարյանը, որը 5-րդ եւ 25-րդ րոպեներին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։

«Միկան» Արարատում 3¬1 հաշվով հաղթեց «Արաքսին»։ Հաշիվը 29-րդ րոպեին բացեց թիմի նորեկ Արամ Ոսկանյանըՙ իրացնելով իրեն իսկ վայր գցելու համար նշանակված 11 մ հարվածը։ Արամը գերազանց արդյունքի է հասել մեկնարկումՙ առաջնության եւ գավաթի 6 հանդիպումներում խփելով 11 գնդակ։ Հերթական գոլը Ոսկանյանի 70-րդ գնդակն էր ՀՀ առաջնություններում եւ 86-րդըՙ պաշտոնական մրցումներում։ Ընդմիջումից 3 րոպե առաջ Կարեն Եղիազարյանը կրկնապատկեց հաշիվը։ Եվ, թեեւ 57-րդ րոպեին Էդուարդ Հարությունյանը խփեց պատասխան գնդակը, սակայն խաղավերջում Արտյոմ Ադամյանն ամրապնդեց «Միկայի» հաղթանակը։ Հիշեցնենք, որ «Շիրակը» Գյումրիում հաղթել էր «Դինամոյին» (1¬0)։

Մրցաշարային աղյուսակ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Միկա - 2 - 2 - 0 - 0 - 5¬1 - 6

2. Կոտայք - 2 - 2 - 0 - 0 - 3¬0 - 6

3. Փյունիկ - 2 - 1 - 1 - 0 - 2¬0 - 4

4. Լեռնագործ - 2 - 1 - 0 - 1 - 4¬2 - 3

5. Շիրակ - 2 - 1 - 0 - 1 - 1¬2 - 3

6. Բանանց - 2 - 0 - 1 - 1 - 0¬2 - 1

7. Դինամո - 2 - 0 - 0 - 2 - 0¬2 - 0

8. Արաքս - 2 - 0 - 0 - 2 - 1¬7 - 0

Ռմբարկուները

Արամ Ոսկանյան («Միկա») - 3

Արթուր Քոչարյան («Կոտայք») - 2


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4