«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՆՅՈՒ ՅՈՐՔՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ

Նյու Յորքի դատախազներն ապրիլի 9-ին Մանհեթենի գերագույն ատյանում դատական գործ են հարուցել Թուրքիայի Հանրապետության դեմՙ պահանջելով 70 մլն դոլարը գերազանցող կուտակված հարկային պարտքերը։ Նրանք, ըստ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի, մեղադրել են Թուրքիայինՙ Մանհեթենի «Յունայթեդ նեյշնզ պլազա» թիվ 821 հասցեում գտնվող 11 հարկանի շենքի դիվանագիտական գրասենյակներն առեւտրական նպատակներով օգտագործելու, բայց հարկերից խուսափելու մեջ։

«Մենք հպարտ ենք, որ հյուրընկալում ենք մեր քաղաքում ՄԱԿ-ի անդամ երկրներին, սակայն չենք կարող թույլ տալ, որ մեր հյուրերը չարաշահեն մեր հյուրասիրությունը։ Ճիշտ է, անդամ երկրներից մեծամասնությունը կատարում է իր պարտքը եւ ժամանակին վճարում, բայց կան մի քանի երկրներ, որոնք շարունակ խուսափում են հարկերը վճարելուց», «Նյու Յորք փոստի» թղթակցին ասել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Իսկ ֆինանսական հարցերի հանձնակատար Մարթա Սթարքն ավելացրել է. «Մենք գույքահարկից ազատում ենք անդամ երկրներին, եթե նրանք տարածքն օգտագործում են կառավարական գործերի նպատակով, բայց ոչ այն դեպքում, երբ առեւտրական նպատակներով են օգտագործում դրանք»։

Անցած երկու տարվա ընթացքում փորձ է արվել հարցը լուծել բարեկամական ճանապարհով, բայց որեւէ դրական արդյունք չի արձանագրվել։

«Նրանք (թուրքերը) միլիարդներ պահանջեցին Մ. Նահանգներից թույլ տալու համար, որ իրենց երկիրն օգտագործվի ամերիկյան զորքերի կողմից, բայց իրենք Մ. Նահանգների տարածքը ցանկանում են ձրի օգտագործել (շահութաբեր գործարքների համար)», այդ առթիվ դիպուկ է արտահայտվել «Նյու Յորք փոստի» ապրիլի 10-ի համարում հայտնի մտավորական, Նյու Յորքի հանրային գրադարանի նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանի որդինՙ Դարեհ Գրիգորյանը։

Թուրքիայի ընդհանուր հյուպատոս Օմեր Օնհոնը «Ֆայնենշլ թայմսի» թղթակցին հայտնել է, թե Թուրքիան չի ժխտում, որ կուտակված պարտքեր ունի, բայց դրանք 70 միլիոնից զգալիորեն նվազ են։ Նա ավելացրել է, որ Թուրքիան մոտ էր համաձայնության գալու Նյու Յորքի իշխանությունների հետ, եւ զարմանք է հայտնել, որ դատական գործ է հարուցվել արդեն։

Իսկ քաղաքի ճանաչված փաստաբաններից Ջադսոն Վիկերզը «Նյու Յորք դեյլի նյուզին» պարզաբանել է, որ, ճիշտ է, անցյալ տարի նման համաձայնության եզրեր գտնվել էին, բայց քանի որ Թուրքիան մինչ օրս վճարումներ չէր կատարել, նրանք հոգնել էին սպասելուց եւ դատական գործ էին հարուցել։

Թվում է, շարունակում է Հարութ Սասունյանը, Վաշինգտոնն ու Նյու Յորքն, իրոք, ձանձրացել են Թուրքիայի խաղերից։ Մյուս կողմից, Նյու Յորքից դեմոկրատ սենատոր Չաք Շումերը կարծես գտել է նրանցՙ թուրքերի հետ վարվելու ձեւը։ Նա առաջարկել է օտար երկրներին տրվող նյութական օժանդակությունները կրճատել, եթե նրանք պարտք ունեն Մ. Նահանգներին։

Բայց եթե նույնիսկ Կոնգրեսը վավերացնի նրա բանաձեւը, դարձյալ, ըստ Սասունյանի, ամերիկացիներն են տուժելու, որովհետեւ տվյալ դեպքում 70 կամ ավելի միլիոն գումարը նվազելու է այն 1 միլիարդ դոլար գումարից, որ նախագահ Բուշն այնքան առատաձեռնորեն խոստացել է Թուրքիային իրաքյան պատերազմի առնչությամբ։ Իսկ այդ 1 միլիարդը, պարզ է, ամերիկացիների գրպանից է գանձվելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4