«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉՀԱՍՏԱՏԵԼ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն երեկ մամուլի ասուլիսում երկրի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեին խորհուրդ տվեց զերծ մնալ Վրաստանում դիկտատուրա հաստատելու եւ կառավարման ավտորիտար համակարգ ձեւավորելու նկրտումներից։

Տկն Բուրջանաձեն պրն Շեւարդնաձեին հիշեցրեց Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայիՙ 90-ական թթ. սկզբներին որդեգրած քաղաքականությունը, ինչը պատճառ դարձավ իշխանությունից Գամսախուրդիայի հեռացմանը։

2003 թ. նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Շեւարդնաձեն նախապատրաստվում է ամենայն լրջությամբ. արդեն ձեւավորվել է «Հանուն նոր Վրաստանի» նախընտրական դաշինքը, որը գլխավորում են նախագահ Շեւարդնաձեն եւ պետնախարար (վարչապետ) Ավթանդիլ Ջորբենաձեն։

«Հանուն նոր Վրաստանի»-ն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում նպատակադրվել է նոր խորհրդարանում ունենալ հստակ մեծամասնություն։ Դաշինքին, բացի Շեւարդնաձեից եւ Ջորբենաձեից, նահանգապետներից, անդամակցում են մեկ տասնյակից ավելի կուսակցություններ, կազմակերպություններ։

«Շեւարդնաձեի նման քայլերը երկիրը կտանեն դիկտատուրայի եւ կառավարման ավտորիտար համակարգի ձեւավորման։ Ես մտահոգված եմ այն փաստով, որ նահանգապետները կարգադրություն են ստացել ամեն հնարավոր քայլերի դիմել, որպեսզի դաշինքը (Շեւարդնաձեի) ընտրություններում ապահովի մեծամասնություն։ Նախագահի քաղաքականությունը վտանգում է Վրաստանի ժողովրդավարությունը», հայտարարեց Բուրջանաձեն։

Այսօր պաշտոնական այցով Ուկրաինա մեկնող Շեւարդնաձեն կամ նախագահի մամլո ծառայությունը չեն մեկնաբանել Վրաստանի նախագահի ամենամերձավոր ընկերներից մեկի դստերՙ Նինո Բուրջանաձեի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Բուրջանաձեն խորհրդարանի նախագահ դարձավ 2001 թ. աշնանը, երբ նախագահ Շեւարդնաձեի հրաժարականը պահանջող խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան հրաժարական տվեց։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4