«Հայ դատի հետապնդումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է, կա եւ կլինի Ռամկավար Ազատական կուսակցության կարեւորագույն, սկզբունքային դրույթներից մեկը, կուսակցությունն իր գործունեության ողջ տարիների ընթացքում աշխատելով սփյուռքում, վերահաստատվելով Հայաստանում հետապնդել է եւ շարունակելու է հետապնդել Հայ դատը։ Մենք գտնում ենք, որ այն հայերը, ովքեր չեն ընդունում եւ չեն հետապնդում Հայ դատը որպես մեր ազգային հիմնարար խնդիր, իրավունք չունեն հայ կոչվելու», երեկ հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը մինչ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման սկիզբը լրագրողների հետ ունեցած զրույցում։
ՀՌԱԿ կազմակերպած միջոցառմանը ելույթ ունեցավ կուսակցության Հանրապետական վարչության անդամ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը։
Զեկույցում նա պատմական էքսկուրս կատարեց, անդրադարձավ Ցեղասպանության ճանաչման արդի գործընթացին։ Պրն Բարսեղյանի խոսքով, հայ ժողովուրդը երկրորդից երրորդ հազարամյակ, որպես դժվարին ժառանգություն, իր հետ տանում է Հայոց ցեղասպանության դատապարտման խնդիրը։ «Երրորդ հանրապետության առաջին ղեկավարությունը փորձեց թոթափել պատմական բեռը», նշեց Լավրենտի Բարսեղյանըՙ անընդունելի համարելով նաեւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործելակերպը։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը համոզված է, որ անկախ իշխանություններից, կառավարություններից, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ խնդիրը պետք է անկյունաքար դառնա։
«Պետք է հստակեցնել մեր նպատակները եւ պահանջները Թուրքիայի նկատմամբ։ Բարոյականից դրանք պետք է տեղափոխվեն միջազգային իրավական հարթություն։ Մենք պարտավոր ենք պատշաճ պատասխան տալ ոչ միայն Թուրքիային, այլեւ արեւմտյան քարոզչությանը, որը հայ ժողովրդի դեմ գործած հանցանքը կոծկելու համար զբաղվում է փաստերի նենգափոխմամբ եւ պատմական կեղծարարությամբ»։ Բանախոսը նշում է, որ հրապարակում եղած փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ են մի շարք իրողություններՙ ովքե՞ր են հայերի ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները, որոնց նախ եւ առաջ պետք է դատապարտի Թուրքիայի ներկայիս կառավարությունը. ինչպիսի՞ իրավական հիմքերի եւ ներկայումս գործող միջազգային փաստաթղթերի հիման վրա կարող ենք մեղադրանք ներկայացնել ոճրագործության կազմակերպիչներին, Թուրքիայի ներկայիս իշխանություններին. ովքե՞ր կարող են մեղադրանք ներկայացնելՙ ՀՀ կառավարությո՞ւնը, ՄԱԿ-ը, Եվրախորհրդարա՞նը, թե՞ հասարակական հիմունքներով գործող որեւէ միջազգային դատարան. ցեղասպանության հետեւանքով բարոյական եւ նյութական ինչպիսի՞ հետեւանքներ են հասցվել հայ ժողովրդին եւ ինչպիսի՞ն պետք է լինի փոխհատուցումը. ինչպիսի՞ դեր է հատկացվում ՀՀ կառավարությանը վերոհիշյալ հարցադրումները լուծելու հարցում։
Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ՀՌԱԿ կազմակերպած միջոցառմանը ներկա էին մտավորականներ, հյուրեր կուսակցության անդամներ։ Ձեռնարկի ծրագրով նախատեսված էր նաեւ համերգային մաս։ «Սերենադ» կամերային նվագախումբը կատարեց Շոստակովիչի թիվ 8 լարային կվարտետը, Ասլամազյանի մշակմամբ Կոմիտասի մանրանվագները։
Մ. Հ.