«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ԽԱՉԻ ԹԱՓՈՐ

Ուրբաթՙ ապրիլի 18-ին, Արարատյան հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին կազմակերպեց խաչի թափորՙ նվիրված Հիսուս Քրիստոսի խաչելությանը։ Խումբը կազմված էր հայորդաց տների երիտասարդական միությունների ներկայացուցիչներից եւ սփյուռքահայ երիտասարդներից։ Թափորը սկսվեց Աբովյան փողոցից, հետո անցավ Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան եւ կրկին Աբովյան փողոցներով։ Ըստ Ավետարանի, Հիսուսի վերջին հանգրվանըՙ խաչելության վայրը, Գողգոթան էր, որը թարգմանաբար նշանակում է գանգի վայր։ Այս թափորի Գողգոթան Կաթողիկե եկեղեցին էր։ Թափորն ուղեկցվում էր աղոթքներով։ Յոթ տեղ կանգնելովՙ տեր հայրերն արտասանեցին Հիսուսի վերջին յոթ խոսքերը. «Աստված իմ, Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Հայր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, ինչ են անում։ Այսօր եւեթ ինձ հետ դրախտում կլինես։ Հայր, ահա քո որդին, որդի, ահա քո մայրը։ Ծարավի եմ։ Ամեն ինչ կատարված է»։

«Եթե քայլում ենք Հիսուսի հետ, պետք է, որ նրա խոսքն էլ մեզ հետ լինի», այսպես բնութագրեց վերը նշված խոսքերի նշանակությունը Կաթողիկե եկեղեցու տեր հայր տեր Տաճատը։ Թափորը հավատքի վկայություն էր, այն հավատքի, որ մեր երիտասարդությունն ունի Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, մեր կրոնը միշտ հեղաշրջման մեջ է եղել, եւ հավատքի շնորհիվ է, որ այն աճել ու կա այսօր։ «Եկեղեցին ընտանիք է, եւ այդ ընտանիքում բոլորը պիտի համախմբված լինեն», ավելացրեց տեր Տաճատը։ Այսպիսի թափոր կազմակերպվում էր առաջին անգամ, եւ այն կարելի է համարել կայացած։

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱԴԱԹՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհիներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4