Երեկ վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւանի պետական գյուղատնտեսական ակադեմիայում այդ եւ մյուս բուհերի ուսանողների հետ իր երեկվա հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ ներկայացրեց իր տեսակետները երեք խնդիրների շուրջՙ ԱԺ սպասվող ընտրություններ, ՀՀ ՍԴ Ստեփան Դեմիրճյանի հայցի վերաբերյալ վճիռը եւ երկրի տնտեսական վիճակը։
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց հայաստանյան բուհերի ուսանողներին, որ պատրաստվում է իր նախընտրական տնտեսական ողջ ծրագիրը կյանքի կոչել։ «Բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի համագործակցությունը։ Դրա համար էլ սատարելու եմ այն քաղաքական ուժերին, որոնք կիսում էին իմ նախընտրական ծրագիրը։ Այլապես, եթե ընտրված ԱԺ-ն հակադրվի նախագահին, չորս տարի շարունակ ունենալու ենք ոչ շահեկան վիճակ։ Նախագահ-ԱԺ-կառավարություն հակամարտության համար սահմանադրությունը լուծում չի նախատեսում, իսկ մեր ընդդիմությունը խիստ արմատական է»։
Նախագահը հիշեցրեց, որ ՍԴ-ն իր խորհրդատուների շարքում չի նշվում
Մեկնաբանելով Սահմանադրական դատարանիՙ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցի վերաբերյալ անցյալ շաբաթ կայացրած որոշումըՙ Ռ. Քոչարյանը նշեց, թե յուրաքանչյուր դատարան, այդ թվում նաեւ Սահմանադրականը, կոչված է խնդրահարույց հարցին վերջակետ դնելու եւ ոչ թե հարցականներ առաջացնելու։ Ըստ նախագահի, եթե երկրի Սահմանադրական դատարանը կամենում էր առաջարկությամբ հանդես գալ, կարող էր իր ասելիքը գրավոր ուղղել թե՛ իրեն, թե՛ խորհրդարանին։
«Իսկ եթե ՍԴ-ն կամենում էր խորհուրդ տալ, ես ունեմ խորհրդականների ինստիտուտ, որի մեջ այդ կառույցը չի մտնում»։ Նախագահը քննադատեց նաեւ վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկի էությունը։ Նա բնական համարեց ընտրություններից հետո դեռեւս պահպանված լարվածությունը։ «Յուրաքանչյուր ընտրություն էլ նշանակում է կիսել հասարակությունը կողմ եւ դեմ հատվածների, հանրաքվեն եւս։ Այնպես որ, ո՞րն է իմաստը հանրաքվեով ընտրությունների արդյունքները հաստատելու, այնուհետեւ էլ մեկ այլ հանրաքվեով այդ հանրաքվեի արդյունքները ճշգրտելու»։
Տնտեսությունն արդեն շատ զգայուն չէ երկրի ներքաղաքական գործընթացների հանդեպ
Իր առանձնացրած երրորդ թեմային անդրադառնալիս նախագահն ուսանողներին տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 11,3 տոկոս տնտեսական աճ, որ ներառում է տնտեսության բոլոր ուղղությունները։ Սա Ռ. Քոչարյանը լավ ցուցանիշ համարեցՙ հատկապես հաշվի առնելով, որ եռամսյակը համընկնում է ընտրական գործընթացների հետ։
«Իջել է բանկային տոկոսադրույքը, ստեղծվել են նոր բանկեր»։ Սա, ըստ վերընտրված նախագահի, նշանակում է, որ գործարար շրջանակներն ունեին իրենց կանխատեսումներն ու վստահություն նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված։ «Սա փաստում է նաեւ, որ երկրի տնտեսությունը պակաս զգայուն է դարձել ներքաղաքական գործընթացների հանդեպ»։
Այս ամփոփումից հետո նախագահին ուղղած բազմաթիվ հարցերի թվում ուսանողներին հետաքրքրում էր նաեւ սահմանադրական բարեփոխումների խնդիրը։ Նախագահը հիշեցրեց, որ որպես նախագծի հեղինակ ինքն իրավասու չէ մեկնաբանություններ անելու։ «Բայց փորձեմ պատկերավոր պատասխանել։ Գործող սահմանադրությունը նախատեսում է կիսանախագահական կառավարում, որ առավելապես թեքված է դեպի նախագահ։ Այս նախագծով կառավարման ղեկը փորձում ենք բերել մեջտեղ»։ Նախագահի համոզմամբ, բարեփոխումներն ընդլայնում են մարդու իրավունքների, պաշտպանության, կուսակցական համակարգի կայացման դաշտը։ «Բացասական կողմ եմ համարում այն, որ նախագիծը սահմանափակում է նախագահի լծակները տնտեսական խնդիրների լուծման դաշտում։ Բայց եթե կուսակցական համակարգը կայանա, կառավարությունը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, կկարողանա կարգավորել ոլորտը», մտածում է նախագահը։
«Ո՞րն է մեր արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումը» հարցին Ռ. Քոչարյանը պատասխանեց, որ այս բարդ տարածաշրջանում կարողացել ենք հավասարակշիռ քաղաքականություն վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, զարգացնել հարաբերություններ եվրոպական կառույցների ու Եվրամիության երկրների, Իրանի հետ։
Գյուղատնտեսական ակադեմիայից նախագահը գնաց նվեր ստանալով շախմատՙ խոստովանելով, որ խաղում է այդ խաղը, բայց ոչ լավ։