«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

ԹԲԻԼԻՍԻ, 22 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկուշաբթի օրը Թբիլիսիում կայացել է տեղի հայ մտավորականության, կրթական հաստատությունների, երիտասարդության, հիմնադրամների եւ կանանց կազմակերպությունների, մամուլի, հասարակայնության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վրաստանի տարածաշրջաններից ժամանած հյուրերի հանդիպումը։ Իր ելույթում Թբիլիսիի հայ համայնքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել Վրաստանի խորհրդարանի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը։ Հանդիպմանն ընդունվել է նամակՙ ուղղված Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին։ 677 ստորագրություններով նամակում մասնավորապես նշված է, որ «Վրաստանի խորհրդարանի կողմից հայերի 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը կլիներ լուրջ քայլ առաջ, եւ դրան բարձր գնահատական կտային ոչ միայն Վրաստանի, այլեւ մյուս երկրների հայերը»։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ ապրիլի 23-ին եւ 24-ին նախատեսված միջոցառումների ծրագիրը, ըստ որի ապրիլի 23-ին ցուցադրվելու է ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը, իսկ ապրիլի 24-ին հանրահավաք է տեղի ունենալու Հավլաբարի Նոր Էջմիածին հայկական եկեղեցու հարակից տարածքում։ Որոշվել է նաեւ մասնակցել Վրաստանի հայերի միության ձեռնարկումներինՙ Նոր Էջմիածին եկեղեցում ապրիլի 24-ին կայանալիք արարողությանը եւ հայ գրողների ու մշակույթի գործիչների պանթեոնում նախատեսված միջոցառմանը։

«Մեր կամքն աներեր է։ Մենք հասնելու ենք պատմական արդարության վերականգնմանը, որպեսզի ցեղասպանությունն այլեւս երբեք չկրկնվի»,- նշել է Առնոլդ Ստեփանյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4