Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակի օրեր Հայաստանում...
«Բարեգործությունն իրական քաղաքականություն է»ՙ այս մտածելակերպով է գործել մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության համար պայքարող նորվեգացի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենը, որի հիշատակին էր նվիրված ԳԱ ակադեմիայի, Ֆ. Նանսենի միջազգային հիմնադրամի եւ «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի կազմակերպած երեկվա կլոր սեղանըՙ ակադեմիայի նիստերի դահլիճում։
«Այս օրերին, երբ ողջ հայությունն ու միջազգային հանրությունը նշում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակը, հաճախ է հիշատակվում Ֆրիտյոֆ Նանսենի անունը, քանզի նրա բեղմնավոր գործունեության մեջ կարեւոր տեղ է գրավում հայանպաստ աշխատանքըՙ պայքարը հայկական հարցի արդարացի լուծման եւ հայ գաղթականների դրության բարելավման համար», բացման խոսքում ասաց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
Ամենայն հայոց կաթողիկոսի անունից ողջույնի եւ բարեմաղթանքի խոսք ասաց Շահե արք. Աճեմյանը, հիշեցնելով Նանսենի հետեւյալ արտահայտությունը հայ ժողովրդի մասին. «Դժվարանում եմ հավատալ, որ որեւէ մեկն ընդունակ է ծանոթանալու այդ նշանավոր ժողովրդի պատմությանըՙ առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից»։
Սրբազանը ցավով նշեց, որ այսօր էլ դեռեւս շարունակվում են հայոց ճիգերըՙ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, միեւնույն պահին հույս հայտնելով, որ Նանսենի հիշատակին նվիրված միջոցառումները գուցե միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնեն այդ խնդրի վրա։
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը շեշտեց Նանսենի բացառիկ ունակությունը, որով նա խորապես ըմբռնեց Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության քաղաքականության էությունը։ Նա անգնահատելի համարեց Նանսենի գրական ու գիտական ժառանգությունը, մասնավորապեսՙ նշանավոր «Հայաստան» աշխատությունը, որը մեր ժողովրդի մասին օտարների գրած լավագույն գործն է։
«Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի նախագահ Պիետրո Քուչուկյանի բնորոշմամբ, հայ գաղթականներին Նանսենի տված անձնագիրն իրականում նրանց հոգի տվեց։ Ցուցադրվեց նրա բերած տեսանյութը, որը պատմում է Օսլոյում Նանսենի շիրմի մոտ կայացած հանդիսավոր արարողության մասին։
Հայոց ցեղասպանության դատապարտման եւ մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած հասարակական գործունեության համար Ֆ. Նանսենի միջազգային հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը Ֆ. Նանսենի անվ. հուշամեդալներ հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոսին, Ֆադեյ Սարգսյանին, պատմ. գիտ. դոկտոր Մակիչ Արզումանյանին, Պիետրո Քուչուկյանին, ակադեմիկոս Գալուստ Գալոյանին, պրոֆ. Վահագն Տատրյանին, պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանին եւ Նորվեգիայի հայկական համայնքի անդամ Կայծակ Դեմիրճյանին։
ԳԱ ակադեմիայի նախագահության եւ «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի որոշմամբ Ֆ. Նանսենի անվ. հուշամեդալներ հանձնվեցին ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանին, ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանին, Վարդգես Միքայելյանին, ավստրիահայ պատմաբան եւ կինոռեժիսոր Արտեմ Օհանջանյանին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Ղազարյանին, Խ. Աբովյանին մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանին, Ֆ. Նանսենի միջազգային հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանին եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Վերժինե Սվազլյանին։
Այնուհետեւ զեկույցներով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը եւ Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էմմա Հովսեփյանը։
Լավրենտի Բարսեղյանը ներկայացրեց «Ֆ. Նանսենը եւ հայ ժողովուրդը» զեկույցըՙ համակողմանի ընդգրկելով միջազգային քաղաքականության մեջ նրա ունեցած դերը, միաժամանակ առանձնացնելով հայ ժողովրդի հետ նրա մեծ բարեկամությունն ու անսպառ գթասրտությունը։ Նանսենը հայ ժողովրդի կյանքին ծանոթացավ իրական դեպքերով, քանզի ժամանակակիցն ու ականատեսն էր 19-րդ դարի վերջերին Օսմանյան կայսրությունում 300 հազար հայերի կոտորածների։ Հատկանշական են Նանսենի հետեւյալ խոսքերը. «Հայերի ճնշումը երիտթուրքերի կողմից տարբերվում էր արյունարբու Համիդի ու հին կառավարության հալածանքներից նրանով, որ կատարվում էր խնամքով մշակված մեթոդիկ ծրագրով, այդ պատճառով էլ ավելի վտանգավոր էր»։ Ամփոփելով Հայ դատի պաշտպանության ու հայերի փրկության համար Նանսենի ծավալած անմոռաց աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստան կատարած նրա այցըՙ պրն Բարսեղյանը հիշեցրեց այն ճշմարտությունը, որ փոքրաթիվ ժողովուրդներն ավելի կարիք ունեն մեծ բարեկամների, որպիսին էր Նանսենը հայերի համար։ «Քանի դեռ կան հայերը, նրանք խոր ակնածանքով ու անհուն սիրով կհիշեն Նանսենի անունը», ելույթն ավարտեց նա։
Նանսենի «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը» աշխատության պատմագիտական արժեքի մասին խոսեց Մհեր Կարապետյանը։ Նա մատնանշեց գրողի ուրույն մեկնաբանությունները սուլթան Համիդի գազանաբարո էության, հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների երկերեսանի դիրքորոշման մասին, որոնց թողտվության պայմաններում տեղի ունեցավ հայերի կոտորածները։ Խոսելով երիտթուրքերի հայերին բնաջնջելու ծրագրերի մասին, նա մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելու հանգամանքն ապացուցող փաստարկներինՙ դրանք համարելով կարեւոր գործոն Ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին։
Ազգային արխիվում նանսենյան վավերագրերի հարուստ հավաքածուն հանգամանորեն ներկայացրեց Էմմա Հովսեփյանը։ Վերջին տարիներին ստեղծված այս հավաքածուն ներառում է շուրջ 500 փաստաթուղթՙ մի քանի օտար լեզուներով եւ մի քանի տասնյակ լուսանկարներով։ Հավաքածուն հրաշալի նվեր է Նանսենի գործունեության հետազոտությամբ զբաղվողների համար։ Միջոցառման վերջում մասնակիցներն այցելեցին արխիվում օրերս բացված «Ֆ. Նանսենը եւ Հայաստանը» փաստաթղթերի ցուցահանդես։
Այսօր Մեծ Եղեռնի հուշահամալիրի հուշապատի մեջ կամփոփվի մեծ հումանիստ Նանսենի գերեզմանից բերված հողը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ