ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
118-ամյա իր գործունեության ընթացքում Ռամկավար Ազատական կուսակցությունը, սկսած Վանի Արմենականներից, պայքարել եւ պայքարում է հայ ժողովրդի ազատ, անվտանգ, բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի համար։ Հայոց գոյամարտին իր կարողությունների առավելագույնը զոհաբերելուց հետո Ռամկավար Ազատական կուսակցությունը սփյուռքում 70-ամյա գործունեության ընթացքում ջանքերը ներդրել է ազգապահպանության, հայոց իրավունքների պաշտպանության, սփյուռքահայ կյանքը ժողովրդավարականորեն կազմակերպելու, Հայոց եկեղեցին զորացնելու, Հայաստանի Բարեգործական Ընկերություն Միության նման ազգային կառույցներն ամրապնդելու, սփյուռք-Հայաստան կապերը զարգացնելու եւ վերջապեսՙ Սփյուռքը Հայաստանի համար զորացնելու գործում։ 1990 թ.-ին վերադառնալով հայրենիք, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը նորանկախ Հայաստանում գործել եւ գործում է ժողովրդավարական, ինքնիշխան եւ իրավական պետություն ստեղծելու համար։ Պետական իշխանության կառուցվածքի եւ գործունեության վերաբերյալ մեր կուսակցության գաղափարներն ու առաջարկներն իրենց արտացոլումն են գտել դեռեւս 1994 թ. ՀՌԱԿ-ի մշակած ՀՀ Սահմանադրության նախագծում, օրենսդրական տարբեր նախաձեռնություններում։
Դեռեւս 1995 թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը մշակել էր մի շարք հիմնավոր առաջարկներ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր ու դատական իշխանությունների լիազորությունների առավել հստակ սահմանման, դրանց տարանջատ, հակակշիռ եւ, միաժամանակ, ներդաշնակ գործունեության ապահովման, տնտեսության զարգացման, ազգաբնակչության բարեկեցության ապահովման համար, որոնք կենսագործման առիթ չստացան, քանի որ կուսակցությանը, հակառակ ընտրություններում ձեռք բերած գոհացուցիչ արդյունքներին, թույլ չտրվեց վերստին օրենսդիր իշխանությանը մաս կազմել։ Արդյունքում վարկաբեկվեց ժողովրդավարության գաղափարը, խեղաթյուրվեցին ազատականությունը, ընտրությունների ինստիտուտը, արգելակվեց կուսակցությունների, այդ թվում Հայաստանի Բարեգործական ԱԿ-ի զարգացման գործընթացը։ Փոխարենը Հայաստանում զարգացավ անօրինականությունը եւ անարխիան, նոմենկլատուրային կապիտալիզմը։
1998 թ. իշխանափոխությունից հետո թեեւ ՀՌԱԿ-ի գործունեության համար ավելի նպատակային պայմաններ ստեղծվեցին եւ կուսակցությունը վերստին հնարավորություն ունեցավ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու եւ նույնիսկ օրենսդրական տարբեր նախաձեռնություններով ու սահմանադրական բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու, սակայն 1999 թ. խորհրդարանական ընտրություններում չհասցրեց հանդես գալ իր հնարավորություններին համապատասխան մակարդակով։
Մասնակցելով առաջիկաՙ 2003 թ. մայիսի 25-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններին, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը վստահ է, որ ընտրողների աջակցությամբ հնարավորություն կունենա օրենսդրական գործունեությամբ իրականացնելու իր գաղափարախոսական դրույթներից բխող քաղաքական ու սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնց հակիրճ շարադրանքը ներկայացնում ենք հետագա էջերումՙ ի գիտություն Հայաստանի քաղաքացիներին։
1. Արտաքին քաղաքականություն
Համաշխարհային ինտեգրացման ներկա պայմաններում աշխարհը շարունակում է մնալ ռազմական բախումների ու տնտեսական մրցակցության ասպարեզում։ Երեւան են եկել նոր կամ նորացված ձգտումներ համաշխարհային ինտեգրացիոն գործընթացները միաբեւեռությանը ծառայեցնելու, գլոբալիզացման միտումները պարտադրաբար նույն միաբեւեռության ամրապնդման համար օգտագործելու։ Բնականաբար, նման ձգտումները սաստկացրել են հակասություններն աղքատ ու հարուստ երկրների, տարբեր քաղաքակրթությունների միջեւ, որոնց ծայրահեղ դրսեւորումներից մեկը եթե միջազգային ահաբեկչության վտանգավոր սաստկացումն է, մյուսն առկա հակասությունները զենքի ուժով լուծելու ոչ պակաս վտանգավոր նկրտումներն են։ Դժբախտաբար, հատկապես վերջին շրջանում, փոխվում է համախոհությամբ ու միջազգային իրավունքի շրջանակներում աշխարհի գործերը կարգավորելու ընթացակարգը, անտեսվում են հենց դրա համար ստեղծված միջազգային կառույցների դերն ու նշանակությունը։
Համահարթեցման, միակողմանիորեն հարցերը լուծելու գործելակերպը սպառնում է նաեւ մեր տարածաշրջանին, որտեղ առկա հակասությունների նոր սրացումներ են ակնկալվում, ընդհուպՙ քաղաքական քարտեզի «ճշգրտումներ»։ Այս պայմաններում անհրաժեշտ է վերստին ճշգրտել վերջին տարիներին Հայաստանի որդեգրած փոխլրացման քաղաքականության առաջնահերթությունները, քանզի չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրը հայտնվի միջազգային ու տարածաշրջանային հակասությունների մրցասպարեզում։
Հայաստանի արտաքին քաղաքականության գերխնդիրներն ենՙ ապահովել սեփական սահմանների անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար լուծումը, արտաքին ներդրումների ներհոսքը, Հայաստանից դեպի արտաքին աշխարհ ձգվող տրանսպորտային ուղիների հուսալիությունը։ Այս խնդիրների լուծումը պահանջում է պատասխանատու մոտեցումներ ոչ միայն հանրապետության նախագահի եւ արտգործնախարարության, այլեւ Ազգային ժողովի կողմից, որտեղ արտաքին հարաբերությունները ցարդ սահմանափակված են եղել ընդամենը միջխորհրդարանական կապերի, եվրոպական կառույցների հետ ինտեգրման հարցերով։
ՀՌԱԿ-ը պատրաստակամ է ապագա Ազգային ժողովի շրջանակներում եւ դրանից դուրս պատասխանատվությամբ զբաղվելու այս եւ նման կենսական հարցերով։
2. Ազգային պաշտպանություն
Վերոշարադրյալ խնդիրները հաջողությամբ լուծելու կարեւորագույն գրավականն է Հայոց ազգային բանակը։ Հայաստանը պարտավոր է ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենադյուրաշարժ բանակըՙ հագեցած գիտատեխնիկական լավագույն սպառազինությամբ, զենքի տիրապետման պրոֆեսիոնալիզմով։ Անշուշտ, դա մեծապես կախված է երկրի տնտեսական վիճակից, պետական բյուջեից։ Սակայն դա կախված է նաեւ ազգային բանակի ներսում թե շուրջը տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից, վերաբերմունքից։ Ազգային բանակում ծառայելը ոչ միայն պարտականություն, այլեւ պատիվ պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։ ՀՌԱԿ-ը պատրաստ է Ազգային ժողովում ուշադրության կենտրոնում պահել երկրի պաշտպանունակության բարձրացման, Ազգային բանակի կատարելագործման հարցերը, նպաստել դրանց լուծմանը։
3. Ղարաբաղյան հիմնահարց
Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում նախագահական առաջիկա ընտրություններից անմիջապես հետո դարձյալ աշխուժանալու են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները, թերեւս արագացված կուրսով։
ՀՌԱԿ-ը հավատարիմ է մնում ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հիմնահարցը լուծելու ռազմավարությանը եւ հակամարտության փաթեթային լուծման մարտավարությանը։ Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է համոզված լինեն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն կայացած պետական միավոր է։ Փաստական այս իրողության, պետական այդ միավորի հետագա զարգացման հնարավորությունների միջազգայնորեն երաշխավորված ապահովագրումից հետո միայն կարելի է բանակցելի նկատել բոլոր մնացած հարցերը, այդ թվում ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքների խնդիրը։
Հիմնահարցի լուծումը ենթադրում է միասնական եւ համակարգված ազգային մոտեցումներ, կամք եւ հետեւողականություն։ Միայն Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում կարող են ՀՌԱԿ ներկայացուցիչները լրիվ արդյունավետությամբ համակարգել աշխատանքը Ռուսաստանում գործող լոբբիստական մեր կարեւորագույն շրջանակիՙ Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաեւ Արեւմուտքում գործող ՌԱԿ եւ այլ կազմակերպությունների ջանքերի հետ, ի խնդիր հիմնահարցի արդար լուծման։
Մյուս կողմից, հիմնահարցի երկարաշունչ ու տեւական լուծումն անմիջականորեն կախում ունի Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության աճի, նրա կենսապայմանների բարելավման, երիտասարդ ընտանիքների համար կենսագործունեության պայմաններ ստեղծելու հետ։ ՀՌԱԿ-ն իր բոլոր միջոցներով նպաստելու է նման պայմանների ստեղծմանը։
4. Հայ դատ
Հայ դատը, Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցը հանդիսանում է ՀՌԱԿ ծրագրային կարեւոր դրույթներից մեկը։
Վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հայտնվելը ծանրակշիռ հանգամանք դարձավ սփյուռքում տասնամյակներ շարունակ ավանդական կառույցների կողմից տարվող աշխատանքների արդյունավորման համար։ Մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, հայերի իրավունքները։
ՀՀ ԱԺ-ում Ցեղասպանությանն առնչվող հարցեր հազվադեպ են քննարկվում։ Այնինչ անհրաժեշտ է շարունակ տեսադաշտում պահել այդ հարցը, լսումներ ու քննարկումներ կազմակերպել եւ օրենսդրական լուծումներ տալ Ցեղասպանության խնդիրներին։
5. Ներքին քաղաքականություն
ՀՌԱԿ¬ը իր կարեւոր խնդիրն է համարում օրենսդրության կատարելագործման եւ օրենսդրական վերահսկողության միջոցով ապահովել դատական իշխանության իրական անկախությունը, հասնել այն բանին, որ մեր դատարաններն անթերի իրականացնեն մարդու բոլոր իրավունքների լիակատար պաշտպանությունը, արմատախիլ անել մարդկանց իրավազրկությունը, քանի որ արժանապատիվ կյանքի, հետեւաբար նաեւ իշխանությունների նկատմամբ կասկածանքի մթնոլորտի վերացման առաջին նախապայմանն իրավազրկության վերացումն է։
ՀՌԱԿ-ը ողջունում է քաղաքացիական ծառայողի մասին օրենքի ընդունումը, գործնական կյանքում դրա կիրառման սկզբնավորումը։ պետական ծառայողը պաշտպանված պետք է զգա իրեն օրենքով սահմանված պարտականությունը կատարելիս, պայմանով, որ կատարի այնպիսի գործողություններ, որոնց համար ուղղակիորեն լիազորված է օրենքով։ ՀՌԱԿ¬ը կարեւորում է ժողովրդավարական պետության պաշտոնատար անձի եւ պետական ծառայողի այնպիսի սահմանադրական կարգավիճակի ամրագրումը, համաձայն որի օրենքների պահանջները պարտադիր են բոլոր պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողների համար, իսկ նրանց ամեն մի ապօրինություն ենթակա է վարչական պատիժների եւ, ընդհուպ, դատական պատասխանատվության։
Անհրաժեշտ է կատարելագործել պետական ծառայողի մասին օրենքի կիրառման ոլորտները, բոլոր մակարդակներում արմատավորել պետական աշխատանքի ընդունման մրցութային եղանակները։
Բացի այդ, ինչպես անցումային բոլոր հասարակարգերում, մեր երկրում առկա է բարոյականության ճգնաժամ, որն իր հերթին խորացնում է ներքին անվստահության մթնոլորտը։ Մեր քաղաքական կազմակերպությունները, պետական պաշտոնատար անձինք, եկեղեցական¬կրոնական հաստատությունները, մտավորականությունն ու կրթական գործիչները պետք է ձերբազատվեն հարմարվողական, հոսանքն ի վայր ընթանալու մտայնությունից։ Հասարակական, տնտեսական, քաղաքական պատասխանատվություն ունեցող բոլոր մարդիկ առաջին հերթին անձնական օրինակով պետք է ընդդիմանան այդ անկումային տրամադրություններին եւ բարձրացնեն բարոյական ոգին մեր հասարակության մեջ։
ՀՌԱԿ¬ը պատրաստ է բոլոր առողջ ուժերի հետ լծվելու այդ կարեւոր առաքելությանը։
6. Տնտեսական քաղաքականություն
Տնտեսական բարեփոխումների եւ զարգացման ծրագրերի նպատակն անձին ծառայելն է։ ՀՌԱԿ-ի համար անհատն առաջնային է, հասարակությունն սկսվում է անհատից եւ ընտանիքից։ Հետեւաբար կուսակցության ծրագրի հիմնական նպատակն անհատ անձի բարօրության ապահովումն է, մասնավորապես նրա գույքային իրավունքների պաշտպանվածությունը, իր երջանկությանը հետամուտ լինելու համար հավասար հնարավորությունների երաշխավորումը, անհատի նյութական, մշակութային ու բարոյական բարեկեցության բարձրացմանը նպաստելը։ Այդ բոլորի ապահովման համար անհարժեշտ է ստեղծել ազդեցիկ հասարակություն, կազմակերպված պետություն եւ ազատական տնտեսություն։ ՀՌԱԿ-ը այս երեք հասկացությունների միջեւ չի տեսնում որեւէ հակասություն։ Ընդհակառակը, դրանք փոխլրացնող, փոխպայմանավորող բնույթ ունեն, որտեղ առաջնայինը տնտեսությունն է, ազատակա՛ն տնտեսությունը։
Ազատական տնտեսության գաղափարը չի հանգում տնտեսական հարաբերությունների կարգավորման իսպառ բացակայությանը, ինչպես այն պատկերացնում եւ ներկայացնում էին ոչ հեռու անցյալի մեր «բարեփոխիչները»։ Ընդհակառակն, ազատականությունը ենթադրում է տնտեսական հարաբերություններում պետական կառավարման գործառույթի փոխարինումը կարգավորման գործուն, լավ ձեւակերպված համակարգով։ Պետության դերը տնտեսության ոլորտում պետք է հանգի եւ սահմանափակվի սեփականության իրավունքի գործուն պաշտպանությամբ, ազատ մրցակցության ապահովմամբ եւ ձեռնարկատիրական ու ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմամբ։ Այսուհանդերձ պետությունն իրավունք ունի ներդրումներ կատարելու, սակայն միայն այն ոլորտներում, որտեղ մասնավոր կապիտալն ի վիճակի չէ կամ նվազ եկամտաբեր է համարվում, բայց որոնց զարգացումը կենսականորեն անհրաժեշտ է տվյալ «ենթակառուցվածքներից» օգտվող տնտեսավարող սուբյեկտների համար։ Պետությունն իրավունք ունի նաեւ միջամտելու այն դեպքերում ու ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսությունն է, երբ այս կամ այն պատճառներով հնարավոր են «շուկայի խափանումներ»։ Բոլոր դեպքերում պետությունը չպետք է մրցի մասնավորի հետ, այլ պետք է հանդես գա սոսկ արդարամիտ «արբիտրի» դերում։
ՀՌԱԿ սոցիալ-տնտեսական ծրագիրը, որի ամբողջական եւ մանրամասնյալ դրույթներին կարելի է ծանոթանալ առանձին (տեսՙ «Ազգ», 11 ապրիլ, 20003 թ.), հետապնդում է հետեւյալ նպատակները.
ա. հետարդյունաբերական տնտեսությանն անցնելու նախադրյալների ձեւավորում եւ համաշխարհային տնտեսության գործընթացներին մասնակցելու պայմանների ապահովում.
բ. քաղաքացիների բարեկեցության կայուն աճի ապահովում.
գ. տնտեսական աճի առաջանցիկ այնպիսի տեմպերի ապահովում, որը գերազանցում է համաշխարհային տնտեսության աճի միջին տեմպերը, որպեսզի մինչեւ 2022 թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը հավասարվի բարեկեցիկ երկրների համապատասխան մակարդակին.
դ. հայկական ապրանքների եւ ծառայությունների միջազգային մրցունակության ապահովում.
ե. միջին խավի ձեւավորում եւ ընդլայնում.
զ. մրցակցության ուժեղացում ներքին շուկայում.
է. երկրի տնտեսական անվտանգության ապահովում։
Վերոհիշյալ նպատակների իրականացումը ենթադրում է առաջանցիկ զարգացման հստակ ռազմավարություն եւ մեխանիզմներ, որոնք հատկանշվում են ոչ թե քանակական, այլ առաջին հերթինՙ որակական բնութագրիչներով։ Առաջընթաց զարգացման տարրերն ենՙ կառավարվող բաց շուկայական տնտեսությունը, ուժեղ դատաիրավական համակարգը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, մարդկային ռեսուրսների զարգացումը եւ մարդու աշխատանքային ու քաղաքական իրավունքների պաշտպանության համակարգի ստեղծումը, բարենպաստ ձեռնարկատիրական ու ներդրումային մթնոլորտը, բարձր տեխնոլոգիաների ու ինովացիոն ոլորտում իրականացվող լայնածավալ ներդրումները, տնտեսական աճը խթանող մակրոտնտեսական քաղաքականությունը, կառուցվածքային լայնածավալ փոփոխությունները, տնտեսության ենթակառույցների համապատասխանեցումը նոր պահանջներին, պետական ունեցվածքի արդյունավետ կառավարումը, ֆինանսական շուկաների եւ ինստիտուտների զարգացումը, հողի եւ այլ անշարժ գույքի շուկայի զարգացումը։
Այս բոլորը ենթադրում են համալիր մոտեցումներ ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ գործադիր ասպարեզում։ Այնինչ մեր իրականության մեջ առկա է տվյալ պահի կամ իրավիճակի թելադրանքով կատարվող օրենսդրական նախաձեռնությունները գործադիր իշխանության կողմից, եւ խմբակային շահերի ու, ավելի վատ, պոպուլիստական նկատառումների թելադրանքով առաջ քաշվող օրինագծերըՙ Ազգային ժողովի կողմից։ ՀՌԱԿ-ը պատրաստ է օրենսդրական գործունեության մեջ հեռանկարային համալիր մոտեցում հանդես բերելու ապագա Ազգային ժողովում։
Անցնող տարիների ընթացքում նոր աշխատատեղերի ստեղծումը դարձավ մեր պետության տնտեսական գլխավոր կարգախոսը։ Եվ դա ճիշտ էր։ Անուրանալի են այդ ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, առավելաբար շինարարության եւ ճանապարհաշինության բնագավառում։ Սակայն հայտնի է նաեւ, որ որեւէ գործատուի խնդիրը աշխատատեղեր ստեղծելը չէ։ Հետեւաբար պետության խնդիրը պիտի լինի որքան հնարավոր է շատ ձեռներեցների ներգրավել արդյունաբերության, գյուղատնտեսության եւ սպասարկման տարբեր, նորանոր ոլորտներում, քան հույսը դնել եղածների ավելացման ու մեծացման վրա։ Այդ ձեւով կլուծվի ոչ միայն ազգաբնակչության իրական զբաղվածության խնդիրը, այլեւ հասարակությունը եւ, ինչու չէ, պետությունը կձերբազատվեն, այսպես կոչված, օլիգարխների «անփոխարինելիության» բարդույթներից եւ մյուս անպատեհություններից։
Որքան հնարավոր է շատ ձեռներեցների ներգրավել տնտեսական ոլորտներումՙ նշանակում է ուղղակիորեն նպաստել մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը, հետեւաբարՙ միջին խավի ձեւավորմանը։ Իսկ միջին խավը որեւէ պետության ներքին կայունության, ռիսկից զերծ լինելու եւ օրինաչափ զարգացման գրավականն է։ ՀՌԱԿ-ը իրեն համարում է միջին խավի քաղաքական ներկայացուցիչ եւ պաշտպան։
Համենայն դեպս, ՀՌԱԿ-ը լինելով ոչ միայն ազատական, այլեւ ռամկավարական-ժողովրդավարական կուսակցություն, գտնում է, որ ազատականությունն ու ռամկավարությունը թռչնի զույգ թեւերն են. առանց հասարակարգի ռամկավարացման, տնտեսական ազատականությունը չի կարող անհատի, հետեւաբար հասարակության երջանկությանը ծառայել եւ, փոխադարձաբար, առանց տնտեսական ազատությունների, ժողովրդավարությունը չի կարող գիտակցված, գործնական մակարդակի լինել։ ՀՌԱԿ-ն իր գլխավոր առաքելությունն է համարում Հայաստանում ազատ մտածող, իր եւ ուրիշների ազատությունը հարգող, պաշտպանող անհատների թիվը։
7. Սոցիալական
Պետության հիմքը ամուր միջին խավն է։ Տնտեսական մեր նախաձեռնությունների մեծ մասը նպատակաուղղված է այդ խավի կայացմանն ու զարգացմանը, որի դեպքում միայն պետական բյուջեի հոգսերը կթեթեւանան, սոցիալական ոլորտի, առողջապահության ու կրթության մարզերի հատկացումները կդառնան որոշակի, հասցեագրված եւ նվազագույն իրական պահանջներին համապատասխան։ Միայն ակտիվ սոցիալական քաղաքականության առկայության դեպքում կարելի է ապահովել տնտեսական բարեփոխումների կայունությունը, ձեւավորել բարենպաստ միջավայր տնտեսության առաջանցիկ զարգացման համար եւ պաշտպանել բնակչությունը սոցիալ-տնտեսական ռիսկերից։
ՀՌԱԿ-ի կողմից առաջարկվող սոցիալական քաղաքականությունը հիմնված է սոցիալական հատկացումների եւ նպաստների հասցեագրված մոդելի վրա, որը հակված կլինի առաջին հերթին դեպի բնակչության առավել կարիքավոր խմբերը։ Այդ մոդելը ենթադրում է սոցիալական պարտավորությունների արդյունավետ վերաբաշխում պետության, ոչ առեւտրային (հասարակական-բարեգործական) ոլորտի եւ բիզնեսիՙ գործատուի միջեւ։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ խնդիրների լուծման նպատակով համագործակցություն ստեղծել սոցիալական հիմնական խմբերի միջեւ, վերացնել պետական մենաշնորհը սոցիալական ոլորտում, ոչ պետական ոլորտին ներգրավել այս գործում։
Սոցիալական ապահովության ներկայիս քաղաքականության մեջ արդեն իսկ լայնորեն արտացոլված է ի հաշիվ ապահովված ընտանիքների սոցիալական տրանսֆերտների կրճատմանՙ դեպի կարիքավոր ընտանիքներ սոցիալական եկամուտների վերաբաշխման սկզբունքը, ուստի անհրաժեշտ է դրա հետեւողական կիրառումը։ Միաժամանակ, կարիքավոր եւ սոցիալապես խոցելի խավերին տրամադրվող պետական օգնության կողքին պետությունը, հասարակական տարբեր կազմակերպությունները պետք է ներդնեն ռեաբիլիտացիոն եւ ուսուցողական այնպիսի ծրագրեր, որոնք կաջակցեն այդ խավի տնտեսական ներուժի արդյունավորմանը, կխթանեն ինքնուրույն ջանքերով աղքատության հաղթահարմանը։
Մյուս կողմից, պետությունը պետք է հաստատի առողջապահության եւ կրթության ոլորտում անվճար (պետության կողմից փոխհատուցվող) ծառայությունների սահմանափակ անվանացուցակը բնակչության այն խավի համար, որն առանց պետության աջակցության չի կարողանա օգտվել այդ ոլորտների ծառայություններից։
Անհրաժեշտ է զբաղվածության կենտրոնների համակարգում իրականացնել բարեփոխումներՙ գործազուրկների միայն հաշվառմամբ զբաղվող այդ կենտրոնները վերափոխելու գործազուրկների մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնների, աշխատանք ապահովող հիմնարկների։
Ինչ վերաբերում է կենսաթոշակի խնդիրներին, ապա այստեղ առկա է անհամապատասխանությունն աշխատավորներից գանձվող գումարների եւ կենսաթոշակի վճարման սակերի միջեւ, ինչը հավելյալ լուրջ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ, գործատուները խուսափեն կենսաթոշակային ֆոնդին վճարումներ անելուց։ Անհրաժեշտ է հետզհետե համապատասխանեցնել գանձվող եւ վճարվող գումարներն այս ոլորտում։
ՀՌԱԿ-ը պատրաստ է ոչ պոպուլիստական, այլ իրատեսական համալիր մոտեցում հանդես բերել սոցիալական զարգացման ոլորտի խնդիրներում, դրանց լուծմամբ պայմանավորելով հասարակության առողջությունը։
8. Առողջապահություն
Առողջապահական մասնավոր հիմնարկների զարգացման հետ մեկտեղ պետք է պահպանվեն պետական կարգավորման տարրերը եւ պետական հատկացումները։ ՀՌԱԿ-ը առաջարկում է ոլորտի ֆինանսավորման բարեփոխումներ։ Մասնավորապեսՙ լրիվ անցնել ֆինանսավորման այնպիսի համակարգի, որի հիմքում ընկած կլինի անձիՙ բուժման կարիք ունեցող անհատի ֆինանսավորման սկզբունքը։ Միաժամանակ գտնում ենք, որ պետական բուժհիմնարկներում պետք է անհապաղ վերջ տալ ձեւով պետական, գործնականում սեփական ներկա դրվածքին, որի արդյունքում հիվանդը կամ նրա հարազատները ծախսում են շատ ավելին, քան նախատեսված է բուժծառայությունների համար։ Այդ երեւույթի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մասնավոր բուժհիմնարկների թվի աճն է։ Մյուս միջոցըՙ բժշկական ապահովագրական համակարգի կատարելագործումն է։
Մասնակի կամ պարտադիր ապահովագրման համար առաջին հերթին պետք է խթանել ավտոտրանսպորտի օգտագործմամբ երրորդ անձանց պատճառված վնասի դիմաց ապահովագրումը, վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունների շահագործումից առաջացող վնասների դիմաց ապահովագրումը, ինչպես նաեւ հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցների առողջությանը եւ կյանքին վնաս հասցնելու գործատուների պատասխանատվությունը։
9. Կրթություն
Հետարդյունաբերական համակարգում մարդկային կապիտալը դառնում է տնտեսական զարգացման գլխավոր գործոնը։ Մարդկային ռեսուրսների որակը չափազանց կարեւոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը միշտ էլ ունեցել է բարձր կրթական եւ գիտական մակարդակ, մինչդեռ անցումային շրջանի անկումը սպառնում է նաեւ այս իմաստով խանգարել տնտեսության առաջանցիկ զարգացմանը։ Բացի այդ, վերջին տարիներին տեխնոլոգիաների փոփոխման եւ զարգացման տեմպերը ցույց են տալիս, որ այս ոլորտում բացթողումները մոտակա 10 տարիներին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանը ոչ միայն չի կարող ունենալ սեփական տեխնոլոգիաների ստեղծման հնարավորություն, այլեւ չի կարողանա օգտագործել ներմուծված տեխնոլոգիաները մի պարզ պատճառովՙ չի լինի այդ տեխնոլոգիաներն օգտագործող որակյալ անձնակազմ։
Հաշվի առնելով այս բոլորըՙ անհրաժեշտ է պետական ֆինանսավորման սուղ միջոցները կենտրոնացնել գիտակրթական համակարգի կառուցվածքային փոփոխությունների իրականացման վրա, առաջին հերթին համապատասխանեցնելով դրանք նոր տեխնոլոգիաների պահանջներին, երկրորդՙ կազմակերպելով եւ խրախուսելով արտասահմանյան բուհերում ուսանողների ուսուցումն ու կադրերի վերապատրաստումը, մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելով երկրի տնտեսական զարգացման հեռանկարային պահանջներին։
Դրան հասնելու համար պետք է օգտվել բնակչության պատրաստակամությունից։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ միջին հայաստանցին կրթական համակարգում պատրաստ է ներդնել մի քանի անգամ մեծ գումարներ, քան մեկ շնչին ընկնող հավասար կամ նույնիսկ ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիները։ Սա մեծագույն կապիտալ է, որը պետք է օգտագործվի արդյունավետՙ առաջին հերթին բարձրացնելով տրվող կրթության մակարդակը, սկսած հանրակրթական դպրոցներից ու վերջացրած բարձրագույն կրթական հաստատություններով։
Այս ասպարեզում էլ ՀՌԱԿ-ը ձեռնունայն չի ներկայանում Ազգային ժողովի ընտրություններին։ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ՀՌԱԿ-ը խնդիր է դրել առաջիկա ժամանակաշրջանում Հայաստանի բոլոր դպրոցներն օժտել համակարգչային դասարաններով։
10. Մշակույթ
Հայ մշակույթը հայ ժողովրդի հոգեւոր տարածքն է։ Պատմական պայմանների եւ ազգային առանձնահատկությունների բերումով այդ տարածքը շատ ավելի ընդարձակ է, քան հայկական աշխարհագրական տարածքները։ Պետական աջակցությամբ, հայաստանյան եւ սփյուռքյան հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ջանքերով պետք է առավել ընդարձակել այդ տարածքը, առավել բացվել այլ մշակույթների առջեւ, մշակույթի բնագավառում տանել «ծավալապաշտական» քաղաքականություն, միաժամանակ պահպանելով հայոց մշակույթի եզակիությունըՙ հանդիսանալ արեւելյան ու եվրոպական մշակույթների միջեւ յուրօրինակ սինթեզ։
ՀՌԱԿ¬ը չի ընդունում հարկային այն մոտեցումը, որ այժմ հանդես է բերվում արվեստի գործերի արտահանման, գրահրատարակչության, մշակութային օջախների գործունեության ասպարեզում։ Նման հարկերից ու մաքսերից ստացվող գումարները շատ ավելի քիչ են, քան մշակույթի ասպարեզում պետբյուջեից ծախսված գումարները, հետեւաբար ինքնաֆինանսավորման խթանման համար կարելի է մշակույթի ոլորտն ազատել հարկային նման բեռից եւ եղած սուղ միջոցներն օգտագործել երիտասարդության մշակութային դաստիարակության համար։
ՀՌԱԿ-ը միշտ էլ զորավիգ է եղել եւ զորավիգ կլինի իրեն ծնող ժողովրդի մտավոր եւ հոգեւոր կարողության, մեր ժողովրդի մշակույթի, կրթության եւ գիտության բարգավաճման գործին։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդն օժտված է հսկայական մտավոր ներուժով եւ ի վիճակի է ստեղծելու համաշխարհայինին համապատասխանող մտավոր եւ հոգեւոր նորանոր արժեքներ։