Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանի երեկվա այցելությունը Շիրակի մարզՙ 3 նոր ակումբների ստեղծման, արդեն մի քանի գործող ակումբների համալրման առիթով էր։ Հոռոմ գյուղում այսուհետեւ կգործի «Սասուն» ակումբը (ատենապետՙ Գեւորգ Ավդալյան), Արթիկ քաղաքում արդեն գործողներին ավելացան «Քոչարը» (ատենապետՙ Մանվել Քոչարյան) եւ «Դվինը» (ատենապետՙ Վիկտորյա Օհանյան)։ Ընդհանուր թվով 125 մարդ երեկ ավանդական կուսակցությանն անդամագրվեցին։
Ողջունելով ՀՌԱԿ-ին հարելու նորագիրների որոշումը, կուսակցության Արթիկի շրջանակի ատենապետ, «Արթիկտուֆ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մերուժան Պետոյանը նշեց, որ վերջին տարում իր ղեկավարած կառույցը շոշափելի ընդլայնվել է, շատ են քաղաքում մարդիկ, ովքեր ավանդական կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնում։ Միեւնույն ժամանակ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամը փաստեց, որ համալրումը միայն քանակական չէ, այլեւՙ որակական, կուսակցությանն անդամագրվել են քաղաքի մտավորականության, գործարար շրջանակի ներկայացուցիչները։
Մեսրոպ Հարությունյանն անդրադարձավ կուսակցության պատմությանըՙ նշելով, որ ռամկավարների պատմությունը միահյուսված է մեր ժողովրդի պատմությանը, սերտորեն կապված նրա հերոսական անցյալի հետ։ Նա բերեց կուսակցության գործունեության խորհրդային ժամանակաշրջանից մի քանի օրինակՙ մատնացույց անելով, որ ռամկավարների գերագույն նպատակը, նույնիսկ Խորհրդային Հայաստանի տարիներին, ժողովրդին օգտակար լինելն է եղել։
Այսօր էլ հնագույն կուսակցությունը նույն նպատակն է հետապնդում եւ երկրի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագիր առաջարկում, որն արդեն գործնական փուլ է թեւակոխել։ Բանախոսը նշեց նաեւ, որ կուսակցությունն իր խոստումների մեջ միշտ իրատես է եղել եւ երբեք չի խոստացել այն, ինչ անհնար է իրականացնել։ «ԱԺ-ում լինենքՙ թոշակները 10 անգամ կբարձրացնենք», Մեսրոպ Հարությունյանը խորհուրդ է տալիս չհավատալ նման խոստման, որն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի բյուջեն գրեթե ամբողջությամբ։
Իսկ ՀՌԱԿ-ը Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցելով առաջիկա տարիներին մի քանի տասնյակ միլիոն արժողությամբ զարգացման ծրագրեր կիրականացնի։ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամը համոզմունք հայտնեց, որ ծրագրերը փառքով իրենց ավարտին կհասնեն։
Ե՛վ Մեսրոպ Հարությունյանը, ե՛ւ Մերուժան Պետոյանը կարեւորեցին յուրաքանչյուր կուսակցականի աշխատանքն այս օրերինՙ այն համարելով առաջիկա ընտրություններին կուսակցության հաջողության լավագույն գրավական։
Մ. Հ.