«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ՀՌԱԿ ՄԵԾԱՄՈՐԻ ԿԱՌՈՒՅՑՆ ԸՆԴՈՒՆԵՑ 13 ՆՈՐԱԳԻՐՆԵՐԻ

Ռամկավարները կողմ են աստիճանական զարգացումների

Ռամկավար Ազատական կուսակցությունը հանրապետության քիչ թե շատ մեծ բնակավայրերում սփռված շտաբներ ունի։ Աստիճանաբար թափ հավաքող նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության կառույցները շարունակում են համալրել նրա համակիրները։ Երեկ ՀՌԱԿ Մեծամորի ակումբն ընդունեց 13 նորագիրների։ Նրանք տարբեր մասնագիտությունների (էներգետիկներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ) ու կոչման մարդիկ են, որոնց ավանդական այս կուսակցություն է բերել, իրենց հավաստմամբ, նրա վստահություն ներշնչող վարկանիշն ու անբիծ մնացած կենսագրությունը։

Կուսակցության անցած ուղուն ու առաջիկա անելիքներին նորագիրներին ծանոթացրեց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Նա ընդգծեց, որ սփյուռքի տնտեսական ներուժը Հայաստանին ծառայեցնելու իրենց առաքելությունն ընդամենը վերջերս նոր, ուշագրավ համագործակցությամբ է հարստացել։ Ռամկավարների հետ «ընկերացել» է Ռուսաստանի հայերի միությունը, որի նախագահ Արա Աբրահամյանը ներդրումային խոստումնալից ծրագրեր է առաջարկում, օրինակՙ գյուղատնտեսության ոլորտում, փոքր ու միջին բիզնեսի զարգացման մեջ։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են ռամկավարներն ուզում վերադառնալ Ազգային ժողով։ Փոխատենապետը հավաստում է, որ տնտեսական մեծ ու փոքր պլանների համատեքստում ԱԺ վերադարձն, այնուամենայնիվ, ցանկալի, բայց վճռորոշ գործոն չէ։ Անկախ ընտրությունների արդյունքներից, ռամկավարներն իրականացնելու են իրենց անելիքը։ Խնդիրն այլ հարթությունում է։ Նախ բազում մեծ ու փոքր չինովնիկների տիրապետության պայմաններում քաղաքական պաշտպանվածություն ձեռք բերելը խիստ կարեւոր է դարձել։ Եվ բացի այդ, ավանդական կուսակցությունը նաեւ օրինաստեղծ դաշտի գործողությունների հստակեցման ու կարգաբերման խնդիր ունի։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ հաճախ անկատար օրենքով աշխատելը վնասաբեր է տնտեսվարողի համար եւ շահավետ է դառնում օրենքը շրջանցելը։ Ուրեմն, պետք է ստեղծել տնտեսական այնպիսի իրականություն, որ շահավետ դառնա օրենքով աշխատելը։

Հետո կայացավ նորագիրների ընդունելության արարողությունը, որ 118 տարի անփոփոխ փոխանցվում է սերնդեսերունդ։ Նորընծա ռամկավարները երդվեցին «խղճով ու պատվով նվիրվել հայրենիքի սուրբ դատին»։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4