Երեկ Թեքեյան կենտրոնում Ազատամարտի վետերանների միություն կուսակցությունը հրավիրել էր իր ակտիվի հավաքՙ կապված Ազգային ժողովի ընտրություններում իրենց հետագա անելիքների եւ դիրքորոշման հետ։ Միության նախագահ Համլետ Հովսեփյանը բացելով հավաքը, նախՙ ողջունեց միության հանրապետական խորհրդի, վարչության եւ ՀՌԱԿ ներկայացուցիչներին, ապա անդրադառնալով հիմնական նպատակին, ներկայացրեց, որ միության հանրապետական խորհրդի օրեր առաջ կայացած նիստում խորհուրդը քննարկել է առաջիկա ընտրություններում իր դիրքորոշման հարցերը եւ որոշել, որ ԱԺ ընտրություններում հանդես է գալու Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հետ։
Ըստ Համլետ Հովսեփյանի, իրենց միության, ՀՌԱԿ-ի ու Ռուսաստանի հայերի միության ծրագրերի մեջ էական տարբերություններ չկան, եւ որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն, աշխատելու են անել հնարավորը։ Ռամկավար Ազատական կուսակցության հետ համագործակցելու որոշումը պրն Հովսեփյանը պատճառաբանեց նրանով, որ, իրենց գնահատմամբ, ՀՌԱԿ-ն իր անցած ուղիով ապացուցել է ժողովրդի համար լինելը եւ պատմության ընթացքում տարբեր հարցերի լուծման առումով մեծ ներդրում ունի։
Ազատամարտի վետերանների միության փոխնախագահ Հակոբ Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ իրենց կուսակցությունն ունի կայուն ընտրազանգված, ունի հեղինակություն եւ պատասխանատվությամբ է մոտենում խորհրդարանական ընտրություններին։ Պրն Գրիգորյանը ողջունեց ՀՌԱԿ-ի ու Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններում այս երեքի միությունը հաջողություն կունենա։
Ելույթ ունեցավ նաեւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Նա նշեց, որ ՀՌԱԿ-ը գնում է ընտրությունների հստակ եւ որոշակի խնդրովՙ ստեղծել նոր արտադրական հարաբերություններ եւ ժողովրդին ապահովել աշխատատեղերով։ Ըստ պրն Միրզախանյանի, նախընտրական այս օրերին նման թեմաներով կխոսեն շատերը, ե՛ւ նրանք, ովքեր 4 տարի առաջ էլ են խոսել, ե՛ւ նրանք, ովքեր գոյություն չեն էլ ունեցել 4 տարի առաջ։ Չկասկածելով, որ նման ելույթներ ունեցողները ցանկություն ունեն լուծելու սոցիալ-տնտեսական հարցեր, Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ շատ ավելի կարեւոր հարց էՙ կարո՞ղ են արդյոք։ ՀՌԱԿ-ը, ըստ ատենապետի, կարող էՙ կուսակցության խողովակներով Հայաստանում Ռուսաստանի հայերի միության ծավալուն ծրագրեր իրականացնելու շնորհիվ։
Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց արդեն առկա ներդրումային ծրագրերը, գյուղատնտեսության, սոցիալական, կրթական ոլորտներում։ Մասնավորապես պրն Միրզախանյանը հիշատակեց Հայաստանում հաշմանդամների համար հատուկ սարքերի արտադրություն կազմակերպելու ծրագիրն այն կտրվածքով, որ կապահովվեն որոշ աշխատատեղեր, հնարավորություն կստեղծվի հաշմանդամների համար նման սարքերը ձեռք բերել ոչ թե մի քանի անգամ թանկ գնով, այլ մատչելի, եւ կապահովվեն արտադրության այնպիսի մասշտաբներ, որպեսզի կազմակերպվի արտահանում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն։
Իր ելույթում ՀՌԱԿ ատենապետն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի հետ լուրջ տնտեսական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությանը։
Խոսվեց նաեւ արդեն նախընտրական կուսակցական գործունեության մասին, մասնավորապես որ Հայաստանի տարբեր մարզերում արդեն գործում են մոտ 100 նախընտրական շտաբներ, որոնց հետ Ազատամարտի վետերանների միության ներկայացուցիչները, անդամները կարող են աշխատել։
Եզրափակելով իր խոսքը, Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ իրենք մասնակցելու են ընտրություններին որոշակի ու լուրջ ցուցանիշներով եւ աշխատելու են, որպեսզի հայ կուսակցություններից հնագույնը վերադառնա խորհրդարանՙ իրավունքով եւ պարտականությամբ։
Ա. Հ.