Վերջ տալ թաքցնելու քաղաքականությանը
Ապրիլի 15-ին 10 երկրների 13 լաբորատորիաներում կատարված հետազոտությունները, ինչպես արդեն հաղորդել ենք, բացահայտել են, որ նորագույն խիստ վտանգավոր գրիպիՙ սուր շնչառական թոքաբորբի (SARS) հարուցիչը կորոնավիրուսն է։
Լրագրող Գուին Դայերը, որի «Գրիպի նոր տարատեսակ Հոնկոնգում» մեր թերթի մարտի 7-ի համարում տպագրված հոդվածը առաջին ահազանգն էր հայաստանյան մամուլում, ստորեւ թարգմանաբար ներկայացվող նոր մանրամասներով դարձյալ անդրադառնում է այդ մահացու համաճարակին եւ դատապարտում Չինաստանին սկզբից եւեթ լրատվությունը թաքցնելու փորձեր անելու համար։
«Այժմ մենք կարող ենք հիվանդին մեկուսացնելու մեթոդից անցնել միջամտական արդի մարտավարությունների, որոնց թվում են յուրահատուկ բուժումներն ու պատվաստումները», նշել է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տարափոխիկ հիվանդությունների ծրագրերի գործադիր տնօրեն Դեյվիդ Հեյմանը, գրում է Դայերը։ Սակայն Կանադայում, որտեղ Ասիայից դուրս հիվանդության ամենաշատ դեպքերն են գրանցվել, հայտարարությունները առավել զգուշավոր են։ «Չինաստանում խնդիրը անվերահսկելի է դարձել։ Վիրուսը չի անհետանում, հայտնել է Տորոնտոյի «Մաունթ Սինայ» հիվանդանոցի գլխավոր միկրոկենսաբան Դոնալդ Լոուն։ Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, լուր է տարածվել Տորոնտոյում, որ կրոնական մի խմբավորման մոտ 500 անդամներ, որոնք հնարավոր վիրուսակիրներ են, շարժվել են քաղաքով մեկՙ ստեղծելով ռիսկի մեծ գոտի տեղական համայնքում։
Ինչպես արդեն նշվել է, SARS-ի վիրուսը առավել մահացու է, քան 1918-ին առաջացած «իսպանական գրիպը», որով վարակվեց աշխարհի բնակչության 20-40 տոկոսը եւ որը չորս ամսվա ընթացքում խլեց 20 մլն մարդու կյանք։ SARS-ը իսպանականի 2,5 տոկոսի փոխարեն սպանում է իր զոհերի չորս տոկոսին։ Տարածման արագության տեսակետից եթե իսպանականը տասնյակ հազարավորների կյանք խլեց առաջին մի քանի շաբաթվա ընթացքում եւ զոհերի թվում մեծահասակների կողքին հավասարապես երիտասարդներ էին նաեւ, ապա SARS-ը երեք ամսվա ընթացքում մոտ 200 մարդու է սպանել, բայց մեծամասնությունը 65 տարեկանից բարձր։
Ճիշտ է, այժմ աշխարհը շատ ավելի արագ կարող է արձագանքել նոր հիվանդություններին եւ գտնել նոր պատվաստումներ, քան 1918-ին, սակայն չմոռանանք, որ նոր հիվանդություններն էլ, իրենց հերթին, շատ ավելի արագ կարող են «ճանապարհորդել» աշխարհով մեկ։ Քանի որ նման վիրուսները մուտացիայի միջոցով կարող են տարբեր բնույթ ստանալ, ներկա իրավիճակից մեր ստացած դասը պետք է լինի նման փաստերը չթաքցնել հասարակությունից։
Չինաստանի հարավային մասը, որտեղ գյուղացիների մեծ մասն ապրում է անասունների հետ նույն հարկի տակ, նոր վիրուսների առաջացման գլխավոր աղբյուր է։ SARS-ի վիրուսն այդ տարածքի Գուանգդոնգ գավառում առաջին անգամ հայտնվել է անցյալ տարվա նոյեմբերի կեսերին, սակայն Չինաստանի կառավարությունը թաքցրել է։ Միայն փետրվարի կեսերին է լուրը երեւան եկել, երբ Մերիլենդից (ԱՄՆ) «Առողջապահության միջազգային խորհրդատուներ» ինկորպորացիայի նախագահ Սթիվն Կանիոնը, որը Չինաստանում է գտնվում արդիական լաբորատորիաներ տեղակայելու նպատակով, արձագանքելով տեղական ասեկոսեներին, հետաքրքրվել է եւ հայտնաբերել վարակիչ հիվանդությունը։ Բայց մինչ այդ 305 հոգի արդեն վարակված են եղել եւ 5-ը մահացած։
«Եթե մենք ժամանակին իմանայինք, ավելի արագ կկարողանայինք միջոցներ ձեռնարկել», ասել է Կանիոնը։ Թաքցնելու քաղաքականությունը դեռեւս շարունակվում է։ Բայց դրան անհրաժեշտ է վերջ տալ։ Ոչ մի նկատառում այդ հարցում հարգելի չի կարող համարվել, քանի որ ամբողջ աշխարհն է վտանգվում։ Չինաստանի կառավարությանը պետք է պարտադրել նման դեպքերում իրազեկ պահել աշխարհին. ինչքան շուտՙ այնքան լավ։