«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ՄՐՑԱԳՈՐԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՎԵՑ ՀԱՅ ԸՄԲԻՇ

Մայիսի 2¬5-ը Ռիգայում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Թեեւ ուժերի այդ ստուգատեսում չեն խաղարկվելու Աթենքի օլիմպիադայի ուղեգրերը, սակայն առաջնությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Սպասվում է համառ մրցապայքար Եվրոպայի առաջնության պարգեւների համար։ Մասնագետների հավաստմամբ, մեր ըմբիշները լրջորեն են նախապատրաստվել առաջիկա մրցաշարին։ Երեւանում եւ Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքները հնարավորություն էին տվել ըմբիշներին բարելավելու ֆիզիկական պատրաստությունը, հղկելու մենամարտելու տեխնիկան։ Հավաքների եւ մրցումների արդյունքների հիման վրա կազմավորվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը, որը նախապատրաստվում է առաջիկա մրցաշարին։ Ուրախությամբ պետք է նշել, որ մի քանի տարվա ընդմիջումից հետո կրկին Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի եռակի չեմպիոն Արա Գեւորգյանը, որը վերջին տարիներին հանդես էր գալիս Գերմանիայում։ Արան անկախացումից հետո մեր հանրապետության առաջին ազատ ոճային ըմբիշն էր, որին հաջողվեց արժանանալ աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Ժամանակին նա ճանաչվել է նաեւ հանրապետության լավագույն մարզիկ։ Արան պատրաստվում է մասնակցել մինչեւ 74 կգ քաշային ըմբիշների մրցավեճին։

Անցյալ տարի Իրանում կայացած աշխարհի առաջնությունում Արա Գեւորգյանի ցուցանիշը կրկնեց Արամ Մարգարյանը։ Ճիշտ է, նա եզրափակիչում պարտվել էր թուրք ըմբիշին, սակայն հետագայում վերջինիս դոպինգ-ստուգումը դրական արդյունք էր տվել, ուստի ոսկե մեդալը հանձնվեց Արամ Մարգարյանին։ Արամը լի է վճռականությամբ նվաճելու նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նա մասնակցելու է մինչեւ 60 կգ քաշային ըմբիշների գոտեմարտերին։ Ռիգայում մրցագորգ դուրս կգան նաեւ միջազգային մրցաշարերի մրցանակակիր Մարտին Բերբերյանը (55 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Մախմուդ Աղաեւը (85 կգ) եւ գերծանր քաշային Կարեն Ղումաշյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4