«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ՄԵԾ ԲԼԵՖ «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԾՐԱԳԻՐ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

Երբ հրապարակվեց Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագիրը, նախնական տպավորությունն այնպիսին էր, որ ի տարբերություն 2001¬2003 թթ. համար ստեղծված Աղքատության հաղթահարման միջանկյալ ծրագրի, ավելի իրատեսական է եւ նպատակային։ Դժբախտաբար, առավել հանգամանորեն ծանոթանալուց հետո տեսնում ենք, որ ամփոփ ծրագիրը եւս, եթե շատ մեղմ արտահայտվենք, պղպջակ է, որն առանց փչելու կպայթի։ Դրա առաջին օրինակի մասին արդեն գրել ենք։

Նպատակային ցուցանիշները չեն կատարվում

Խոսքը ծրագրում նշված ուսուցիչների միջին աշխատավարձի եւ իրական աշխատավարձի անհամապատասխանության մասին էր։ Պարզապես հիշեցնենք։ 2003 թ., այսինքնՙ ընթացիկ տարում, ելնելով ուսուցիչների ընդհանուր թվի եւ պետբյուջեով նրանց աշխատավարձերի համար հատկացված գումարի հարաբերակցությունից, միջին աշխատավարձը կազմել է 15800 դրամ։ Ամփոփ ծրագրում այս տարվա համար նպատակային ցուցանիշը նշված է 25 հազար դրամ։ Տարբերությունն ակնհայտ է, եւ տարրական թվաբանություն իմացողները դա կնկատեն։

Հուսանք, որ այդպիսիք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում եւ կառավարությունում կգտնվեն, որոնք չեն փորձի հերքել ակնհայտ իրողությունները։ եվ սա 2003 թ. չկատարված միակ նպատակային ցուցանիշը չէ։

Որ կառավարությունը ծրագրով նախանշած ցուցանիշները չի կարողանում ապահովել, արդեն իսկ խոսում է նման ծրագրի «արդյունավետության» մասին։ Սակայն հիմնական խնդիրն այլ է։ Եթե անգամ ծրագրի վերջնական նպատակային ցուցանիշները 2010 թ. կատարվեին, դա արդյոք կնշանակե՞ր, որ աղքատությունը հաղթահարված է։ Վստահաբար կարող ենք պնդել, որ եթե որեւէ պաշտոնյա դրական պատասխանի այս հարցին, ապա նա ստում է։ Հիմնավորենք ասվածը։

Ինչպե՞ս է «հաղթահարվելու» աղքատությունը

Անդրադառնալով եկամուտների անհավասարաչափ բաշխման ցուցիչ Ջինի գործակցի փոփոխության եւ աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշներին, դարձյալ մեր նախորդ հրապարակումներից մեկում դա տարօրինակ համարեցինք։ Դարձյալ հիշեցնենք հայտնաբերված անհամապատասխանությունը։ 2010 թ. ծրագիրը նախատեսում է ամբողջությամբ վերացնել ներկայումս 51 տոկոս կազմող աղքատությունը (այդ թվումՙ 16 տոկոս շատ աղքատները), մինչդեռ Ջինի գործակիցը նույն թվականին պետք է նվազեր ընդամենը 0,05-ովՙ ներկայիս 0,53-ի փոխարեն դառնալով 0,48։ Համեմատության համար նշենք, որ 1993¬94 թթ. Ջինի գործակիցը Ռուսաստանում 0,41 էր, Էստոնիայումՙ 0,40, Լիտվայումՙ 0,34, Բելառուսումՙ 0,22 (տվյալները հիշատակված են ամփոփ ծրագրում)։ Սա նշանակում է, որ ծրագիրը ոչ թե միտված է սոցիալական բեւեռացումն էապես մեղմացնելուն, արտոնյալ դիրքում գտնվող գործարարության ոլորտները եւ դրանք տնօրինող օլիգարխներին հարկման դաշտ բերելուն ու այդպիսով եկամուտների բաշխման անհավասարաչափությունը նվազեցնելուն, այլ ընդամենն այդ 51 տոկոս կազմող աղքատների կացությունը փոքր-ինչ բարելավելուն, այն էլ արտաքին աղբյուրներից ակնկալվող բազմամիլիոն (նշվում է 1,2 մլրդ դոլար թիվը) վարկերի միջոցով։

Եվ քանի որ վերոնշյալի վերաբերյալ որեւէ պաշտոնական պարզաբանում չստացվեց, իսկ ծրագիրն էլ, ըստ էության, ոչինչ չի ասում, թե ինչ է նշանակում վերացնել աղքատությունը, ստիպված դիմեցինք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչություն։

Մինչ այդ նշենք, որ ծրագրի նպատակադրումների բաժնում նախատեսված է «մինչեւ 2006 թ. վերացնել ծայրահեղ, այսինքնՙ սննդի աղքատությունը, մինչեւ 2008 թ.ՙ փաստացի սպառողական զամբյուղով հաշվարկված աղքատությունը, մինչեւ 2010 թ. նվազագույն սպառողական զամբյուղի (2400 կկալ) մեծությունը հասանելի դարձնել բնակչության 51,8 տոկոսի համար»։ Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի հարցերի վարչության պետ Սերգեյ Բալասանյանից տեղեկացանք, թե ի՞նչ է նշանակում վերոշարադրյալը։ Պարզվեց, որ ամփոփ ծրագրում աղքատության սահմանագիծ է համարվել մեկ շնչին ընկնող օրական 0,7 դոլարը կամ մոտ 400 դրամը։ Դրա համար հիմք է ընդունվել միջազգային չափանիշներով սահմանված աղքատության սահմանագիծը, որը կազմում է մեկ շնչին օրական 1 դոլար եկամուտ։ Այսինքնՙ որպես նվազագույն սպառողական զամբյուղ մեկ անձի համար սահմանվել է 12 հազար դրամը (ամսական)։ «Ինչո՞ւ է հիմք ընդունվել այս, այլ ոչ թե առողջապահության նախարարության սահմանած 26 հազար դրամ սպառողական զամբյուղը» հարցին պրն Բալասանյանը փաստորեն չկարողացավ հիմնավոր պատասխան տալ, դարձյալ վկայակոչելով միջազգայնորեն սահմանված սահմանագիծը։

Ժամանակն է ծրագիրը հանել շրջանառությունից

Այսպիսով, ի՞նչ է ստացվում։ Աղքատություն հաղթահարելը Հայաստանի կառավարության պատկերացմամբ այն է, որ 2010 թ. 4 հոգանոց ընտանիքի ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն 48 հազար դրամ։ Թող թույլ տրվի ասել, սա ոչ թե աղքատության հաղթահարում է, այլ ծաղրուծանակ։ Կառաջարկեինք ամփոփ ծրագրի հեղինակներից կամ կառավարության անդամներից որեւէ մեկին ապրել այս եկամուտով գոնե մի քանի ամիս, որից հետո պատկերացումներն էլ, միջազգայնորեն ընդունված սահմանագիծն էլ այլ կլինեին։ Ամենամեծ զավեշտն այն է, որ այդ «բնագիծը» կառավարությունը նպատակադրվել է հաղթահարել 7 տարի հետո, երբ երկրի բնականոն զարգացումն արդեն իսկ կբերի գոնե այս կոսմետիկ փոփոխության։ Հետեւաբար հարց է առաջանումՙ իսկ ի՞նչ իմաստ ունի այդ իբր թե արդյունքին հասնելու համար եւս 1 մլրդ դոլար մուրալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից։ Սակայն այդ հարցը միամիտ է հնչում միայն շարքային մահկանացուների համար, իսկ իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, թե ինչպես են «իրացվում» այդ գումարները, որի համար միշտ էլ հիմնավորումներ գտնվում են։ Այս ամենը նկատի ունենալով, կարող ենք եզրակացնել, որ Աղքատության հաղթահարման ամփոփ ծրագիրը մեծ բլեֆ է, որի նպատակը ոչ թե աղքատության իրական վերացումն է, այլ դրսից ակնկալվող խոշոր վարկերի ստացումը։ Իսկ դա նշանակում է, որ ծրագիրը ոչ միայն անարդյունավետ է, այլեւ վնասակար, որ չնայած ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարիՙ միայն իրեն հայտնի լավատեսությանն ամփոփ ծրագրի նկատմամբ, ժամանակն է այն ընդհանրապես հանել շրջանառությունից։ Աղքատության խնդրի լուծման համար ոչ թե «ամփոփ» կամ «միջանկյալ» ծրագրեր են անհրաժեշտ, այլ երկրի վերին ղեկավարության քաղաքական կամքը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4