«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


«ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՓՈՐՁՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՄԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ»

Ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը

«Ես այստեղ եմ, ոչ մի տեղ չեմ փախել եւ դեռեւս 2 տարվա պաշտոնավարման ժամկետ ունեմ», երեկ հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով իր հասցեին տարածված լուրերի վերաբերյալ հարցին, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Իսկ ասուլիսի հրավիրման հիմնական պատճառն այս ամսվա ընթացքում ԿԲ նախագահի Բրազիլիա կատարած այցելությունն էր։

Ինչո՞ւ Բրազիլիա։ Այս հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց հետեւյալ կերպՙ այս երկրի ֆինանսական համակարգը համարվում է լավագույնը տարածաշրջանում եւ դիմացել է բոլոր, այդ թվում վերջինՙ արգենտինական ճգնաժամերին։ Բացի դրանից, այս երկրի տնտեսությունը որոշակի նմանություններ ունի Հայաստանի տնտեսության հետ։ Բրազիլիայի Կենտրոնական բանկը լայն բարեփոխումներ է իրականացնում այստեղ վերջին 8 տարվա ընթացքումՙ ֆինանսների նախարարության ենթակայությունից դուրս գալուց հետո։ Բրազիլիան նույնպես ունի ստվերային տնտեսության մեծ չափերՙ 25¬30 տոկոս, հասարակության սոցիալական բեւեռացումը մեծ է, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը լուրջ ուշադրություն է դարձվում։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է խոշորագույնՙ «Բրադեսկո» բանկի, ինչպես նաեւ «HSBC բանկ-Բրազիլիայի», «Սիթի բանկի», «Սոֆիզա» բանկի, բորսայի, «Վովեստա» քլիրինգային հաստատության նախագահների հետ։ Տիգրան Սարգսյանը Սան Պաուլոյում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրա հավաստմամբ, հայկական համայնքն այստեղ փոքրաթիվ էՙ 25 հազար, բայց ապրում է բուռն համայնքային կյանքով, գործում են ավանդական երեք կուսակցությունները, Հայ առաքելական եկեղեցին, կան դպրոցներ, մանկապարտեզներ, շատ են մեծահարուստները։

Կոնկրետ պայմանավորվածություններից նշվեց հրավիրող բանկիՙ «Սոֆիզայի» կողմից Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցների վերապատրաստման համար տրված 10 թոշակները, ինչպես նաեւ «Վովեստա» քլիրինգային հաստատությանՙ մեր մասնագետներին վերապատրաստելու համանման խոստումը, առանձին բիզնես-ծրագրեր, որոնց արդյունքները (դրական կամ բացասական) կերեւան առաջիկա 1¬2 ամսվա ընթացքում։ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, բրազիլական շուկան շատ հրապուրիչ է, եւ եթե հայկական ընկերություններից որեւէ մեկն իր տեղն ունենա այստեղ, ապա դա ահռելի նշանակություն կունենա։ Սակայն առանց պետական աջակցության մարկետինգ իրականացնելը նման մեծ շուկայում անհնար է։ Այստեղ ներկայանալու համար հայկական ընկերություններին կարող է աջակցել նաեւ Բրազիլիայի հայ համայնքը։

Բրազիլիայի ֆինանսաբանկային համակարգի մասին ՀՀ ԿԲ նախագահն այն կարծիքը հայտնեց, որ մեր բանկային համակարգի, մասնավորապես արժութային կարգավորման հարցում չափազանց օգտակար փորձ կա այստեղ։ Բրազիլիայում այսպես կոչված դոլարացման երեւույթը չկա, ինչը չես ասի Հայաստանի մասին, որտեղ դրամով ավանդները 3¬4 անգամ պակաս են դոլարով ավանդներից։ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մեր օրենսդրությունը պետք է փոխվի արժութային կարգավորման հարցում։

Դեպոզիտների (ավանդների) ապահովագրման թեմային անդրադառնալով, ԿԲ նախագահը դարձյալ վկայակոչեց Բրազիլիայի օրինակը, որտեղ Կենտրոնական բանկի կոշտ քաղաքականության շնորհիվ այս հարցը հաջողությամբ է լուծվում։ Հայաստանում բանակցությունները բանկերի հետ դեպոզիտների ապահովագրման հիմնադրամին վճարումների չափի եւ սխեմաների շուրջ դեռեւս շարունակվում են։ Չնայած նախատեսված է հունիսին ստեղծել այդ հիմնադրամը, սակայն կոմիսիոն վճարումների շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Դա կախված կլինի նաեւ գերմանական 3,5 մլն եվրո օժանդակության հատկացումից։ Ընդհանուր միտումը կոմիսիոն վճարների չափի 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի եռապատիկն է։ Օրինակՙ ԱՄՆ-ում դա 100 հազար դոլար է, Բրազիլիայումՙ 10 հազար դոլար եւ այլն։

Վերջում Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ Հայաստանի ֆինանսական կայունությանը ոչինչ չի սպառնում։ Իսկ բանկերի եկամտաբերությունն այս տարվա առաջին եռամսյակում, չնայած դեռեւս ամփոփ տվյալներ չկան, աճել է։ Դրան նպաստել է նաեւ անցյալ տարի շուրջ 10 հիվանդ բանկերը համակարգից դուրս բերելը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4