«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԶՈՀՎԱԾ 3 ՀԱՅԵՐԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆՏԱՆԻՔԻՑ ԵՆ

Օրերս լուր էր տարածվել, որ Իրաքում պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել են նաեւ 3 հայեր։ «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 19-ի համարում լրագրող Դեքստեր Ֆիլկինսի թղթակցությունից պարզվում է, որ զոհված հայերը միեւնույն ընտանիքից ենՙ Հակոբ, Նիկոլա եւ Էդմոնդ Խաչատուրյանները։ Դեպքը պատահել է ամերիկյան զորքի Բաղդադ մտնելու առաջին օրերին, ապրիլի 10-ին։ Խաչատուրյանների 9 հոգանոց ընտանիքը, տեսնելով, որ իրենց թաղամասն օդուժի թիրախ է դառնում, իրենց 3 ավտոմեքենաներով փորձում է փախուստ տալ դեպի ավելի ապահով վայր։ Ճանապարհին անցնում են Բալադայաթ փողոցով, որտեղ այդ պահին սաստիկ կռիվ էր գնում ամերիկացիների եւ իրաքցիների միջեւ։ Ամերիկացի զինվորներից մեկն առջեւից ընթացող «Մերսեդեսին», որը վարում էր ընտանիքի հայրըՙ Հակոբը, հրամայում է կանգնել կամ հետ վերադառնալ։ Ընդհանուր իրարանցման մեջ առաջին մեքենան կանգ չի առնում, նրան հետեւում է 2-րդ «Մերսեդեսը» եւ «Նիսան» ավտոմեքենան, որոնց վարորդները Հակոբի 2 տղաներն էին։ Ամերիկացիների դիմահար կրակով սպանվում են երեքն էլ, վիրավորվում են ընտանիքի 2 կանայքՙ Մարգարիտը եւ Նորան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4