«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2003-04-29 | #81, 2003-04-30 | #82, 2003-05-01


«ՊՐՆ ԽԱՐԱԶԻԻ ԱՅՑԸ ԽԹԱՆ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԱԽԱԳԱՀ ԽԱԹԱՄԻԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԼԻՆԵԼՈՒ»

Ընդգծում է ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 29-ին պաշտոնական այցով Երեւան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազին։ Ապրիլի 30-ին պրն Խարազիին ընդունեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա նա հանդիպեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։

Նույն օրն ԱԳՆ-ում տեղի ունեցավ երկու բարեկամ երկրների արտգործնախարարների համատեղ ասուլիսը, որին, բացի հայ լրագրողներից, մասնակցում էին նաեւ իրանցի լրագրողներ։ Եթե հայ լրագրողներին հետաքրքրում էին հայ-իրանական երկկողմ հարաբերությունների խնդիրները, ապա իրանցի լրագրողներն իրենց ուշադրությունը բեւեռեցին տարածաշրջանի երկրներիՙ մասնավորապես Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։ Թերեւս դա կարելի է պայմանավորել Իրանի անդրկովկասյան քաղաքականության ակտիվացմամբ, որի դրսեւորումը պրն Խարազիի տարածաշրջանային այցն է։

Հատկանշական է, որ պրն Խարազիի այցը կատարվում է հակաիրաքյան պատերազմի ավարտին, երբ ԱՄՆ-ը, թուրք-սիրիական հնարավոր մերձեցման առնչությամբ մտավախություն արտահայտելիս, Սիրիայի հետ սպառնալիքի է ենթարկում նաեւ Իրանը։ Այդ առումով պրն Խարազիի այցը որպես Անդրկովկասում Իրանի քաղաքական ակտիվության դրսեւորում կարելի է համարել ամերիկյան սպառնալիքների պատասխան։

Մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը ողջունեց պատվավոր հյուրին, ընդգծելով Իրանի հետ հարաբերությունների մեծ նշանակությունը Հայաստանի համար, ապա անդրադարձավ ԻԻՀ արտգործնախարար Խարազիի հետ հանդիպմանը։ Օսկանյանն ասաց, որ պրն Խարազիի հետ քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող տնտեսական եւ քաղաքական բոլոր խնդիրները, ապա եւ ավելացրեց. «Մեր առջեւ լուրջ ծրագրեր ենք դրել, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն։ Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրները, այդ թվումՙ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»։

Վերջում արտգործնախարարը ընդգծեց. «Մենք գոհ ենք երկխոսության արդյունքներից։ Պրն Խարազիի այցը խթան է հայ-իրանական հարաբերությունների համար, նախագահ Խաթամիի այցը նոր առաջընթաց է լինելու»։

Ինչ վերաբերում է ԻԻՀ արտգործնախարար պրն Խարազիին, ապա նա ասաց, որ իր այցի գլխավոր նպատակը ԻԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստումն է։ «Հայաստանի կայունությունն, ասաց Խարազին, համահունչ է մեր շահերին եւ գտնում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ»։ Այնուհետեւ նա կարեւոր նշանակություն տվեց Անդրկովկասի կայունությանը, խաղաղությանն ու անվտանգությանը, թերեւս դրանով էլ պայմանավորեց Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան կատարած իր շրջագայությունը։

Նախագահ Խաթամիի այցի ժամկետը դեռեւս հստակեցված չէ։ Երկու երկրների արտգործնախարարներին ուղղվեցին բազում հարցեր, որոնցում գրեթե բացակայում էր սրությունը։ Դա նշանակում է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են։ Երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք սուր հարցերի պատճառ դառնան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4